Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ ՏՆՕՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ

Նոյեմբեր 05,2003 00:00

ԴՊՐՈՑԸ ՏՆՕՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ Երեւանի Գր. Բաղյանի անվան թիվ 141 դպրոցի տնօրեն Գեւորգ Մարգարյանը քաղաքապետարանի օգոստոսի 29-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Տնօրենը թոշակառու էր։ Այդ օրվանից դպրոցը ոչ մի կերպ չի կարողանում ընտրել իր նոր տնօրենին։ Մրցույթին հայտ ներկայացրածները 7-ն էին։ Հոկտեմբերի 15-ին կայացած դպրոցական խորհրդի նիստում պետք է նրանցից մեկն ընտրվեր թիվ 141 դպրոցի տնօրեն, սակայն նիստից առաջ անսպասելի իր «պաշտոնից հրաժարական է տվել» խորհրդի անդամ, ծնողկոմիտեի նախագահ Նորիկ Մկրտչյանը։ Հաջորդ երկու նիստերից տարբեր պատճառաբանություններով բացակայել, իսկ հետո նաեւ՝ ազատման դիմում են գրել խորհրդի եւս 2 անդամներ, որոնք ներկայացնում էին դպրոցի ուսուցչական կազմը։ Երեկ պիտի կայանար խորհրդի թվով չորրորդ նիստը, սակայն դեռ չսկսված՝ այն ավարտվեց քվորում չապահովելու պատճառով։ Խորհրդի 5 հոգանոց անձնակազմից ներկա էր միայն նախագահ Արմեն Մկրտչյանը։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Մկրտչյանն այս ամենից եզրակացության է եկել՝ խորհրդի անդամների վրա ճնշումներ են գործադրում։ Թե հատկապես ով եւ ինչ նպատակով՝ տիկին Ռոզան չգիտեր։ «Առավոտն» օրեր առաջ գրել էր, որ թիվ 141 դպրոցում տնօրենի թափուր տեղի համար հիմնական թեկնածուն «օպերի» կին մի դասվար է։ Տեղեկությունը դպրոցում մասամբ հաստատվեց. «օպերը» Նոր Նորքի համայնքից է, իսկ նրա կինը դասվար է աշխատել թիվ 159 դպրոցում, որտեղից ազատվել է 1998-ին։ Տիկին Ռոզան չհաստատեց վարկածը, թե դպրոցի խորհրդի անդամները հենց «օպերի» ճնշման տակ են դիմումներ գրել։ Միաժամանակ կարծիք հայտնեց, որ «դժվար թե դասվարը կարողանա լավ տնօրեն լինել, որքան էլ կողքից օգնենք, վերջին հինգ տարում այնքան բան է փոխվե՜լ»։ Ըստ որոշ ուսուցիչների, թիվ 141 դպրոցը հայտատուների մեջ ունի իր նախապատվելի թեկնածուն՝ փոխտնօրեն Անահիտ Հովհաննիսյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել