Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է»

Նոյեմբեր 06,2003 00:00

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է» Այդպես է կարծում ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Պրյախինը – Պարոն դեսպան, ի՞նչ չափանիշներից ելնելով է, որ ԵԱՀԿ-ն այս կամ այն երկրում դեսպան է նշանակում, եւ ինչո՞վ է պայմանավորված Ձեր նշանակումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում: – Այս կամ այն թեկնածուի նշանակումը որեւէ երկրում ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում պայմանավորվում է մի շարք գործոնների ամբողջությամբ, որոնք, որպես կանոն, ընդհանուր են կադրային քաղաքականության համար ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ՝ ազգային պետությունների դեպքում: Իմ պարագայում այդ գործոններին զուգահեռ նկատի է առնվել նաեւ հետեւյալը. Նախ, հայկական կողմն է վճռականորեն եւ միանշանակ կերպով պաշտպանել Ռուսաստանի առաջարկությունը, իսկ հայկական կողմի կարծիքը ԵԱՀԿ դիրեկտիվ մարմինները՝ գործող նախագահը եւ «եռյակը» պարտավոր էին նկատի առնել: Երկրորդ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին դեռ երբեւէ չէր նշանակվել ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում: Մյուս կողմից՝ ՌԴ քաղաքացիների նշանակումը ԵԱՀԿ ներկայացուցչություններում չափազանց ցածր ցուցանիշ ունի: Այդ իմաստով Ռուսաստանը՝ որպես անդամավճարի հիմնական մուծում անող երկրներից մեկը իրավունք ուներ պնդելու, որպեսզի ստեղծված վիճակն ինչ-որ չափով ուղղվեր: Երրորդ՝ ինչպես Երեւան ժամանելուց առաջ մեր զրույցի ժամանակ ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակում ասաց գործող նախագահը, Կազմակերպությունը հույս ունի, որ ես՝ որպես ռուսաստանյան դիվանագետ, որը մի կողմից՝ նախկին գործունեության բերումով սերտորեն կապված է հարավկովկասյան տարածաշրջանի հետ եւ մյուս կողմից՝ ծանոթ է ԵԱՀԿ խոհանոցին, կարող եմ Հայաստանում շարունակել այն գործունեությունը, որը հաջողությամբ սկսել է իմ գործընկերը, բրիտանացի դեսպան Ռոյ Ռիվը: – Նկատի ունենալով, որ հարավկովկասյան երեք պետություններում էլ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին անհամապատասխան, ԵԱՀԿ շրջանակներում այս երկրների նկատմամբ ինչ զարգացումներ են հնարավոր: Բացառվա՞ծ է արդյոք, որ նրանց ու, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ առաջադրված պահանջները՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման իմաստով մեղմացվեն՝ հաշվի առնելով, որ մենք դեռ նոր ենք բռնել ժողովրդավարության ճանապարհը: – Գիտեք, ես միանշանակ կարող եմ ասել, որ ժամանակակից Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Բավական է խոսել հայ բարեկամների հետ, հանդիպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ լրագրողներին, գնալ համերգ, գնալ հեռավոր մարզ, ի վերջո, պարզապես քայլել Երեւանով եւ զրույցի բռնվել մայրաքաղաքի շուկաներում, որպեսզի հասկանալի լինի, որ հայերը բավականին ազատ են իրենց քաղաքական համոզմունքները ձեւակերպելու եւ արտահայտելու մեջ: Բայց ինչպես ամեն ինչ այս աշխարհում՝ հայկական երիտասարդ ժողովրդավարությունն էլ կատարյալ չէ: Հայաստանը դեռ շատ բան պետք է անի, որպեսզի ամբողջ ծավալով կատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է երկիրը՝ պահպանելու հիմնական ազատությունների եւ մարդու իրավունքների ոլորտում հաստատված համաեվրոպական չափանիշները: ԵԱՀԿ բյուրոյի գործառույթն էլ հենց դրա իրագործմանը նպաստելն է, որի ղեկավարությունը ստանձելու պատիվն ունեմ ես, եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված պահանջների նշաձողի իջեցման մասին որեւէ խոսք լինել անգամ չի կարող: – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության մակարդակը: – Հայաստանում, խոսքի ազատության մակարդակը բավական բարձր է: Այս մասին են վկայում միջազգային ինստիտուտների կողմից իրականացված հարցումները: Այլ խնդիր է, որ հայ լրագրողների մասնագիտական մակարդակն այնքան բարձր է, որ սեփական քաղաքացիական դիրքորոշումը լիովին արտահայտելու համար նրանց չեն բավարարում տեխնիկական հնարավորությունները, ֆինանսական միջոցներն ու երբեմն նաեւ ազատությունը: ԵԱՀԿ գրասենյակը մտադիր է օժանդակել նրանց՝ լիակատար ինքնարտահայտման համար պայմաններ ստեղծելու գործում: Երեւանում իմ առաջին շփումների արդյունքում ես համոզվեցի, որ ԶԼՄ-ների ազատ գործունեությանը նպաստելու մտադրություն ունեն նաեւ ՀՀ իշխանությունները, ինչը զգալիորեն թեթեւացնում է այս ոլորտում իմ առջեւ դրված խնդրի լուծումը: Այս ոլորտում մեր գրասենյակը մեծ դեր է վերապահում համապատասխան օրենսդրության բարեփոխմանը: Այս ոլորտում Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել, եւ մենք պարտավոր ենք աջակցել նրան կատարելագործելու օրենսդրությունը, որպեսզի այն համապատասխանի եվրոպական չափանիշներին: Այս ոլորտում որոշակի ձեռքբերումներ կան, ինչպես օրինակ այն, որ այս տարի խորհրդարանը օրենք է ընդունել տեղեկատվության ազատության մասին, որի նպատակը կառավարական մարմիններից տեղեկություններ ստանալու հետ կապված վիճակը բարելավելն է, ինչն առաջին հերթին լրագրողների շահերին է առնչվում: Սակայն անկատարություններ կան այլ իրավական նորմերում, ինպիսին է օրինակ՝ հեռահաղորդակցության մասին օրենքը, որը, մեր կարծիքով, բարեփոխման կարիք ունի: Այդ ոլորտում իրավիճակը բարելավելու համար ԵԱՀԿ գրասենյակը մտադիր է աջակցել իշխանության բոլոր օղակներին, ոչ կառավարական կազմակերպություններին եւ լրագրողներին: – ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը բավականին խստապահանջ էր եւ հետեւողական ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ ընտրական համակարգի, կայացման խնդրում: Լինելով ՌԴ ներկայացուցիչ, որտեղ եւս ժողովրդավարական ինստիտուտների կայացման իմաստով դեռ բավականին խնդիրներ կան, Դուք կարո՞ղ եք նույն խստությամբ դա պահանջել ՀՀ իշխանություններից: – Նախ, ես ՌԴ ներկայացուցիչ չեմ: Ես ներկայացնում եմ ԵԱՀԿ-ն եւ Հայաստանում իրագործելու եմ ԵԱՀԿ անդամ-պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ընդհանուր քաղաքականությունը, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ամրապնդմանը՝ Կազմակերպության ամբողջ տարածքում՝ Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Այն փաստը, որ ես ՌԴ, իսկ նախկինում ԽՍՀՄ քաղաքացի եմ, կարող է իր ազդեցությունն ունենալ միայն այն իմաստով, որ ես, ինչպես իմ հայ բարեկամները, սուր եմ ընկալում ետխորհրդային պետություններում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ այդ գործընթացում տեղական պայմանները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Շնորհակալ եմ ձեր թերթի էջերում հանդես գալու առիթ ընձեռելու համար: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել