Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱԺ-ՈՒՄ

Նոյեմբեր 04,2003 00:00

ԶԵՆՔԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱԺ-ՈՒՄ Երեկ երկրորդ դատական նիստն էր, երբ «Հոկտեմբերի 27» քրգործով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը հանդես է գալիս ճառով։ Երեկվա ճառի տրամաբանությունն այն էր, որ եղած ապացույցներով անկարելի է կայացնել օրինական դատավճիռ։ Յունոշեւը փաստաբան Աշոտ Սարգսյանից հետո երկրորդն է, որը առաջ քաշեց այն վարկածը, ըստ որի 1999-ին ԱԺ-ում ահաբեկչություն իրականացնողները ոչ թե զենքերով են մտել տարածք, այլ զենքերը վերցրել են ներսից։ Նման ենթադրության համար հիմք էին ծառայել Նաիրի Բադալյանի գործողությունները՝ այն, որ վերջինս նկատել էր Նաիրի Հունանյանի ինքնաձիգը, սակայն չէր նկատել Վռամ Գալստյանի եւ Կարեն Հունանյանի մոտ եղածները։ Յունոշեւը իր խոսքի մեջ ակնարկեց դռնփակ դատական նիստը, ըստ որի, Նաիրի Հունանյանը գտնվել է Ազգային անվտանգության նախարարության ուշադրության կենտրոնում եւ համագործակցել այդ մարմնի հետ։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փաստորեն Սերժ Սարգսյանին, որը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, դատարան չհրավիրելը հնարավորություն չտվեց նման կարեւոր ապացույցներն օգտագործել, այսինքն ստուգել Նաիրի Հունանյանի ցուցմունքները։ Փաստաբանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի մասին Ն. Հունանյանը տվել է ուղղակի ցուցմունքներ։ Ճառի այս մասում մեղադրողները ընդհատեցին Յունոշեւին, գտնելով, որ նա հրապարակում է դռնփակ նիստը։ Այստեղ Նաիրի Հունանյանը հաստատեց, որ ինքը տվել է բացատրություններ եւ ցուցմունքներ եւ որ «Յունոշեւի նշած անձը իմ եւ ԱԱՆ հարաբերություններին լավատեղյակ է եղել»։ Մեղադրական ճառում Յունոշեւը գտնում էր, որ այս հանցագործության արմատները պետք է փնտրել Հայաստանում եւ ամբաստանյալների մեղքը համարվում է հաստատված, բացառությամբ Արմենակ Արմենակյանի սպանության դրվագի։ Յունոշեւը նաեւ անհամոզիչ համարեց այսօրինակ ահաբեկչական խմբի ձեւավորման տրամաբանությունը: Ըստ նրա, անասնագողության մեջ մեղադրված Աշոտ Կնյազյանը, հողագործ քեռին, հեռանկարային բժշկ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանին չէին կարող հեղինակություն համարել եւ նրանք հանցագործության գնացել են, հնարավոր է, գումար ստանալու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել