Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆՈՒՄ Է ՄՅՈՒՍ ՄԱՐԶԵՐՆ ԷԼ ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆ

Նոյեմբեր 05,2003 00:00

ՄՆՈՒՄ Է ՄՅՈՒՍ ՄԱՐԶԵՐՆ ԷԼ ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆ Երեկ Արմավիրի թիվ 1 մարզադպրոցի դահլիճում կայացան մարզի քաղաքների՝ Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, հանրակրթական դպրոցների բասկետբոլի առաջնության եզրափակիչ մրցումները։ Մարզական այս միջոցառումով, փաստորեն, հիմք է դրվում հանրապետության մարզերում դպրոցական մրցումների վերականգնմանը։ Ու դրանում մեծ դեր է խաղացել ընդամենը երեք ամիս առաջ Արմավիրի սպորտկոմիտեի նորանշանակ նախագահ Արիստակ Ղազարյանը։ Մրցումների ավարտից հետո զրուցեցինք մարզի մարզական գործերի պատասխանատուի հետ։ – Պրն Ղազարյան, դեռ 90-ականների սկզբից Հայաստանում նմանատիպ դպրոցական մասսայական մրցումներն աստիճանաբար մոռացության էին մատնվել։ Դուք, գուցե, հանրապետությունում առաջինը եղաք, որ փորձեցիք դրանք վերականգնել։ – Գիտե՞ք, հիմա բոլորն էլ խոսում են աճող սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման խնդրի կարեւորության մասին, բայց առայժմ դա մնում է ընդամենը ցանկությունների մակարդակում։ Անելիքներ շատ-շատ կան, մինչեւ ամեն բան ընկնի բնականոն հունի մեջ։ Բայց հարկավոր է մի բանից սկսել։ Ես էլ մտածեցի սկսել դպրոցներից ու, կարծում եմ, չսխալվեցի։ Նախ, հանրահայտ է, որ այսօր կրթօջախներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումն անմխիթար վիճակում է։ Ուստի, նպատակահարմար համարեցի այն ինչ-որ ձեւով շարժել մեռյալ կետից։ Ու ստացվեց։ Առաջնության մեկնարկը տրվել է հոկտեմբերի 10-ին։ Այս ընթացքում միմյանց հետ մրցել են մարզի երեք քաղաքների դպրոցները. Արմավիրում՝ 10, Էջմիածնում՝ 14, Մեծամորում՝ 2։ Այսօր կայացավ եզրափակիչը։ Մրցեցին ուժեղագույնները, որոնց կազմում հանդես են գալիս 8-10-րդ դասարանցիները։ – Ինչո՞ւ ընտրվեց միայն բասկետբոլը։ – Սա ընդհանուր ծրագրի սկիզբն է միայն։ Մոտ օրերս կմեկնարկի մինի-ֆուտբոլի մրցաշարը, դրան կհաջորդի վոլեյբոլը։ Առայժմ կանգ ենք առել խաղային ձեւերի վրա։ Սակայն հետագայում անցնելու ենք նաեւ մյուս մարզաձեւերին՝ կապված եղանակային պայմանների հետ։ – Որքան հասկացանք, պայքարի ոլորտ ներգրավվել են միայն քաղաքները։ – Այո։ Այստեղ դեռ ինչ-որ բան մնացել է, որ կարելի է աշխուժացնել։ Սակայն եկող տարվանից զբաղվելու ենք նաեւ գյուղերով։ Դրա համար դեռ որոշ հարցեր կան լուծելու։ Մեր մարզպետարանը, քաղաքապետարանը եւ հանրապետության Սպորտպետկոմի ղեկավարությունը խոստացել են հնարավորինս արագ լուծել գյուղերում ֆիզկուլտուրայի մեթոդիստների հաստիքների հարցը։ Այ, այդ ժամանակ արդեն գյուղերում էլ մարզական աշխուժություն կսկսվի եւ հնարավոր կլինի դպրոցականների ընդգրկման շրջանակներն ընդլայնել։ Մի բան աներկբա է. առանց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, առանց այս ոլորտի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենալու ընդհանուր հաջողություններն էլ այն չեն լինի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել