Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորողները կպատժվեն

Նոյեմբեր 06,2003 00:00

Թունավորողները կպատժվեն Թեեւ կառավարությունը չունի ջրի խողովակների քարտեզ-սխեման «Հարգելիներս, մի՞թե չեք հասկանում, որ երբ ձեր նախարարը բարձրանում է ամբիոն հերոսական կեցվածքով եւ հինգ անգամ կրկնում է, որ կառավարությունը մտահոգված է այդ հարցով, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ մտահոգություն են տեսնում հարցի վերաբերյալ։ Կարծես իսկապես մարդկանց անասունի տեղ եք դրել՝ թող դիմեն դատարան, հատուցում ստանան։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչքան վնաս եք տվել ժողովրդին։ Չեք պատկերացնում, որ մարդիկ կան, որ ոչ 200 դրամանոց ջուրն առնելու հնարավորություն ունեն, ոչ էլ՝ ուրիշ տեղից ջուր բերելու։ Չեք պատկերացնում, որ էդ վարակված ջուրն էլի այդ մարդկանց հաշվին պիտի դատարկվի իրենց հաշվիչների միջոցով։ Վաղուց պիտի հայտարարած լինեինք, որ այդ ժամանակաշրջանի համար վճար չի գանձվելու։ Ես հարց չեմ տալիս, ոչ մի հարցի չեք կարողանալու պատասխանել, խնդրում եմ ուղղակի վարչապետին՝ անձամբ, թող բարձրանա ամբիոն, գոնե մի հատ ներողություն խնդրի ժողովրդից էդ ամեն ինչի համար։ Գուցե նրա խոսքի մեջ մարդիկ իսկապես մտահոգություն տեսնեն»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանը։ Ավելի ուշ «Առավոտը» փորձեց ճշտել վարչապետի վերաբերմունքն արված առաջարկին։ Անդրանիկ Մարգարյանի պատասխանը սա եղավ. «Ես չեմ կարող ամեն մի պատգամավորի կամ քաղաքական գործչի առաջարկը սրտիս մոտիկ ընդունեմ եւ անպայման արձագանքեմ նրանց ասածին։ Ինքն ասել է, թող ինքն էլ գնա ներողություն խնդրի, որ ժողովրդին անասունի տեղ է դնում։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ պատգամավորները ժողովրդին անասունի տեղ չեն դրել, չեն էլ դնելու, դա իր բարոյական կերպարի մասին է խոսում, ես չեմ կարող իր տված հարցերը քննարկել»։ Այնուամենայնիվ, ով է պատասխանատու վարակված ջրի, հիվանդացած մարդկանց եւ անպատժելիության համար։ Ըստ վարչապետի, «անկախ նրանից, թե ում մեղքով է եղել, միեւնույն է, պատասխանատվություն կրելու են։ Կառավարությունն ինքնուրույն ուսումնասիրություններ կատարում է, միաժամանակ նաեւ դատախազությունը։ Անպայման պատասխանատվություն կկրի ով որ որոշակի թերացումներ է ունեցել։ Չնայած երեկ հեռուստատեսությամբ Գագիկ Մարտիրոսյանը որոշակի տեղեկատվություն տվեց, թե ինչպիսի ժառանգություն ենք ստացել, եւ հաճախակի կարող են նմանատիպ դեպքեր լինեն, որովհետեւ ոչ մի քարտեզ-սխեմա չունենք, թե խմելու ջուրն ի՞նչ սխեմայով է անցկացված»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը (Անդրանիկ Մարգարյանի նախկին կուսակիցը) նախորդ օրն առաջարկել էր կառավարությանը հրաժարվել գազի վաճառքից առաջացած շահույթի իր մասից, Վրաստանին ավելի թանկ վաճառել էլեկտրաէներգիան, ստանալ այդ երկրից մեր պարտքերը եւ այդ միջոցառումների հաշվին չբարձրացնել սակագները։ Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստվո՞ւմ է օգտվել պրն Դալլաքյանի առաջարկներից։ Իհարկե՝ ոչ, նախ՝ վարչապետն ասաց, թե Հայաստանը Վրաստանին էժան էլեկտրաէներգիա չի վաճառում. «մենք նրանց վաճառում ենք այն գնով, ինչպես մեր բաշխիչ ցանցերին, այսինքն՝ բարձրավոլտի գներով, մենք ցածր գնով նրանց չենք վաճառում»։ Իսկ Վիկտոր Դալլաքյանի մյուս առաջարկնե՞րը. «կառավարությունը բազմաթիվ քայլեր կատարում է, եւ Վիկտորի ասելով չի, թե մենք ինչպիսի քայլեր ենք կատարում։ Երբ որ հանձնաժողովն իր դիրքորոշումը կարտահայտի, ու գինը բարձրացավ թե ոչ, ես չեմ ուզում կանխորոշել հանձնաժողովի աշխատանքները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել