Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Ղուկասյանը քաղաքական ապաստան է խնդրել

Նոյեմբեր 06,2003 00:00

Վ. Ղուկասյանը քաղաքական ապաստան է խնդրել Երեք ամիս առաջ ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը լքեց Հայաստանը: Նա հասավ Գերմանիայի դաշնություն եւ քաղաքական ապաստան խնդրեց իշխանություններից: Այս օրերին Գերմանիայի համապատասխան դատարանում քննվում է Վ.Ղուկասյանի քաղաքական ապաստան խնդրելու մասին դիմումը: «Դիմումիս մեջ գրել եմ վերջին երեք տարիներին ՀՀ իրավապահների կողմից իմ նկատմամբ թույլ տրված հետապնդումների, անօրինականությունների, բռնությունների մասին ու ներկայացրել եմ դրանք հաստատող անհերքելի փաստեր, փաստաթղթեր»,- նշել է Վ. Ղուկասյանը մեզ գրած վերջին նամակում: Վ. Ղուկասյանը լրագրողական հետաքննություն էր անցկացնում 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության շուրջ: Հիշեցնենք, որ այս ահաբեկչական գործողության արդյունքում սպանվել էին 8 պետական գործիչներ, այդ թվում՝ երկրի վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը: Ահաբեկչական այս գործողության վերաբերյալ Վ. Ղուկասյանի լրագրողական հետաքննությունները տպագրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթում եւ երեք առանձին գրքույկներով: Վերջին երեք տարիներին Վ. Ղուկասյանը անհայտ անձանց կողմից պարբերաբար ենթարկվել է հարձակումների եւ սպառնալիքների: 2001թ. հրկիզվել է նրա ավտոբուս-արհեստանոցը: 2003 թ. սկզբներին նա դիմել է տարբեր երկրների դեսպանատներ՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Իմ հարցին, թե «մեզ՝ լրագրողներիս վրա պարբերաբար ճնշումներ, զանգեր, սպառնալիքներ լինում են, սակայն չենք լքում Հայաստանը, դու մինչեւ վերջ մտած՞լ ես նման քայլ անելուց առաջ», Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Ինչ խոսք, համաձայն եմ, եթե ինքներս մեր առջեւ նման պատասխանատվություն ենք վերցնում, ապա ավելի ճիշտ կլինի մինչեւ վերջ վճռական գտնվել ու պայքարել առանց վախենալու դժվարություններից: Բայց իմ դեպքում կա երկու մտահոգություն եւ պարտականություն, որոնց հետ ես ուղղակի պարտավոր եմ հաշվի նստել»: Վահագն Ղուկասյանը 1986թ. կալանավորվել է գողության մեղադրանքով, դատապարտվել 4 տարի ազատազրկման: Ընկերների կատարած գողությունը ամբողջովին վերցրել էր իր վրա: Բանտում անցկացրել է 2 տարի ութ ամիս: «Երկրորդ անգամ այնտեղ հայտնվելու դեպքում հոգեպես չեմ դիմանա… Սա վերեւում նշած մտահոգությունս է, որն էլ գիտակցելով, չեմ ցանկանում նույնիսկ 1 տոկոս ռիսկի դիմել եւ ուզում եմ հեռանալ»,- ինձ ուղղված նամակում գրում է Վ. Ղուկասյանը: Նամակում նա մանրամասն նկարագրել էր բանտային կյանքի ծանր տարիները:Վ. Ղուկասյանի նշած երկրորդ պարտականությունը ընտանիքն է՝ կինը, երեք երեխաները եւ մայրը: «Հայաստանից հեռանալու որոշումը մեծ դժվարությամբ եմ ընդունել, որովհետեւ իրոք այլ տարբերակ չեմ տեսնում, իհարկե, ոչ ընդմիշտ: Ստիպված եմ, որովհետեւ կյանքիս դեմ լուրջ սպառնալիք է դարձել վերջին 4 տարվա իմ կատարածը: Նկատի ունեմ «27-ի» գործին հրապարակավ անդրադառնալս: Անկեղծորեն ուզում եմ ասել, որ ես իրոք այն կարծիքին եմ, որ դեռեւս շատ հեռու եմ լրագրող համարվելուց, բայց կոնկրետ «27-ի» գործով շատ եմ խորացել ու տիրապետել այնպիսի տեղեկությունների, որոնք լուրջ անհանգստությունների առիթ են դարձել ոմանց համար: Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին ես ձեռք եմ բերել մի կարեւոր տեղեկություն (անժխտելի իրեղեն ապացույց), որն էլ լրջացրեց այս ամենը: Ես համոզված եմ եղել, որ Ազգային անվտանգության նախարարությունը գլխի է ընկել, որ ձեռք եմ բերել այդ իրեղեն ապացույցը, որով կոնկրետ մի դրվագում հաստատ իրենց մերկացնելու եմ: Մի խոսքով, ձեռքիս տակ ունեմ իրեղեն, անհերքելի մի ապացույց, որը կհնչեցնեմ միայն իմ ու ընտանիքիս անվտանգության խնդիրը լուծելուց հետո: Առայժմ կարող եմ ասել, որ այն այնքան լուրջ է, որ նրանք նպատակահարմար գտան ինչ-որ չափով ապահովել իրենց, եւ արդյունքում իրացվեց դեկտեմբերի 28-ի Տիկոյի (խոսքը Տիգրան Նաղդալյանի մասին է) սպանությունը: Իհարկե, դրանով փորձեցին ընդամենը կտրել դեպի կազմակերպիչներ տանող թելերից մեկը, բայց դա էլի իրենց չի օգնելու, որովհետեւ ժամանակը կգա ու ես կապացուցեմ, թե ինչն ինչոց է»: Եթե Գերմանիայի իշխանությունները ընդունեն, որ Վահագն Ղուկասյանը իշխանությունների կողմից հետապնդվում էր իր լրագրողական գործունեության համար, եւ քաղաքական ապաստան տան, ապա սա Երրորդ հանրապետության պատմության մեջ կլինի առաջին դեպքը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել