Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Նոյեմբեր 06,2003 00:00

ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է Նույնիսկ քլորացված եւ եռացրած Դիզենտերիան այն ամենամեղմ հետեւանքն է, որը Արաբկիրի ու Կենտրոնի բնակչության առողջության վրա կարող է թողնել ջրատարի վերջերս տեղի ունեցած վթարը: Անգամ եթե կոյուղաջրախառը «խմելու» ջուրը մարդիկ օգտագործել են ինչպես խորհուրդ է տրվում՝ եռացրած: Քլորացված ջուրը եռացնեուց հետո էլ չի մաքրվում, քլորն ամբողջությամբ չի նստում: Վատն այն է, որ համապատասխան պաշտոնյաներն ու բժիշկներն այդ մասին չեն հայտնում բնակչությանը: Պետք է ենթադրել՝ խուճապային վիճակ չստեղծելու համար: Իրականում խմելու եւ կոյուղաջրերի խառնվելու հետեւանքով մարդիկ կարող են անբուժելի հիվանդություններ ձեռք բերել: Այս պնդումներն արեցին մի շարք առաջնակարգ բժիշկներ, դիագնոզիստներ, քիմիկոսներ, որոնց հետ զրուցեցինք այս թեմայով եւ որոնց անունները մեր նախաձեռնությամբ չենք հրապարակում՝ նրանց ավելորդ գլխացավանքի մեջ չգցելու համար: Նրանց պնդումներին վստահել ենք ոչ միայն այն պատճառով, որ լավ մասնագետներ են, այլեւ որ բոլորի կարծիքները համընկնում են, չնայած խոսել ենք առանձին-առանձին: Այսպիսով, պարզ է, որ այս տեսանկյունից կոյուղաջրերն ավելի վտանգավոր են, քան անձրեւաջրերը, որովհետեւ այնտեղ առկա են նաեւ քիմիական թունավոր նյութեր, տոքսիներ: Ընդ որում, մասնագետների հավաստմամբ, այդ նյութերը ոչ միայն քլորացումից չեն չեզոքանում, այլեւ՝ գերքլորացումից ու եռացնելուց, ինչպես նաեւ նստվածք չեն տալիս: Ավելին, քլորի եւ որոշ նյութերի միացությունները նույնպես հիվանդություններ կարող են առաջացնել: Օրինակ, կոյուղաջրերում բավականին մեծ քանակությամբ առկա են լվացող նյութեր (լվացքի փոշի, աման լվանալու հեղուկ եւ այլն), ծանր մետաղներ: Այս նյութերն օրգանիզմ ներթափանցելու պարագայում կարող են առաջացնել մի ամբողջ ցանկ հիվանդություններ: Մասնագետների հավաստմամբ, առաջին հերթին տեղի է ունենում օրգանիզմի թունավորում փոքր դոզաներով: Ոմանց մոտ կարող է առաջանալ լյարդի ինտոքսիկացիա, երիկամների հիվանդություններ, ասենք, ֆիլտրացիան կարող է դժվարանալ 2-3 անգամ: Այդ ջրերը պարունակում են նաեւ մութագեններ, որոնք ժառանգական հիվանդություններ են առաջացնում, նաեւ քաղցկեղ: Հնարավոր են նաեւ պաթոլոգիաներով երեխաների ծնունդներ: Իսկ այդ ջրերում առկա ծանր մետաղները թափանցում են լյարդ, որոնք հետագայում ոչ դուրս են գալիս, ոչ էլ քայքայվում: Քլորաջուրը ազդում է նաեւ լորձաթաղանթի (լողանալիս նաեւ աչքերի լորձաթաղանթի վրա), աղեստամոքսային տրակտի վրա: Իսկ եթե մարդիկ խոցով կամ էրոզիայով են տառապում, ապա դրանք ավելի կսրվեն, հատկապես, որ աշուն է՝ այդ հիվանդությունների սրման ժամանակաշրջանը: Այդ նյութերի ընդունումից փոխվում է նաեւ արյան թթվայնությունը (PH-ը), որն ազդեցություն կունենա արյան մակարդելիության վրա: Մասնագետները սթրեսներն էլ են կապում կոյուղաջրերի օգտագործման հետեւանքների հետ, որոնք նպաստում են ինսուլտին եւ ինֆարկտին: Իսկ հիվանդությունների եւ առաջին հերթին դեղնախտի պիկը համարում են, որ դեռ առջեւում է՝ մի 20 օրից: Վթարի աղբյուրը առայժմ հայտնաբերված չէ, ու հայտնի չէ, թե դեռեւս քանի օր են մարդիկ առանց իմանալու գերքլորացված, բայց չմաքրված ջուրն օգտագործելու: Մարդիկ շարունակում են իրենց առողջությունը վտանգել խուճապից վախեցող ու զբաղեցրած աթոռի համար անհանգստացող պաշտոնյաների պատճառով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել