Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գույները Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբեր 05,2003 00:00

Հայկական գույները Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այս օրերին գործում է Նիկոլ Աղաբաբյանի եւ Սիրանուշ Խաչիկյանի անհատական ցուցահանդեսը։ Ու թերեւս տաք գույներով ողողված նկարները ապահովում էին ոչ միայն հոգու ջերմությունը, այլ նույնիսկ փոխհատուցում ձյան հաստ շերտով ծածկված Սանկտ Պետերբուրգում թագավորող սառը եղանակին։ Ինչպես բացման խոսքում ներկայացրեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, ժամանակակից հայ կերպարվեստը Սանկտ Պետերբուրգի հասարակությանը ներկայանում է երկու տարբեր սերունդների միջոցով։ Նրա խոսքերով, Նիկոլ Աղաբաբյանը վաղուց կայացած գեղանկարիչ է եւ նրա նկարներն արդեն իրենք իրենց մասին խոսում են։ Իսկ 15-ամյա Սիրանուշի ստեղծագործություններում, ըստ պրն Հակոբյանի, ուրվագծվում է ապագա վարպետի ձեռագիրը։ Գլխավոր հյուպատոսը հիշեցրեց, որ Սանկտ Պետերբուրգի հասարակությունն արդեն հնարավորություն ունեցել է ծանոթանալու շնորհալի աղջկա արվեստին։ Նա փաստեց, որ նախորդ ցուցահանդեսի համեմատությամբ, Սիրանուշը նկատելի որակական աճ է ապրել, զգալի է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի դպրոցի ազդեցությունը։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին թերեւս կարիք չկա ներկայացնելու «Առավոտի» ընթերցողին։ Մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել ծանոթացնելու նրա գործերին։ Սիրանուշ Խաչիկյանը 2001թ. արժանացել է պետերբուրգցիների միջազգային ակումբի ամենամյա «Պրոմեթեւսի աստղ» մրցույթի գլխավոր մրցանակին։ Այժմ նա սովորում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի լիցեյում։ Երկու տարվա ընթացքում հասցրել է Սանկտ Պետերբուրգում ներկայանալ անհատական ցուցահանդեսներով, որն անց է կացվել Գերմանական մշակույթի կենտրոնում։ «Ժյուրիի անդամները հաճելիորեն զարմացան, երբ տարբեր աշխատանքների մեջ հայտնաբերեցին Սիրանուշի ինքնատիպ, ոչ սովորական նկարները։ Արդեն երկու տարի անց ես ուրախությամբ հայտնաբերեցի, որ մեր մրցանակը արժանավորի ձեռքում է,- պատմում էր Պետերբուրգի միջազգային ակումբի վարչության նախագահ Վալենտինա Օրլովան։ Ցուցահանդեսին ներկա պետերբուրգցի նկարիչ Վլադիմիր Էմիլյանովը բարձր գնահատեց Սիրանուշի ստեղծագործությունները, նշելով, որ, չնայած տարիքին, արդեն զգացվում է սեփական ձեռագիրը թե գրաֆիկայում, թե կավճանկարչության մեջ։ «Ես կարծում եմ նրան մեծ ապագա է սպասվում»,- նշեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Աղաբաբյանի կերպարվեստին, Վ. Էմիլյանովն ասաց. «Նիկոլի գեղանկարչության մեջ երբեմն թվում է, թե գույներն ավելորդ են, բայց գուցե դա իր մոտեցումն է։ Պարզապես մենք սովոր ենք ամեն ինչ ընդունել տարածության մեջ, իսկ ընդհանրապես, Նիկոլը, կեցցե, որ առաջին հերթին աշխատում է բնօրինակի հետ։ Բնօրինակը միշտ վարպետի քայլերի զարգացումն է»։ Ի հակադրություն Վ. Էմիլյանովի, Վ. Օրլովան ընդգծեց. «Երբ սրահ մտա, ցնցվեցի՝ Վան Գոգ։ Իմ առջեւ բացվել էին աննկարագրելի վառ գույներով նկարներ։ Սակայն դա ընդամենը մի պահ էր։ Հետաքրքիր է, որ արտաքինից այս նկարները իսկի նման էլ չեն Վան Գոգին, բայց, հավանաբար, հոգեւոր ներքին լարվածությունը ինձ ստիպեց այդպես մտածել։ Երբ տեսա նկարչին, շատ ուրախացա, քանի որ նրա արտաքին գեղեցկությունն ու ներքին հոգեւոր տրամադրությունը շատ ներդաշնակ էին»։ Իմ այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգը կընդունի՞ արդյոք Նիկոլ Աղաբաբյանին, արդյոք անսովոր չե՞ն թվա Նիկոլի արեւոտ, վառ գույները, ասաց. «Ես համոզված եմ, որ պետերբուրգցի հասարակությունը կիրթ ու մշակութային է։ Նրա մտահորիզոնը շատ լայն է, նա կարողանում է ընդունել ամեն ինչ, իսկ ամենակարեւորը, առանձնացնել տաղանդավորը, կապ չունի՝ մռայլ գույներով է, թե վառ»։ Նիկոլ Աղաբաբյանի եւ Սիրանուշ Խաչիկյանի կավճանկարների եւ գրաֆիկայի ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 7-ը։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Սանկտ Պետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել