Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ

Նոյեմբեր 06,2003 00:00

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ ԱԺ-ն երեկ ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքի» փոփոխությունը, որով որոշ հանցատեսակների համար ցմահ ազատազրկումը դառնում է իսկապես ցմահ: Սակայն 2-րդ ընթերցման ժամանակ պարզվեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ոչ թե պաշտոնական հրապարակման պահից, ինչպես նախատեսվում էր 1-ին ընթերցմամբ, այլ դրանից 10 օր հետո: Սա «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջն է: Այս եւս մի հետաձգումը ավելացնում է հավանականությունը, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կկայացվի «27»-ի դատավճիռը: Պարզվեց նաեւ, որ այս օրենքը կարող է ընդհանրապես չտարածվել «27»-ի վրա: Այդ վտանգի մասին զգուշացրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, որն, ինչպես հայտարարեց քննարկման ժամանակ, 1-ին ընթերցումից հետո խորհրդակցել էր քրեագետների հետ: «Մենք կատարում ենք փոփոխություն, որը, փաստորեն, խստացնում է պատասխանատվությունը:- ասաց պրն Պետրոսյանը:- Արդյոք այս օրենքն անվերապահորեն կիրառվելո՞ւ է ընդունումից հետո կայացված ցմահ ազատազրկման դատավճիռների նկատմամբ: Բոլոր խորհրդատվությունները ցույց են տալիս, թե կարո՛ղ է»: Սակայն այդ հնարավորությունն, ըստ նրա, ընձեռում է միայն քրեական իրավունքի տեսությունը՝ ոչ օրենսդրությունը: «Ուզում եմ զգուշացնել, որ հետագայում հնարավոր է այս օրենքի կիրառման կապակցությամբ վեճեր առաջանան հանրապետությունում: Կիրառող մարմինները կարող են ասել՝ մենք ձեր տեսությունը չենք ընդունում, քանի որ քրեաիրավական հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է նախատեսված եւ կարգավորված լինեն «Քրեական օրենսգրքով»: Նա առաջարկում էր օրենքին զուգահեռ ընդունել այն կիրառելու կարգի մասին օրինագիծ, որով նախատեսվի, թե այն տարածվում է որոշակի ժամանակահատվածում կատարված հանցանքների վրա: Օրինագծի հեղինակը՝ Վիկտոր Դալլաքյանը համարում է, թե կիրառման մասին օրենքի անհրաժեշտություն չկա: Նա վկայակոչեց ՔՕ 12 հոդվածը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են այն կատարելու ժամանակ գործող ՔՕ-ով: «Խորհրդակցել եմ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի մասնագետների՝ Արա Գաբուզյանի, Նորայր Մաղաքյանի եւ այլոց հետ,- ասաց պրն Դալլաքյանը:- Նախկին ՔՕ-ով, որի գործողության ժամանակ իրականացվել է «27»-ը՝ ահաբեկիչներն արժանանալու էին մահապատժի, այժմ արժանանալու են ցմահ ազատազրկման, որ մեղմացում է մահապատժի համեմատ: Ուստի որեւէ խնդիր կարող է լինել միայն այնժամ, եթե օրենքը մեկնաբանվի կամայականորեն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել