ԿՈԱԼԻՑԻԱՆ ԶԲԱՂՎԱԾ Է ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ Այս քողարկված կշտամբանքը կոալիցիոն ուժերին նետեց կոալիցիայի 4-րդ կողմը՝ Ռոբերտ Քոչարյանը Սելիմի լեռնանցքով Գետափ եւ Մարտունի բնակավայրերն իրար կապող ճանապարհի բացման արարողության ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին. «Ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի եւ կոալիցիոն կառավարության գործունեությունը», Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Կցանկանայի, որ պոպուլիստական մասը մի քիչ ավելի փոքր լիներ, իսկ գործնական հատվածը՝ մի քիչ ավելի մեծ, քանի որ իշխող կուսակցությունը կամ կոալիցիան միշտ պետք է նաեւ համարձակություն ունենա ասելու գուցե ոչ հաճելի, միգուցե դաժան բաներ»: Ակնարկը շատ թափանցիկ էր, այսինքն, մինչ այժմ կոալիցիան ավելի շատ պոպուլիզմով է զբաղվել, ավելի քիչ՝ գործնական աշխատանքով: Ընդունո՞ւմ են արդյոք մեղադրանքը՝ այս հարցն էինք ուղղում կոալիցիայի ներկայացուցիչներին: Ռոբերտ Քոչարյանին հակադրվելու համարձակություն ունեցավ միայն «ՕԵ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը. «Ո՛չ, չե՛մ ընդունում: Հստակ գործեր են կատարվում եւ ասվում է ամեն ինչ, ինչ կատարվում է՝ ըստ օրենքների եւ կատարված աշխատանքների: Որեւէ պոպուլիզմ չկա»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը համաձայնեց Ռոբերտ Քոչարյանի գնահատականին. «Իրավացի է: Ոչ միայն կոալիցիան՝ բոլորս ենք առհասարակ շատ զբաղվում պոպուլիզմով»: Հետաքրքրվեցինք, թե պոպուլիզմով զբաղվելն ինչպե՞ս է դրսեւորվում հատկապես ՀՅԴ խմբակցությունում: «Պոպուլիզմը մի տեսակ վարակի նման է,- պատասխանեց պրն Հովսեփյանը:- Պատահում է, որ պոպուլիզմն այնքան է դառնում ապրելակերպ, որ նրանք ովքեր մինչ այդ հետ էին քաշված այդ գործելակերպից՝ հանկարծ զգում են, որ վնասվում են եւ սկսում իրենք էլ անել նման ինչ-որ քայլեր»: Փորձեցինք պարզել, թե ումի՞ց կարող են պոպուլիզմով վարակված լինել ՀՅԴ անդամները՝ արդյոք ոչ «Օրինաց երկրից», որը մշտապես մեղադրվել է պոպուլիզմի մեջ: «Չեմ կարծում,- ասաց Ռուբեն Հովսեփյանը:- Պոպուլիստական նախագծերն ու ելույթները ոչ միայն «ՕԵ»-ինն են մինչեւ հիմա հատուկ եղել: Շատ օրինագծեր կարող եմ հիշել, որ պոպուլիստական էին: Քիչ է մնում, որ «Քամու մասին» էլ օրենք գրվի, քանի որ այն կարող է վնաս տա, ջարդի մեկի լուսամուտը եւ այլն: Նույնիսկ չեմ ուզում մատնանշել ինչ-որ մեկին: Սա իրոք վարակ է, հիվանդություն, որ պիտի անցնի»: Սամվել Բալասանյանն ՕԵ-ից կոալիցիա թափանցած վարակի մասին հարցին պատասխանեց. «Լավ հարց չեք տալիս՝ չեմ ուզում ուրիշ ձեւի պատասխան տալ այն մեղադրանքին, թե վարակում ենք: Մենք որեւէ անգամ չենք զբաղվել պոպուլիզմով: Բայց այսօր երկրում ինչ լինում է՝ ասում են, թե «Օրինաց երկիրն» է մեղավոր: Ասենք, օպտիմիզացիան սկսել են 2002-ին, բայց այսօր որոշ մարդիկ մեզ են պատվերով մեղադրում դրա համար»: ՀՀԿ ներկայացուցիչները ձեռնպահ էին մնում «նախագահը ճիշտ է ասել» կամ «նախագահը սխալ է ասել» կարգի ձեւակերպումներից: «Ինձ թվում է, կոալիցիան շատ բեղուն է աշխատում: Նախորդ ԱԺ-ի համեմատությամբ՝ այս խորհրդարանում որակով եւ թվով ավելի շատ օրենքներ են ընդունվում»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: ՀՀԿ եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, թե չէր ասի, որ կոալիցիան ավելի շատ զբաղվում է պոպուլիզմով, քան գործնական աշխատանքով. «Բայց երբեմն-երբեմն պատահում են դեպքեր»: Ապարդյուն էին մեր ջանքերը պարզելու, թե ինչ դեպքերի մասին է խոսքը. «Կարող եմ միայն խոստանալ, որ երբ հաջորդը լինի՝ անպայման կասեմ այդ մասին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ռոբերտ Քոչարյանի գնահատականի առնչությամբ ասաց. «Բայց ինչո՞ւ միայն կոալիցիան: Պոպուլիզմով զբաղվում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ դիմությունը: Բայց ՀՀԿ-ի միակ թերությունն այն է, որ չի կարողանում օգտագործել պոպուլիզմի այն չափաբաժինը, որն անհրաժեշտություն է: Այնպես որ՝ պոպուլիզմը բացասական երեւույթ չէ, բայց այն պիտի լինի չափի մեջ»: Կոալիցիային վերաբերող եւս մի հարց: Աջափնյակի ընտրություններից հետո Գալուստ Սահակյանն ազդարարեց, թե տեսնում է, որ դաշնակից կուսակցություններում իր նկատմամբ առաջացել է որոշակի լարվածություն: Այժմ հավելեց. «Կարծում եմ՝ բավականին հաջող արդյունքներ ունեն այս ընտրությունները՝ հաշվի առնելով, որ բոլոր կուսակցությունների՝ նաեւ իշխանությունների ամբողջ պայքարը ծավալվել էր իմ դեմ: Ես դրանից հետեւություններ կանեմ»: Այս թեման դեռ կշարունակենք, բայց մինչ այդ նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պնդեց, թե հարգում է Գալուստ Սահակյանին եւ որեւէ լարվածություն չկա նրա նկատմամբ. «Աջափնյակում առաջադրված 2 թեկնածուներն էլ նախկին ընտրություններում նույն՝ համախոհական դաշտում էին: Եվ մենք Աջափնյակի թաղապետի հետ ունեցել ենք ընտրություններում համագործակցության փորձ: Այնպես որ՝ բնական էր նրան պաշտպանելը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ