Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Նոյեմբեր 05,2003 00:00

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽԱՐԵՆ Ներկայացնում է նախագծի հեղինակը 1937թ. Սուրբ Աստվածածին /Կաթողիկե/ բացելուց հետո Աբովյան եւ Սայաթ Նովա փողոցների կառուցապատման ծրագրով Լեզվի եւ գրականության ինստիտուտի մասնաշենքի կառուցապատման հետեւանքով եկեղեցին հայտնվել է շրջափակված բակում: Լեզվի ինստիտուտը նախկինում կառուցվել է իբրեւ դպրոց, որը պատերազմի տարիներին օգտագործվել է իբրեւ հոսպիտալ: Կաթողիկեի «ազատագրման» հարցը միշտ եղել է քննարկման թեմա: Այսօր էլ դրված է Լեզվի ինստիտուտի դեմոնտաժման եւ Կաթողիկեի բացման հարցը: Լեզվի ինստիտուտի գիտական աշխատակազմը փորձում է փրկել ինստիտուտի շենքը, ճարտարապետները՝ Կաթողիկեն: Երեւանի Կաթողիկե եկեղեցու վերականգնման եւ շրջակա միջավայրի վերակառուցման նախագիծ առաջարկ է ներկայացրել ճարտարապետ Լեւոն Վարդանյանի ղեկավարած ճարտարապետական խումբը: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը/մասնակիցներ՝ Ն. Սարգսյան, Ռ. Ջուլհակյան, Գ. Մուշեղյան, Ա. ներսիսյան, Ս. Քալաշյան, Ա. Զուրաբյան, Ա. Ալեքսանյան, Ս. Քյուրկչյան, Ջ. Թորոսյան եւ այլն/ 2002 թ. մարտին Լ. Վարդանյանի ներկայացրած նախագծին հավանություն են տվել հաշվի առնելով, որ «Սբ. Աստվածածինը Երեւանի կենտրոնում պահպանված միակ միջնադարյան հուշարձանն է եւ այն որպես հոգեւոր կենտրոն պետք է պահպանել եւ իրավիճակին քաղաքաշինական լուծում տալ»: Լեւոն Վարդանյանը մեր զրույցի ընթացքում նշեց, որ դեռ 82թ. Լեզվի ինստիտուտի ապամոնտաժման եւ եկեղեցու բացման հարցը հաստատված էր: Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին սկսեց գործել: Ճարտարապետ Վարդանյանի կարծիքը հետեւյալն է. – Ժամանակին եթե այդ դպրոցը, այժմյան Լեզվի ինստիտուտը չկառուցեին, եկեղեցին ամբողջությամբ կքանդվեր: Կոմպրոմիսային ճանապարհով սխալ է լուծել միակ միջնադարյան եկեղեցու հարցը: Նախագիծն արվել է այն մոտեցումով, որ եկեղեցուն հարազատ տրադիցիաներով եւ ծավալատարածական լուծումներով հուշարձանը բացենք եւ որպես հոգեւոր համալիր այն ներգրավվի քաղաքաշինական միջավայր: Հաշվի առնելով եկեղեցու ետեւի բակային ճարտարապետությունը, եկեղեցին պետք է առանձնացվի: Զուգադիպեց այն բանին, որ Վեհափառ հայրապետը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ Երեւանում Վեհարան կառուցելու նպատակով: Ճիշտ համընկավ մեկը մյուսին. Եկեղեցու կողքը ճիշտ չէ այլ կառույց անել, իսկ Վեհարանի հետ այն հարազատ ու համահունչ կառույց կլինի: Լեզվի ինստիտուտի շենքն անմխիթար վիճակում է: Եթե եկեղեցու խնդիրը չլիներ, կարելի էր հսկայական գումարներ ծախսելով վերականգնել այն: Հարցն այս է՝ կամ 13-րդ դարի բացառիկ հուշարձանը վերականգնել-ազատագրել, կամ՝ շարքային կառուցապատման մի դպրոցի շենքը, որը որպես ճարտարապետական կառույց արժեքավորված չէ նույնիսկ հուշարձանների ցանկում: Լեզվի ինստիտուտը շարքային, տիպային շենք է, որը ժամանակին բարեխիղճ նախագծվել ու կառուցվել է: Ընդ որում, մինչ վերակառուցումն, այդտեղ անպայման պետք է պեղումներ արվեն: Խնդիրն այս է, ու ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ Լեզվի ինստիտուտի աշխատակիցները դեմ են միջնադարյան այդ հուշարձանի բացմանը՝ լավ իմանալով ողջ պատմությունը: Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, «Շենքն այդ, եթե, ինչպես պնդում են, պատմական արժեք ունի, ապա ճարտարապետական ոչ մի արժեք չունի եւ անմխիթար վիճակում է: Նախագծով եկեղեցական համալիր է բացվում քաղաքի անսամբլի մեջ»: Ճարտարապետ Ռոմեն Ջուլհակյանը Կաթողիկե-Լեզվի ինստիտուտ պայքարի մասին վերջերս ասաց. «Ճիշտ է, Լեզվի ինստիտուտի շենքն էլ ափսոս է, վարժվել ենք այդ շենքին: Բայց ամեն դեպքում եկեղեցին այդ կապանքներից պետք է ազատագրել. եթե արժեքավորման խնդիր կա, ապա նախապատվությունը պետք է տալ եկեղեցուն»: Եվ, վերջապես, այս հարցում կա պայքարող եւս մեկ կողմ, որի մասին գրեթե չի խոսվել: Լեզվի ինստիտուտի շենքի տարբեր հատվածներ վարձակալության են տրված անհատների եւ ընկերությունների: Շենքին հարող բացօթյա սրճարանների տերերն էլ են յուրովի պայքարում: Բայց ի տարբերություն լեզվի ինստիտուտի աշխատակազմի, նրանք պայքարում են անձնական սրճարանների համար: Եկեղեցու բացվելուն պես ապամոնտաժվելու են նաեւ այդ սրճարանները, որոնցից մեկը, օրինակ, Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանինն է: Այնպես որ այս պայքարը նաեւ շատերին ձեռնտու է: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել