Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ ՋՐԻ ԳԻՆ ՈՒՆԻ

Նոյեմբեր 05,2003 00:00

ԽՈՍՔԸ ՋՐԻ ԳԻՆ ՈՒՆԻ ԱԺ հայտարարությունների երեկվա հիմնական լեյտմոտիվը հետեւյալն էր. ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ իր երկրում։ Երեւանի մի շարք համայնքներում (Արաբկիր, Կենտրոն) խմելու ջրի աղտոտման եւ դրա հետեւանքով արդեն երկու հարյուրի (պաշտոնական թվերով) հասնող հիվանդ մարդկանց (հիմնականում՝ երեխաների) հարցին էր նվիրված խորհրդարանական հայտարարությունների մի մասը։ Առայժմ որեւէ երաշխիք չկա, որ նմանատիպ աղտոտման չի ենթարկվի մայրաքաղաքի խմելու ջուրն ամբողջությամբ։ Չնայած նույնքան անհավանական է, որ խորհրդարանական հայտարարություններից ազդված իշխանության համապատասխան ատյանները («Ջրմուղ» եւ Ջրային ռեսուրսների պետական կոմիտե), վերջապես, կփորձեն զբաղվել իրենց բուն գործով։ Որեւէ այլ երկրում նման արտակարգ իրավիճակի պատասխանատուներից անմիջապես հրաժարական կպահանջվեր, մեզանում, սակայն, հասարակական ճնշումը որեւէ նշանակություւն չունի։ Օգտագործելով ռուսական «ջրային» ասացվածքը, ժողովրդին, երեխաներին թունավորած պաշտոնյաների համար «ՍՈՍ ր չցր255 ՉՏՊՈ»։ «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Գ. Սարգսյանը երեկ եւս նկատեց. «Ի՞նչ պետք է աներ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ Ռ. Քոչարյանը։ Մի կողմ դներ իր բոլոր գործերը եւ անհապաղ արտակարգ իրավիճակին համապատասխան, մասնագիտական շտաբ ստեղծեր եւ գլխավորեր այն։ Արե՞ց, ո՛չ։ Առ այսօր նա որեւէ անհանգստության նշան չի արտահայտել։ Ավելորդ եմ համարում խոսել ջուր մատակարարող համակարգի անմխիթար վիճակի մասին։ Լինսի նվիրատվություններով Երեւանում ամենայն ջանասիրաբար բորդյուրային հեղափոխություն իրականացնելու փոխարեն պարտավոր էին առաջին հերթին համակարգը գոնե քրիստոնեական տեսքի բերել»։ Ջրի խնդրին անդրադարձավ «Արդարություն» խմբակցությունից Գրիգոր Հարությունյանը եւս, որը, նաեւ՝ հարցը քաղաքականացնելու փորձ արեց. «մենք ստիպված ենք մեկ անգամ եւս փաստելու, որ այս ամենն արդյունք է ոչ օրինական կերպով ձեւավորված իշխանությունների, ուստի, անհրաժեշտ է օր առաջ ազատվել նրանցից»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը ջրի աղտոտման հետ կապված իր գործընկերների անհանգստությունը կիսելով հանդերձ, համաձայն չէր հարցը կապել իշխանությունների հեռացման անհրաժեշտության հետ. «չեմ կարծում, որ վթարի մասին խոսելիս պետք է անմիջապես եզրակացության հանգել նախագահի հրաժարականի կամ քաղաքական այլ խոշոր ռազմավարական հանրագումարի գալ։ Քրեական գործը հարուցված է, մենք մինչեւ վերջ հետապնդելու ենք, որ քննությունն արդար կատարվի եւ նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում այդ ոլորտի համար, անպայման պատասխան տան»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որն անդրադարձավ սակագների բարձրացմանը։ Եվ որպես սակագները չբարձրացնելու առկա ռեզերվներ՝ նշեց հետեւյալը. «Օրինակ, հանդիսանալով «Հայռուսգազարդի» 40 տոկոսի բաժնետեր, կառավարությունը եթե հրաժարվի իր շահույթից, ապա գազի սակագինը չի բարձրանա։ Հայաստանի կառավարությունը Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառում է անհամեմատ ավելի էժան, քան մեր բնակիչներին, որն անտրամաբանական է։ Հետեւաբար, Վրաստանին էլեկտրաէներգիա պետք է վաճառել ավելի թանկ, որը կնպաստի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելուն։ Վրաստանը դեռեւս Հայաստանին չի վճարել էլեկտրաէներգիայի դիմաց ունեցած 20 մլն դոլարի պարտքը, որի վճարումը նույնպես կնպաստի սակագնի չբարձրացնելուն։ Եվ, վերջապես, վերանայելով էլեկտրաէներգիայի, այսպես կոչված, գերկորուստները, որը ես համարում եմ գողություն, դարձյալ կարելի է չբարձրացնել գերկորուստները»։ Մարդու եւ քաղաքացու պաշտպանվածության հարցերին երեկ անդրադարձավ նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը, որն առաջարկեց ՕԵԿ-ին՝ առաջնորդվել կոալիցիոն հուշագրի սկզբունքով (ըստ որի կոալիցիայի անդամ կուսակցությունը կարող է ետ կանչել իր կողմից նշանակված նախարարին) բայց ոչ թե նախարարին ետ կանչել, այլ՝ պահանջել, որ հրաժարվի դպրոցների օպտիմալիզացիայի ծրագրից. «Ես առաջարկում եմ ՕԵԿ-ին վաղը եւեթ գումարել խմբակցության նիստ, հրավիրել իրենց նախարարին եւ հստակ հանձնարարական տալ նախարարին՝ հրաժարվել այդ ջարդարար ծրագրից, այդ կործանարար ծրագրից, օպտիմալացման ծրագրից»։ «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը հակադարձելով նախորդ օրը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի այն մտքին, եթե ընդդիմությունը շարունակ հայտարարում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ուրեմն ընդդիմությունը եւս լեգիտիմ չէ, ասաց. «նախ ես նշեմ, որ մենք լեգիտիմ ենք եւ մենք աշխատելու ենք խորհրդարանում, նրանք, ովքեր ոչ լեգիտիմ են, թող իրենք մտածեն՝ գալո՞ւ են խորհրդարան, թե՞ չեն գալու։ Մենք պետք է դուրս գանք այս ոչ լեգիտիմության եւ ընտրակեղծիքների բարդույթից։ Միակ պարզ, քաղաքակիրթ ուղին հանրաքվեն է։ Այսինքն՝ եթե իրականանա «Հանրաքվեի մասին» նախագիծը, մենք այդ բարդույթից դուրս կգանք, հակառակ դեպքում՝ կեղծիքի վրա կառուցված երկիրը ապագա չունի։ Սա մի բեռ է, որը պիտի թոթափենք եւ պետք է ասեմ, որ սա առաջին հերթին մեծամասնության բեռն է։ Եվ եկեք դուք էլ մասնակից դարձեք, որ վերջապես երկիրը դառնա իրավական, ժողովրդավարական երկիր»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել