Ինչն է կիսում երկրագունդը Երեւանցի Մարգար Մախսուդյանն իրեն ճանաչողների «աչքից ընկել է» «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի պատճառով։ Օգոստոսի 28-ին մասնագիտությամբ ճարտարագետ Մախսուդյանը մասնակցել է խաղին, որի ընթացքում իրեն տրված «ի՞նչն է կիսում երկրագունդը երկու հավասար մասերի» հարցի պատասխանի չորս տարբերակներից ճիշտ է եղել ոչ թե մեկը, ինչպես պահանջվում է, այլ՝ երկուսը։ Այն է՝ Գրինվիչի միջօրեականն ու հասարակածը, ինչն էլ հիմնավորված ներկայացրել է խաղացողը։ Խաղավար Մարկ Սաղաթելյանն իր «զոհից» պահանջել է ընտրել պատասխաններից մեկը, ճարտարագետը ճարը կտրած, դիմել է դահլիճի օգնությանն ու արդյունքում կանգ առել «հասարակած» տարբերակի վրա, եւ Մ. Մախսուդյանը խաղից դուրս է մնացել 8-րդ քայլում։ Դրանից հետո նա դիմեց խմբագրության օգնությանը՝ ներկայացնելով նաեւ մի շարք գրքեր, դասագրքեր, ուր տեղ գտած կանոններով ապացուցվում էր իր պատասխանի ճշտությունը։ Ի դեպ, ըստ Մ. Մախսուդյանի, խաղից հետո կազմակերպիչներն ընդունել են իրենց սխալը։ Մ. Մախսուդյանը պահանջել է վերախաղարկում՝ կրկնակի խաղ իր մասնակցությամբ, բայց կազմակերպիչները ժամանակ են խնդրել, որ հարցում անեն Անգլիայում գտնվող «վերադասից»։ Ու դեռ «հարցնում են»։ Ավելին, Մ. Մախսուդյանի ասելով, «նրանք խոստացան լրատվության ձեւով հայտնել թյուրիմացության մասին, բայց դա էլ չարեցին»։ Չարեցին, եւ այդպես էլ «աջից-ձախից ինձ շարունակում են հարցնել՝ էդ հասարակ հարցն ի՞նչ էր, որ դահլիճի օգնությամբ լուծեցիր»։ Խնդրի շուրջ խաղի հայկական տարբերակի պրոդյուսեր Արտաշես Փարսադանյանն ասաց. «Մեր խմբագիրները պատասխանները կազմել են՝ հիմնվելով հավաստի աղբյուրների վրա, ինչի մասին արդեն խոսել ենք Մարգարի հետ, ավելին՝ խոստացել ենք նրա խաղից մի հատված ներառել մեր խաղի մասին պատմող ֆիլմում, որի վրա աշխատում ենք»։ Պրոդյուսերի կարծիքով, «Մախսուդյանի բերած փաստարկներն այնքան էլ հիմնավորիչ չեն. մեկը 5-րդ դասարանի աշխարհագրությունն է, իսկ այդ դասագիրքը լի է իրար հակասող տեղեկություններով, մյուսը՝ Սովետական հանրագիտարանը, հստակ չի սահմանում՝ որն է միջօրեականը, Գրինվիչինը՝ նույնպես»։ Իսկ խաղի կազմակերպիչների ուսումնասիրած «Էնցիկլոպեդիա Բրիտանիկան», ըստ պրոդյուսերի, անվիճելի ճշմարտությունների հավաքածու է։ Պարոն Փարսադանյանը գտնում է, որ իրենք ճիշտ են ձեւակերպել հարցն էլ, պատասխանն էլ եւ վերախաղարկման համար պատճառ չկա։ ՎԱՐԴԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ