Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նոյեմբեր 05,2003 00:00

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՇՈՒՐՋ Մամուլը հաղորդել է, որ փոքրացել է հոկտեմբերի 22-ին «Գայանե» հանրախանութի մոտ 4 մարդու սպանության գործի շուրջ վարկածների շրջանակը: Հարցաքննվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում է «2×2» ժամանցային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը («Պուռտո»): Ըստ հրապարակումների՝ հենց նրա հետ էր սպանված Գարիկ Հայրապետյանը պատրաստվում կազինո կառուցել Փարաքարում: Այս տեղեկությունները ճշտելու խնդրանքով դիմեցինք ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Պուրտոյանին: «Ես բազմիցս լսել եմ շրջանառության մեջ դրված այդ լուրերը,- պատասխանեց նա:- Բայց դրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Ես ճանաչել եմ Գարիկ Հայրապետյանին, մտերիմ էինք: Սակայն կազինոյի եւ մնացածի մասին լուրերը հերքում եմ, այդպիսի բան չի եղել»: Արմեն Պուրտոյանին նաեւ խնդրեցինք հայտնել իր կարծիքը այն վարկածի մասին, թե կատարված սպանության պատճառը Գարիկ Հայրապետյանի խաղամոլական հակումն էր. «Ես չեմ կարող այդ մասին որեւէ բան ասել, թե ինչով է նա զբաղվել, ինչ գործունեություն ծավալել: Բայց Գարիկի մասին մինչ այսօր չեմ լսել որեւէ վատ բան: Հիմա խոսակցություններ կան, թե ղումարի պատմություն է, կազինոյի մենեջեր էր եւ այլն, բայց ես այդ մասին չեմ իմացել»: Հերքեց նաեւ, թե ինքը հարցաքննվել է. «Ինձ ոչ ոք չի կանչել: Բացի այդ՝ առաջին հերթին ինքս եմ զանգել համայնքի ոստիկանություն եւ հայտնել սպանության մասին տարածված լուրերի մասին: Այդ կիրակի պիտի լիներ Գարիկ Հայրապետյանի հարսանիքը: Նախօրեին քավորի հետ պայմանավորվել էին, որ ժամը 14-ին գնան նվեր առնելու: Եվ երբ մինչեւ 17:30 Գարիկն ուշացել էր՝ քավորը եկել, լուսամուտից մտել էր տուն եւ տեսել այդ տեսարանը: Դրանից հետո ասել էր ինձ, ես էլ կանչեցի ոստիկաններին: Այսքանն էր: Մնացած որեւէ բանի մասին տեղյակ չեմ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել