Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսի եւ ամերիկացու պահածները

Նոյեմբեր 05,2003 00:00

Ռուսի եւ ամերիկացու պահածները ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչությունը, ինչպես զգուշացրել էր մի քանի շաբաթ առաջ, սկսել է «Մեր տանը՝ մեր լեզվով» նշանաբանով ստուգումների տասնօրյակ՝ այն կազմակերպություններում, որոնք ամաչում են մեսրոպատառ ցուցանակներ փակցնել իրենց մուտքերի պատերին: Այսպիսով՝ նրանք խախտում են «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետը՝ ցուցանակին ներկայացվող լեզվի պահանջները, ինչպես նաեւ կառավարության 270 որոշումը, ըստ որի ցուցանակի անվանումը պետք է լինի նախ հայատառ, հետո, ցանկության դեպքում, նաեւ օտար լեզուներով, ընդ որում՝ վերջիններս պետք է չափերով փոքր լինեն հայերենից: Կազմակերպված ակցիան առավել թափանցիկ դարձնելու նպատակով Լեզվի պետական տեսչությունը ստուգումներին ներգրավել էր նաեւ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչների: «Զգացինք, որ միայն տեսչության սահմանափակ ուժերով արտաքին գովազդների, ցուցանակների համար մղվող պայքարը, վերահսկողությունը եւ վարչական միջոցների կիրառումը բավարար արդյունք չեն տալիս: Իսկ արդյունքներն էլ առաջին հերթին մեզ չեն բավարարում, եւ հետո նաեւ մեր քաղաքացիներին, որ ամեն օր ահազանգում են այս օտարալեզվամոլության համար»,- մեզ հետ զրույցում նշեց Տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Հովհաննես Սարոյանը: Երեկ առավոտվանից տեսչության աշխատակիցները լրագրողների, ՀՅԴ եւ ՕԵ ներկայացուցիչների հետ, խմբերի բաժանվելով, այցելեցին մի քանի կազմակերպություններ: Ի դեպ, հրավերներ են ուղարկվել բոլոր կուսակցություններին, սակայն արձագանքել են միայն վերոնշյալները, առավելապես ակտիվ էր ՀՅԴ երիտասարդական թեւը: Վերջինիս ներկայացուցիչ Լիզա Առուշանյանի կարծիքով, գործին կօգնի իր նման երիտասարդ աղջիկների ներկայությունը, որովհետեւ դրանից տղամարդ տնօրեններն ավելի բարեհաճ կգտնվեն, մանավանդ եթե իմանան, որ քաղաքական կուսակցություններն էլ են ներգրավված այս ակցիային: Բայց, ավաղ, թեպետ տեսուչները լեզվի տեսչությունից էին, եւ ոչ՝ հարկայինից, ակցիայի դիտորդներն էլ՝ հիմնականում երիտասարդ աղջիկներ, այնուամենայնիվ, բոլոր օբյեկտների տնօրենները դեմքի, մեղմ ասած, դժգոհ արտահայտությամբ էին ընդունում հյուրերին: «Bars» real estate agency անշարժ գույքի գործակալությունից կոպտորեն դուրս էին հրավիրել օպերատորներին: Իսկ կուսակցություններին ներգրավելու հանգամանքը կարծես ինչ-որ տեղ էլ խանգարում էր: Օրենքը խախտած տնօրեններից մեկին նույնիսկ նյարդայնացրեց երիտասարդ դաշնակցականի ոգեւորված խոսքը, եւ նա չդիմացավ. «Դուք էնքան հպարտ ասեցիք, որ դաշնակցությունից եք ու էնքան ուզում եք ճնշած լինեք դիմացինին, որ ձեզ թվում է, թե մնացածը ոչնչություն են: Ես էլ Կրպեյան Թաթուլի մարզիչն եմ, հուշաքարը տեղադրողներից մեկն եմ եղել»: Այնուհետեւ տնօրենը շեշտեց, որ մենք ամերիկացու ու ռուսի պահածն ենք, եւ իրենց լեզուն էլ չպետք է անտեսենք: Հավանաբար, այս մարդկանց մեր երկիրը ոչինչ չի տվել: Եվ վերջապես մի՞թե չի կարելի ամերիկացու հանդեպ տածած մեր սերն արտահայտել հայերեն տառերով կամ գոնե՝ նաեւ՛ հայերենով: Օրինակ՝ սրճարանին տալ Նյու Յորք կամ Չիկագո անունը, բայց այն գրել հայերեն: Մի օբյեկտի աշխատակցուհի էլ նույնիսկ նկատեց, որ լրագրողներիս հագած-կապածը ամերիկյան է, եւ մենք համարձակվում ենք ամերիկացու լեզվին դեմ խոսել. «Իսկ ինչո՞ւ եք անգլերեն սովորում, ինչո՞ւ եք նրանց ընդօրինակում»,- վրդովված մեզ էր դիմում տիկինը, որի հագին մեր դարավոր ոսոխի արտադրած խալաթն էր: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել