Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾ ՏՎՈՂ» ԲԱՆԴԻՏՆԵՐԸ

Նոյեմբեր 05,2003 00:00

«ԳՈՐԾ ՏՎՈՂ» ԲԱՆԴԻՏՆԵՐԸ Ինչո՞ւ են կարճվել «Ապերի» բանդայի նախորդ գործերը Տիգան Նաղդալյանի սպանության քրգոծով դատաքննության այսօրվա նիստում մեղադրական ճառով հանդես կգան դատախազները: Նրանց ասելիքն, ըստ էության, հայտնի է այնքանով, որքանով վերջիններս կոչված են պաշտպանելու քրգործի նախաքննությամբ եւ մեղադրական եզրակացությամբ ամրապնդված մեղադրանքը, որի առանցքը Արմեն Սարգսյանին որպես սպանության պատվիրատուի մեղադրելն է: Ըստ ամենայնի, Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի /ՀՀ Քրեական օրենսգրքի 17-99 հոդվածի 1 եւ 3 կետերով/ ծավալը չի փոխվի: Սա վերաբերում է նաեւ մյուս ամբաստանյալներին: Քանի որ դատաքննության ժամանակ մեղադրողներն ու դատավորը պատեհ առիթներով խստորեն կասեցրել են ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպանների կողմից մի քանի ամբաստանյալների նկատմամբ եւս երկու հանցագործությունների մասով կարճված քրգործերին անդրադառնալու փորձերը, հարկ ենք համարում դրանք հիշեցնել ընթերցողին՝ հասկանալու համար, թե երբ եւ ինչպես էր ձեւավորվել Տ.Նաղդալյանին սպանած քիլլերների խումբը: Իսկ դա, ըստ քրգործի նյութերի, տեղի էր ունեցել լրագրողի սպանությունից եւ դրա պատվերը ստանալուց դեռ շատ առաջ: Այդ առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում միայն ապրիլի 2-ին է, ի դեմս ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանի, երկու որոշում ընդունել քրգործ հարուցելու, վարույթ ընդունելու եւ դրանք Տ.Նաղդալյանի սպանության քրգործին միացնելու մասին: Քննիչը երկու դեպքերում էլ պարզել էր, որ Տ.Նաղդալյանի սպանության քրգործով անցնող Հովհաննես Հարությունյանը՝ «Ապեր», Գեղամ Շահբազյանը եւ Գրիգոր Պետրոսյանը՝ «Մըզըր», 2002-ի նոյեմբեր ամսին «բանդայի կազմում մասնակցել են Աշոտ Ղարիբյանի առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներին՝ 150.000 ԱՄՆ դոլարին, տիրանալու նպատակով ավազակային հարձակմանը, որը չի իրականացվել Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի կողմից հանցագործությունը մինչեւ վերջ հասցնելուց հրաժարվելու պատճառով՝ Հարությունյանի եւ մյուսների կամքից անկախ պատճառներով»: Ա.Ղարիբյանի տունը կողոպտելու պատվերը բանդան ստացել էր հենց «Ապերից»: Մյուս դեպքում էլ Հ.Սարդարյանը պարզել էր, որ ավելի վաղ՝ 2002-ի մայիսին, նույն «Ապերը» «խարդախությամբ տիրացել էր Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Սուրիկ Մելքոնյանի առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներին՝ 40.000 ԱՄՆ դոլարին եւ այն չվերադարձնելու նպատակով Գ.Շահբազյանի եւ Գ.Պետրոսյանի հետ 2002-ի սեպտեմբերին կազմակերպել է Ս.Մելքոնյանի սպանությունը: Նա բանդայում ներգրավելով Ջ. Հարությունյանին եւ Ֆ.Առուստամյանին, նրանց զինել է պայթուցիկ սարքով եւ հրազենով եւ խոստացել 10.000 ԱՄՆ դոլար վարձատրություն, սակայն նրանք հանցագործությունը մինչեւ վերջ չեն հասցրել Հովհ.Հարությունյանի եւ մյուսների կամքից անկախ պատճառներով»: Ի դեպ, Սուրիկ Մելքոնյանը, որին պետք է սպանեին, «Ապերի» բարեկամն է եւ Վազգեն Սարգսյանի քեռին: Բայց նույն քննիչն օրեր անց, ապրիլի 15-ին այս երկու քրգործերով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի մասով վարույթը կարճելու որոշում է կայացրել՝ «պարզելով», որ հանցագործություններն ավարտին չեն հասցվել բանդայի կողմից դրանցից կամովին հրաժարվելու պատճառով: Սա այն պարագայում, երբ երկու դեպքում էլ հանցագործությունն ավարտին չի հասցվել բանդայի անդամներից անկախ պատճառներով: Մի դեպքում Ջ.Հարությունյանն ու Ֆ.Առուստամյանը հասնելով Ա.Ղարիբյանի բնակարանի մոտ՝ տեսել են նրա հարեւանի բաց դուռն ու հեռախոսով խոսող հարեւանուհուն եւ մտածելով, որ նա իրենց նկատել է հեռացել են, ինչը նշանակում է՝ հարեւանուհին է խանգարել հանցագործության իրագործմանը: Մյուս դեպքում նույն Ջ.Հարությունյանն ու Ֆ.Առուստամյանը պատվիրատուին հայտնել են, թե նախ՝ Ս.Մելքոնյանին պատկանող «Նիվան» հարմար չէ պայթուցիկ սարքը տակից ամրացնելու համար,եւ բացի այդ մեքենան մարդաշատ վայրում է կանգնում՝ իրենց կարող են նկատել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել