Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՏՈՐ ԷՐ»

Նոյեմբեր 06,2003 00:00

«ՆԱ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՏՈՐ ԷՐ» Էդուարդ Եգորյանին հարգում էին թե համախոհները, թե` հակառակորդները «Էդուարդ Եգորյանը այսօր 50 տարեկան կլիներ: Թե՞ է: Ո՞վ գիտե: Ակնհայտ է միայն, որ Էդուարդ Եգորյանը եւս ընտրյալներից էր»,- այսպես է բնութագրել իր պատգամավորական ընկերոջը Այդին Մորիկյանը, ում խմբագրությամբ կազմվել է Է.Եգորյանի տարբեր տարիների ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների «Տեր կանգնենք մեր վաղվա օրվան» ժողովածուն: Երեկ այդ գրքի շնորհանդեսն էր, որն առիթ էր դարձել, որ իրար գլխի հավաքվեն Է. Եգորյանի ընկերները, հարազատները ու նաեւ՝ նրան հարգող նախկին հակառակորդները: Առնվազն նրանցից մեկը, հանձին՝ Գալուստ Սահակյանի. «Մենք միշտ հակառակ բեւեռներում ենք եղել եւ դա սկզբունքների հիման վրա էր: Նա միակ քաղաքական գործիչն էր, որ երբեք իր հակառակորդին անձնապես չէր վիրավորում, այլ սկզբունքային բանավեճի մեջ էր մտնում: Շատ դժվար էր Եգորյանի հետ վիճել, որովհետեւ օրնիբուն աշխատող գործիչ էր, եւ պետք էր շատ պատրաստված լինել նրա հետ վիճաբանելու համար: Նրան իր հակառակորդները խորապես հարգում էին, քանի որ խնդիրները դնում էր սկզբունքային: Խոսք գնաց, թե նա երբ է եղել ընդդիմադիր, երբ՝ իշխանամետ, ես նման երկվություն երբեք չեմ տեսել Եգորյանի մոտ, քանի որ նա մինչեւ վերջ մնաց այն սկզբունքներին հավատարիմ, որոնցով հանդես եկավ հասարակության առջեւ: Նրա համար ընդդիմություն եւ դիմություն չկար, պարզապես նա իր խոսքն էր ասում եւ կարծում էր, որ պետական շինարարության խնդիրն է ամենակարեւորը»: Նախկին ԱԺ պատգամավոր Հովհաննես Թոքմաջյանն, ի տարբերություն Գ. Սահակյանի, նկատել էր այդ երկվությունը. «Եգորյանը իդեաների գեներատոր էր: Եվ նրա անձնական ողբերգությունն էր, որ 1997-ից սկսած, երբ նա, փաստորեն, ընդդիմադիր դաշտում էր, շարունակում էր աշխատել իշխանության մեջ: Շուրջ 50 օրենքի նախագծեր, որ նա հեղինակեց, այդպես էլ կյանքի չկոչվեցին, այդ առաջարկությունները գնում էին եւ չընդունված, փշրված վերադառնում: Եվ դա նա շատ ծանր էր տանում: Եգորյանն այն սակավաթիվ մարդկանցից էր, որ կարճ ժամանակամիջոցում գիտաշխատողից դարձավ մեծ քաղաքական գործիչ, իրավաբան, մեծ քաղաքացի: Երջանիկ են այն մարդիկ, որ հնարավորություն են ունեցել եթե ոչ մասնակից լինել այդ մտքի թռիչքներին, ապա գոնե ականատեսը լինել: Աշխատանքը նա սկսում էր 9-ից: Սենյակում հավաքված չէին լինում սուրճի հարյուրավոր բաժակները, սիգարետի մնացուկները: Աշխատանքը տեւում էր մինչեւ գիշերվա ժամը 1-2-ը: Նա բոլոր օրենսդրական նախաձեռնություններին, բոլոր նիստերին մասնակցում էր: Բազմաթիվ օրենքների հեղինակ էր: Այդ ամենը նրա երակների միջով էր հոսում: Կարծում եմ, որ քսաներորդ դարի հայ քաղաքական մտքի ամենապայծառ դեմքերից մեկն էր»: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ նույնպես աշխատել էր Եգորյանի հետ, հիշեց նրա ցրվածությունը, անփութությունը կենցաղային հարցերում, որոնք զարմանալիորեն համատեղվում էին ծայրաստիճան հավաքվածությամբ՝ մտքի եւ աշխատանքի առումով: Եգորյանի հետ շատ մտերիմ էր նաեւ ԳԽ անդամ Գագիկ Ներսիսյանը. «Էդիկը մշտապես ուշանում էր: Ամենաքիչը մեկուկես ժամ: Դա կապված էր նրա հետ, որ նա աշխատում էր ոչ միայն առավոտից մինչեւ գիշեր, այլեւ գիշերվանից մինչեւ առավոտյան վեցը: Եվ այդ ամբողջ ընթացքում նա անում էր երեւի թե մի հիսուն մարդու աշխատանք՝ միայնակ: Հիշում եմ, թե ինչպես գնացել էինք օդանավակայան՝ Էդիկին ճանապարհելու ԱՄՆ, իսկ նա չկար: Ժամուկես ինքնաթիռը պահեցինք մինչեւ եկավ՝ քնած էր: Էդիկի լավագույն հատկանիշն այն էր, որ նա բացառիկ պետական մտածողության տեր մարդ էր, եւ նրա համար օպոզիցիայում լինելը ահավոր տանջանք էր, որովհետեւ օպոզիցիայում էլ նա փորձում էր պետություն շինել»: ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը շատ համառոտ էր. «Դժվար է հիմա բառեր գտնել, ամենամեծն այս պահին ափսոսանքի զգացողությունն է, որ նա հիմա մեզ հետ չի: Էսօր դեռ դժվար է գնահատել իր դերը: Բայց ինձ համար թերեւս ամենակարեւորն այն է, որ 90թ. նա անմիջապես զգաց անկախության անհրաժեշտությունը եւ լծվեց այդ գործին»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել