Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները «հավատ չեն ներշնչում»

Նոյեմբեր 07,2003 00:00

Իշխանությունները «հավատ չեն ներշնչում» Հայաստանում անցկացված նախագահական, ապա եւ խորհրդարանական աննախադեպ խայտառակ ընտրություններն իշխանության ներկայացուցիչները փորձում էին բացատրել մի կողմից՝ «հայկական մենթալիտետով», մյուս կողմից՝ ժողովրդավարական ինստիտուտների անկատարությամբ: Սակայն ԵԽ-ում եւ ԵԱՀԿ-ում բոլորովին այլ կարծիքի են: «Չնայած Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված զգալի աջակցությանը, 2003 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին՝ անկողմնակալության եւ թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ պակասի պատճառով»: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի ու ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներ Վալտեր Շվիմերի եւ Յան Կուբիշի, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Նիկոլաե Դուդաուի եւ ԵԱՀԿ Գործող նախագահ Յաափ դե Հոպ Սխեֆֆերի կողմից Քիշնեւում ընդունված համատեղ հռչակագրում: Անտրամաբանական կլիներ մտածելը, թե կոնկրետ Հայաստանում նման կամք չեն դրսեւորել շարքային ընտրողները, քանզի այդպիսով կասկածի տակ պետք է դնեինք ողջ ժողովրդի հոգեկան առողջությունը: Հետեւաբար, ստիպված ենք արձանագրել, որ ըստ ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի, թափանցիկության եւ անկողմնակալության ապահովման քաղաքական կամք չեն դրսեւորել հենց իրենք՝ իշխանությունները, եւ այն էլ՝ «ակնհայտ» կերպով: Բնականաբար, Հայաստանի իշխանությունները երբեք չեն խոստովանի, որ եթե եղել է վատ մենթալիտետի խնդիր, ապա դա վերաբերում է միայն ու միայն իրենց: Եթե ինչ որ բան անկատար է եղել, ապա ժողովրդավարական ինստիտուտները՝ կայացած, թե կայացման փուլում գտնվող, այստեղ ոչ մի մեղք չունեն: Միեւնույն է, դրանից հարցի էությունն ամենեւին չի փոխվի. իշխանությունները չեն կամեցել եւ վերջ: Վերոհիշյալ հռչակագրի հեղինակները հայտարարել են Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների հապաղման եւ Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի ու Եվրամիության համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին, որոնց նպատակը կլինի Հարավային Կովկասի երեք երկրներում «վստահություն ներշնչող» ընտրությունների անցկացման ապահովումը: Ուղղակի հետեւությունն այն է, որ, մասնավորապես, Հայաստանում «վստահություն ներշնչող» ընտրություններ չեն եղել: Սա փաստ է եւ, ինչպես տեսնում ենք, այդ փաստը հստակորեն արձանագրում են նաեւ բոլոր համաեվրոպական կառույցները: Հետեւաբար, մեր իշխանությունները ստիպված են ամեն քայլափոխի, ամեն ժամ եւ ամեն վայրկյան գիտակցել, որ իրենք «վստահություն չեն ներշնչում», եւ դրա մասին հրաշալիորեն տեղեկացված է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Ոստի՝ հենց այդ մեկնակետից պետք է նրանք ելնեն՝ իրենց որեւէ քայլը, կամ գործողությունը նախաձեռնելիս: Թեեւ, անչափ դժվար է ենթադրել, թե դրանից նրանց մոտ քաղաքական կամքի ավելցուկ կառաջանա: Ինչեւէ, նշենք, որ ԵԽ եւ ԵԱՀԿ ղեկավարները հայտարարել են նաեւ, որ Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները դժվարացնում են ժողովրդավարական բարեփոխումների, տարածաշրջանային համագործակցության ու Եվրոպային հետագա ինտեգրման գործընթացները: Ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել