«ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ» Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած օն-լայն հարցազրույցների երեկվա հյուրը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր: Այս շարքի շրջանակներում տարածաշրջանի լրագրողների հարցերին պատասխանել են Հայաստանի մի շարք պետական եւ քաղաքական գործիչներ: Եվ երբ պրն Բաղդասարյանը տրտնջաց. «Բայց ինչ դժվար է այս ձեւով աշխատելը», «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը զարմացավ. «Ինչո՞ւ, այս աշխատանքը նույնիսկ Ստեփան Դեմիրճյանին է հաճույք պատճառել»: ԱԺ նախագահին ադրբեջանցի եւ վրացի լրագրողները տարաբնույթ հարցեր էին ուղղել՝ ինչպես տարածաշրջանին առնչվող, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական վիճակին: Մեր գործընկերները բավականին տեղեկացված են ՀՀ ինչպես քաղաքական կյանքի, այնպես էլ առանձին քաղաքական գործիչների մասին: Դրա ապացույցն է, օրինակ, ադրբեջանցի լրագրող Սալմանովի բարդ ձեւակերպված հարցը, որը վերջանում էր այսպես. «Արդյոք Դո՞ւք պոպուլիստական հակումներ չունե՞ք»: Դրան ի պատասխան պրն Բաղդասարյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կոալիցիայի առջեւ դրված գլխավոր խնդիրներից է, եւ այդ խնդիրը առկա է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ մյուս հետխորհրդային երկրներում: Ադրբեջանցի լրագրողի նկատառմանը, թե ՀՀ ԱԺ-ում գործում է միայն երկու միջպառլամենտական բարեկամության խումբ՝ ՌԴ-ի եւ Վրաստանի հետ, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր ԱԺ-ում կան պառլամենտական բարեկամության խմբեր՝ թվով 40 երկրների պառլամենտների հետ: Մենք շահագրգռված ենք տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ, եւ կարծում եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո կունենանք եւս մի միջպառլամենտական բարեկամության խումբ՝ Ադրբեջանի պառլամենտի հետ»: Անդրադառնալով մեր ատոմակայանի՝ տարածաշրջանի համար էկոլոգիական վտանգ ներկայացնելու մասին հարցին, ԱԺ նախագահը նկատեց, որ քանի դեռ ստեղծված չեն այլընտրանքային էներգետիկ հզորություններ, վաղ է խոսել ՀԱԷԿ-ը փակելու մասին. «Մեր ատոմակայանի անվտանգությունը տարբեր փորձագետների գնահատականով բավականին հուսալի է»: Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին նա ասաց. «Պետք է առաջնորդվել ոչ թե իլյուզիաներով, այլ իրականությամբ: Արդեն 10 տարի է, ԼՂՀ-ն կառուցում է պետականություն, եւ հարցի ցանկացած լուծում պետք է համաձայնեցվի ԼՂ ժողովրդի դիրքորոշման հետ: Կարծում եմ շուտով կվերսկսվի բանակցային պրոցեսը»: Լրագրողների հետ «վիրտուալ» զրույցում ԱԺ խոսնակը իրավացիորեն նկատեց, որ ՀՀ-ում չկա միասնական ընդդիմություն, ավելին, ընդդիմության ներսում կա ներքին պայքար՝ ո՞վ է ավելի ընդդիմադիր: Իսկ ահա, կոալիցիայի ներսում, ըստ Ա.Բաղդասարյանի, տարաձայնություններ չկան: Ավելի ուշ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Իսկ կոալիցիայի ներսում չկա՞ այդպիսի պայքար, թե ո՞վ է ավելի իշխանամետ», ԱԺ նախագահն ասաց. «Չէ, չկա նման պայքար: Ընդդիմության մեջ եւ իշխանության մեջ տարբեր կարեւոր հարցերի շուրջ կարող են լինել քննարկումներ: Հնարավոր չի, որ կարեւոր հարցերի շուրջ մի քանի կուսակցություններ ունենան նույն տեսակետը, եւ քննարկումների արդյունքում մենք գտնում ենք կողմերի համար ընդունելի տեսակետներ»: Մեր մյուս հարցին, թե «արդյո՞ք կոալիցիայի մեջ առկա տարաձայնության նշան չէր Աջափնյակի ընտրություններում կոալիցիայի բռնած ոչ միանշանակ դիրքը», Ա.Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ հարցը կոալիցիայի ներսում չի քննարկվել, Գալուստ Սահակյանն արտահայտում է իր անձնական կարծիքը, իսկ վարչապետ Ա. Մարգարյանը, որպես Հանրապետականի նախագահ արտահայտեց իր կարծիքը: Տարաձայնություն չկար: ՀՀ-ում 1000-ից ավելի համայնքներ կան, եւ մի համայնքում կարող է կուսակցություններից մեկի ներկայացուցիչը հաղթի, մյուսը՝ պարտվի»: «Առավոտի» հարցին, թե 5-բալանոց համակարգով ինչպե՞ս կգնահատեր Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վերջին ընտրությունները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Թեեւ երեք երկրներում էլ ընտրություններն անցան խախտումներով եւ թերություններով, բայց կարծում եմ, որ մեր ընտրություններն ավելի լավ հարթության մեջ էին, ավելի բարձր մակարդակի վրա էին»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ