«Որպեսզի աջերը դուրս գան լուսանցքից» Իշխանությունից հեռանալով՝ ՀՀՇ-ական գաղափարախոսությամբ ուժերը միավորվեցին Աջ ուժերի միություն անվան ներքո։ Ժամանակի ընթացքում մեր քաղաքական իրականությունում աջ գաղափարախոսությունը տարբեր դրսեւորումներ ունեցավ եւ ծնեց այդ դավանանքը կրող նոր կուսակցություններ։ Այժմ արդեն առանձին քաղաքական գործիչներ հաճախակի են հնչեցնում աջ ուժերի միավորման եւ ակտիվացման անհրաժեշտության մասին։ Իսկ աջերը շարունակում են սպասել։ «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանի համոզմամբ, աջերի միավորումը եւ համատեղ գործողությունները պետք է արդյունք լինեն հասարակական պահանջի։ «Աջ ուժերի ընկալումը, իբրեւ ամբողջատիրությունից ժողովրդավարություն անցման շրջանի բարեփոխումներին հաջորդած օբյեկտիվ դժվարությունների պատասխանատուներ՝ մեզանում քաղաքական նկատառումներով միտումնավոր գռեհկացվել է»,- գտնում է Ա. Սահակյանը։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, պետք է ընդունել նաեւ, որ սեփականատերերի շերտը, որը ձեւավորվել է ազատական բարեփոխումների շնորհիվ՝ «դեռ ամրապնդված չէ եւ գտնվում է պետական մեքենայի, նոմենկլատուրային կապիտալիստների ճնշման տակ»։ Ուստի, ըստ պարոն Սահակյանի, բոլոր սեփականատերերը եւ, առհասարակ, քաղաքացիները, ովքեր ցանկանում են ապրել եւ հարստանալ իրենց աշխատանքի, տաղանդի ու ջանքերի շնորհիվ, պետք է շահագրգռված լինեն, որպեսզի «աջ ուժերը դուրս գան լուսանցքից»։ Իսկ դա Ա. Սահակյանը համարում է, որ կարող է լինել հիրավի համաժողովրդական պայքարով՝ աջերից մինչեւ ծայրահեղ ձախ, ազգայնականներից մինչեւ գլոբալիստներ։ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը եւս աջերի միասնականությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է համարում եւ նա նույնպես գտնում է, որ դա հասարակական պատվեր պետք է լինի. «Այդ ուժերի միավորումը կկայանա, բայց դա պետք է հասունանա, ինքնանպատակ չի կարող լինել»։ Միավորման կայացման իբրեւ առաջին պայման, Ա. Մանուկյանը համարում է մասնավոր սեփականատերերի եւ գործարարների հակվածությունը դեպի ազատական դաշտի ուժեղացում։ Այնինչ՝ «այսօր Հայաստանում մեծ մասնավոր բիզնեսով զբաղվողները եւ սեփականատերերը իրենց պաշտպանվածությունը փորձում են գտնել իշխանության հետ համագործակցելով, մինչդեռ ազատական դաշտի ուժեղանալով՝ բիզնեսն ավելի զարգացած ու հուսալի կլինի»,- ասում է Ա. Մանուկյանը։ Եվ այդ առումով՝ «ՀՀՇ-ի համար չկա այդ դաշտում աշխատելու բարդույթ։ Սակայն կենտրոնը, մեր պատկերացմամբ, մենք ենք լինելու, քանզի ՀՀՇ-ի իշխանության օրոք է ազատական գաղափարախոսությունը ներմուծվել եւ ստեղծվել ու կայացել են հիմնական ինստիտուտները»,- գտնում է պրն Մանուկյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ