ՆՈՐԻ՞Ց ԳՈՐԾԱՐՔ Վանո Սիրադեղյանի դեմ Վահան Հարությունյանի տված ցուցմունքների շնորհիվ նրան մեղմ պատժաչափի դատապարտելը գործարք անվանեց հենց գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Արդյոք Արմեն Սարգսյանի պարագայում նորից առկա՞ չէ գործարք: Անգամ իշխանամետ մամուլի բնորոշմամբ՝ աննախադեպ մեղմ պատժաչափեր միջնորդեցին կիրառել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրողները: Լյովա Հարությունյանին, որը հղացել էր լրագրողի սպանության գաղափարը՝ առաջարկեցին ազատազրկել ընդամենը 1 տարով եւ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ի դեպ, այդպես էլ չհերքվեցին հրապարակված տեղեկությունները, թե նա գործակալ է՝ «Ժուչոկ» մականունով: Հովհաննես Հարությունյանի (Ապեր) եւ Գրիգոր Պետրոսյանի համար մեղադրողները պահանջեցին 7 տարվա ազատազրկում, երբ այն հոդվածի նվազագույն պատժաչափը, որով առաջարկում են մեղավոր ճանաչել նրանց՝ 8 տարի է: Այս մեղմացումը պատճառաբանեցին այն հանգամանքով, թե տվյալ մեղադրյալները բացառիկ ծառայություններ են մատուցել. «Օժանդակել են հանցագործության բացահայտմանը, աջակցել են հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն»: Այսինքն՝ գործեց նույն սխեման, որն առկա էր նաեւ Վանո Սիրադեղյանի եւ Վահան Հարությունյանի պարագայում: Իշխանության համար անհաճո գործչի դեմ հարկավոր ցուցմունքները տալու դիմաց՝ հանցագործության կազմակերպիչ լինելու համար դատապարտվածը շատ արագ հայտնվեց ազատության մեջ: Ե՛վ Վահան Հարությունյանը, ե՛ւ այդ գործով անցնող այլ անձինք 2003-ի ընտրություններում դարձան Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովներում: Արդյոք չե՞ք կասկածում, որ Արմեն Սարգսյանի դեպքում էլ նորից նման գործարքի ականատեսն ենք՝ այս հարցն էինք երեկ ուղղում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Դրական պատասխան ստացանք, բնականաբար, միայն «Արդարություն» դաշինքից, որի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Միանշանակ, այո՛, փաստորեն գործել է նույն սցենարը, մոտեցումը, ինչպես ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի, այնպես էլ Վահան Հարությունյանի նկատմամբ»: Ընդդիմության մյուս թեւի ներկայացուցչի պատասխանն անհամեմատ զուսպ էր: «Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանն ասաց. «Ես տեղեկացված չեմ այդ գործին այն չափով, որ կարողանամ գնահատել, թե որեւէ մեկի նկատմամբ պատժաչափն ինչպես է կիրառվել: Ուղղակի կարող եմ ասել, որ մեր իրավապահ մարմիններն անկախ չեն»: Մնացած քաղաքական ուժերը եւս նախընտրում էին խուսափողական պատասխանները: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց. «Սա ընդամենը մեղադրող կողմի պահանջն է: Դատարանը դեռ վճիռ չի կայացրել, ուստի չենք կարող այսօր փաստել՝ մե՞ղմ է պատիժը, թե՞ խիստ: Ես պատրաստ եմ գնահատականը տալ, երբ լինի վճիռը»: Նկատենք, որ դատավորը կարող է միայն ավելի մեղմ պատիժ սահմանել, եւ ոչ ավելի խիստ, քան միջնորդել են մեղադրողները: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշեց. «Դատարանի խնդիրն է՝ ինչ վճիռ կայացնել: Դատարանն անկախ մարմին է»: Իրո՞ք համոզված է, որ մեր դատարաններն անկախ են՝ հարցին էլ պատասխանեց. «Երբեք շփումներ չեմ ունեցել դատարանների հետ: Եթե ունենամ՝ կասեմ կարծիքս: Իսկ այս պահին ես վստահում եմ մեր դատարաններին»: Թերեւս պրն Բալասանյանն այս առումով եզակի է: Հարկ է առանձնացնել երկու պատասխաններ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նախ տեղի ունեցած գործարքի մասին մեր հարցին պատասխանեց. «Հիմք չունեմ նման եզրակացություն անելու համար: Եվ այդքան մոտիկից ծանոթ էլ չեմ գործին: Բայց չեմ կարծում, թե նման միտում լինի, քանի որ դրդապատճառը, հիմքը չկա Տիգրան Նաղդալյանի սպանության պարագայում»: Սակայն երբ նրան փոխանցեցինք այն հիմնավորումը, որն իրենց ճառում նշել էին մեղադրողները՝ նախաքննական մարմնի հետ համագործակցած, սակայն դատարանում լռած որոշ ամբաստանյալների «բացառիկ» դերի մասին՝ Լեւոն Մկրտչյանն ասաց. «Եթե այդպես է՝ իսկապես ընդունելի չէ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին թերեւս դուր չեկավ Վանո Սիրադեղյան-Արմեն Սարգսյան զուգահեռը. «Համեմատության կարիք չկա՝ տարբեր բնույթի գործառույթներ են: Ինչ վերաբերում է Տիգրան Նաղդալյանի սպանության խնդրին՝ չեմ ուզում կարծիքներ ամբողջացնել, քանի որ խիստ սուբյեկտիվ եւ զգացմունքային վերաբերմունք ունեմ այս գործի նկատմամբ: Իմ ներսում չեմ կարողանում ուժ գտնել, որ խորապես վերլուծեմ այն: Համենայն դեպս, իմ պատկերացմամբ՝ Արմեն Սարգսյանն այդպիսին չէ: Հարազատական է վերաբերմունքս նրա նկատմամբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ