«Այլընտրանքի անհրաժեշտությունը չի հասունացել» Եվրոպացի դառնալու մեր հաջորդ քայլը մինչեւ Նոր տարի «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի ընդունումն է։ Արտախորհրդարանական աջ ուժերը հակված են, որպեսզի Հայաստանը ենթարկվի խաղի կանոններին։ Սակայն, անգամ այս պարագայում բացառություններն անխուսափելի են։ ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանին «դուր չի գալիս» Եվրոպային ինտեգրվելու ձեւը՝ «պարտադրանքը», նաեւ՝ «շտապողականությունը»։ Իսկ ինչ վերաբերում է բուն օրինագծին, ըստ ՀՌԱԿ համանախագահի, տարածաշրջանի երկրներում այն պետք է միաժամանակ ընդունվի. «Քանզի մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, չպետք է ստացվի այնպես, որ մարդու իրավունքների կամ կրոնական տարբեր կազմակերպություններ հարձակվեն Հայաստանի վրա՝ անտեսելով մեր ազգային ու պետական շահը»։ «Հզոր հայրենիքը» ներկայացնող Շիրակ Թորոսյանը նույնպես գտնում է, որ իբրեւ պատերազմական վիճակում գտնվող երկիր, Հայաստանին առայժմ հարմար չէ նման օրենք ունենալ եւ ըստ այդմ շարժվել, բայց քանի որ Եվրոպա ենք ուզում դառնալ՝ «ուստի պետք է մանրակրկիտ քննարկել եւ ուշադիր լինել՝ ամեն տեսակ սողանցքներից խուսափելու համար»։ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը համակարծիք է. «Պետք է անպայմանորեն տարածաշրջանում լարվածությունը հաշվի առնվի։ Կարծում եմ՝ տեղին է, որ հարավկովկասյան հանրապետությունները միասնական եզրակացության գան այս հարցի շուրջ»։ Իսկ պատասխանատվությունն, ըստ պարոն Ավագյանի, պետք է ստանձնեն խորհրդարանների խոսնակները՝ «համատեղ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով երկրների առանձնահատկությունները, նրանք պետք է ելքը գտնեն»։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալիկ Մինասյանին ամենաշատը վրդովվեցնում են «այլընտրանքային քաղաքացիական տիպի ծառայության մասին» խոսակցությունները։ «Այսօր ժողովրդի մեծամասնությունը գործազուրկ է,- ասում է պարոն Մինասյանը,- աշխատատեղեր չեն կարողանում ստեղծել, այլընտրանքային աշխատատեղերից են խոսում»։ Ազգայնական Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանն, ինչպես միշտ, ինքնատիպ է. «Դա ոչ թե անհրաժեշտություն է, այլ պարտադրանք։ Եվ արվում է հայոց հաղթական բանակը կազմալուծելու համար, որպեսզի իրենց մութ նպատակները առանց զենքի իրականացնեն։ Օտարների խուժումը դիմակայություն չի ունենա, որովհետեւ այդպիսով մեր բանակը կթուլանա, արվամոլների եւ համասեռամոլների բանակ կդառնա»։ «Հայրենիք» ճակատը ներկայացնող մեկ այլ ազգայնականի՝ Գառնիկ Մարգարյանի մոտեցումն այս հարցին նույնպես բացասական է. «Ժամանակավոր զինադադարը թույլ չի տալիս բանակի եւ ազգային անվտանգության կոնցեպտներում գլոբալ փոփոխություններ մտցնելու։ Բացի այդ, չունենք նաեւ ուժեղ տնտեսություն, որով կկարողանայինք հաղթահարել բանակի վերազինման, սոցիալական եւ բազում այլ խնդիրների լուծումը։ Ուժեղ տնտեսության պարագայում միգուցե իմաստ ունենար այլընտրանքային զինծառայության մասին խոսելը։ Իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, ինչ է՝ Եվրոպան աթոռները ձեռքներից չառնի։ Եվ ով է ասել, որ ինչ արվում է Եվրոպայում՝ մեր շահերից է բխում։ Համենայնդեպս, դա այդպես չի արվում, ինչպես արել են «դաշնակցական» կարկառուն դեմքերը, որոնք հեռու են բանակից ու բանակաշինությունից։ Ամեն ինչից զատ, դրա համար նաեւ ժամանակ է պետք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ