Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակյանը Յունոշևին սխալ հանեց

Նոյեմբեր 05,2003 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի վիճաբանությունների փուլում երեկ ավարտվեց մեղադրական ճառերի ունկնդրումը։ Իր ճառն ավարտեց տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը։ Սպասվում էր, որ դատարան կներկայանա նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, այս գործով տուժող Աղվան Վարդանյանը, սակայն նա չեկավ, հետեւաբար նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը ինքը հանձն առավ հանդես գալու ճառով։

Այս փուլից հետո, ըստ էության, տուժողներին մնում է ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների պաշտպանական ճառերից հետո մեկ հնարավորությունից էլ օգտվել՝ ռեպլիկի։ Օլեգ Յունոշեւը երեկ զայրացրեց ոչ միայն մեղադրական «օթյակում» գտնվողներին, այլեւ դատավոր Ուզունյանին, երբ ամփոփելով ոճրագործության դրդապատճառներն ու վարկածները, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղած ապացույցներով հիմք են տալիս «հանցագործության մասնակից համարվելու»։

Դատավոր Ուզունյանը դադարեցրեց նրա ճառը։ Մի քանի անգամ Յունոշեւին դիտողություններ եղան, թե նա դուրս է գալիս մեղադրանքի շրջանակներից։ Մասնավորապես, այն ժամանակ, երբ ռուս փաստաբանը նկատեց, որ Ազգային անվտանգության հետ համագործակցության մասին գիտեր ինչպես վկա Տիգրան Նազարյանը, որը փախել է ԱՄՆ, այնպես էլ Տիգրան Նաղդալյանը, «ինչը հիմք դարձավ սպանության համար»՝ եզրափակեց Օ. Յունոշեւը։ Դատավոր Ուզունյանը ասվածը բնութագրեց որպես ստորություն եւ ասաց. «Հրապարակեք այն ապացույցները, որոնք ասվածի ապացույցը կլինեն»։

Փաստաբանը հայտնեց, որ դրանք կապված են դռնփակ նիստում հնչածի հետ եւ հրապարակեց Նաիրի Հունանյանի ցուցմունքները, երբ ասել է, որ Թուրքիա ուղեւորությունը եղել է ԱԱՆ վերահսկողության տակ։ Իսկ ինչպես գիտեք, Թուրքիա մեկնող ստեղծագործական խմբին Ազգային հեռուստատեսության աշխատակցի փաստաթղթեր էր ձեւակերպել եւ տվել Տիգրան Նաղդալյանը։ Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանի ճառը ավելի շատ ուղղված էր Օլեգ Յունոշեւի ճառում հնչածին։ Նա ասաց, որ առավելագույն պատիժ է իր վստահորդը պահանջում նրանց նկատմամբ, ովքեր արժանի են։ Եվ ասաց, որ հետազոտման ենթակա ապացույցները եւ ամբաստանյալների մեղքն այնքան պարզ էր, որ այսքան երկար չպիտի ձգձգվեր դատավարությունը։ Նա վերլուծելով «Հոկտեմբերի 27»-ի վարկածներից գլխավորը, շեշտեց, որ նախաքննության մարմինը աշխատել է մեկ վարկածի վրա, հանցագործության կատարումը փնտրելով հանրապետության նախագահի ապարատի ներսում։

Ըստ Ռ. Սահակյանի, ամբաստանյալ Ն. Հունանյանը հասկացել էր, որ իր ցուցմունքները օգտագործվելու են քաղաքական նպատակներով եւ դրա համար էլ սկսել է «կուտ տալ»։ Սակայն նա տարօրինակ համարեց տուժողների ներկայացուցիչների գործունեությունը եւ ասաց. «Եթե ունեցել եք հանցագործությանը մասնակցելու կասկածներ, փաստեր, ինչո՞ւ չեք գործել օրենքով, որտեղ սահմանված են այն ժամկետները, որում կարող եք դիմել գլխավոր դատախազին։ Կանխավ մերժման միջնորդություններ են արվում, որ հետո դրանք շահարկվեն»։ Նշենք, որ իր ճառում փաստաբան Սահակյանը ավելի շատ խոսեց Ալիկ Հարությունյանի մասին (որի պաշտպանությունն էր իրականացրել նախաքննության ժամանակ), քան իր վստահորդ Աղվան Վարդանյանի։ Այնուհետեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խնդրեց 15 օր՝ ճառին պատրաստվելու համար։ Ճառերի ունկնդրումը կշարունակվի նոյեմբերի 10-ին։ Երեկվա դատավարության ավարտին դատարան ներկայացավ գլխավոր դատախազության ներկայացուցիչը, որը ծանուցագիր փոխանցեց Օլեգ Յունոշեւին։ Կարողացանք գուշակել, որ անջատված մասով Օ. Յունոշեւը հրավիրվում է որպես վկա, սակայն, ըստ էության, սա կարող է լինել անուղղակի ճնշում փաստաբանի նկատմամբ, մինչ ռեպլիկի իրավունքից օգտվելու պահը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930