Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ԱԺ-Ո՞ՒՄ

Նոյեմբեր 07,2003 00:00

ԱՋԱՓՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ԱԺ-Ո՞ՒՄ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել լուրերը, թե Աջափնյակի համայնքում իր որդու ընտրությունների վրա ծախսվել է 500-600 հազար դոլար, քանի որ բավական թանկ քարոզարշավ էր վարում՝ հեռուստատեսային գովազդներով, Երեւանի անգամ կենտրոնական փողոցներում տեղադրված վահանակներով: «Նախընտրական հիմնադրամի շրջանակում լրիվ հաշվետու ենք, ամեն ինչ կարգավորված է»,- պատասխանեց պրն Սահակյանը: Ինչ վերաբերում է Արծրուն Խաչատրյանի ծախսած ֆինանսական միջոցներին՝ «Ոստիկանությունն էլ է տեսել, երբ այդ օրը բռնություններ էին գործադրվում, եւ մարդկանց զոռով փող էին տալիս, նույնիսկ դնում անձնագրի մեջ: Այդպիսի դեպք պատահեց, ասենք, 102 դպրոցում, երբ անձնագրի մեջ փող դրած մարդը եկավ, ու ընտրեց մրցակցին: Այն, ինչ կատարվել է այդ խունտայի կողմից՝ հիմա լրիվ վերագրում են մեզ: Դա որեւէ մեկին հավատ չի ներշնչի»: Այնուամենայնիվ՝ Արծրուն Խաչատրյանի կողմնակիցները հայտարարեցին դատախազություն դիմելու մտադրության մասին, պնդելով, թե փաստեր ունեն բաժանված ընտրակաշառքի մասին: «Ինձ թվում է՝ սարսափած են, եւ վախից են այդպես հայտարարում, մտածելով, թե ես եմ դա անելու: Կոնկրետ փաստերն էլ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը: Մեր հիշեցմանը, թե փաստեր ունի նաեւ հակառակ կողմը՝ հրապարակավ ներկայացվեցին ցուցակներ բաժանված կաշառքի վերաբերյալ՝ արձագանքեց այսպես. «Հենց հիմա կարող եմ համակարգչի մոտ նստեցնել մասնագետի եւ նա կպատրաստի նմանատիպ բազմաթի՜վ ցուցակներ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդեց. «Կարող եմ անվավեր ճանաչել տալ ընտրությունները, բայց չեմ անում, քանի որ գերխնդիր չէ, որ որդիս դառնա թաղապետ»: Ինչպե՞ս էր անվավեր ճանաչել տալու, երբ ընտրատեղամասերի ստուգմամբ չհայտնաբերվեցին էական խախտումներ: «Մենք ընտրատեղամասերը բացել տվեցինք, որ պարզենք, թե ընտրախախտումների ո՛ր մեթոդն են իրագործել,- ասաց պրն Սահակյանը:- Պարզվեց, որ կիրառվել է բոլորովին նոր մեթոդ: Եթե դատական ատյանների խնդիր լինի՝ այն հեշտությամբ կարելի է բացահայտել: Բայց մենք չենք բողոքելու, քանի որ խնդիրն արդեն Աջափնյակի հարթությունից մի քիչ վերեւ է բարձրացել: Պիտի հասնեմ նրան, որ որեւէ սակավամիտ չդառնա պետական պաշտոնյա»: «Առավոտում» Արծրուն Խաչատրյանի ֆինանսական չարաշահումների վերաբերյալ տվյալների առնչությամբ Գալուստ Սահակյանն ասել էր, թե կհասնի նրան, որ գողացողը չլինի պետական իշխանության մեջ: Մեր հարցին՝ դիմելու է դատախազությո՞ւն, պատասխանեց. «Սկզբունքը որոշել եմ, իսկ ձեւը կգտնեմ առաջիկայում, թե դա դատախազությո՞ւնը կանի, դատարա՞նը, վերահսկողության ծառայությո՞ւնը, թե՞ ԱԺ-ն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել