Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՊՂՏՈՐԵԼ ԱՐԱԲԿԻՐԻ ՋՈՒՐԸ

Նոյեմբեր 04,2003 00:00

ՈՎ Է ՊՂՏՈՐԵԼ ԱՐԱԲԿԻՐԻ ՋՈՒՐԸ Մայրաքաղաքի Արաբկիր եւ Կենտրոն համայնքներին մատակարարվող ջրի վթարի հետ կապված, Հիգիենիկ համաճարակային ծառայության աշխատակիցները վերջին օրերին իրենց ելույթներում դժգոհում էին, որ «ջրմուղցիները» պահպանում են քար լռություն, հանդես չեն գալիս հայտարարությամբ եւ բոլոր հարցերին պատասխան տալու ծանրությունն ընկնում է բժիշկների վրա։ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ «ճեղքեց» այդ լռությունը, լրագրողներին նախ հայտարարելով, որ «Ջրմուղ-կոյուղին գտել է վթարի աղբյուրը»։ Գտել է, բայց չի ասում, որովհետեւ դրա վերաբերյալ, ըստ Վ. Վարդանյանի, «ջրմուղը հայտարարություն կանի մոտ օրերս»։ Պարոն Վարդանյանը գործին լավատեղյակ մարդու համոզվածությամբ հայտնեց, որ «ջրի որակը համապատասխանում է ստանդարտներին նախորդ երկուշաբթիի երկրորդ կեսից սկսած (վթարի հաջորդ օրը- Ռ. Ա.), պարզապես քլորի չափն է եղել սովորականից ավելի»։ Նշենք, որ Հիգիենիկ-համաճարակային ծառայություններն առայսօր վերջնական պատկերացում չեն կազմել Արաբկիր եւ Կենտրոն համայնքներին մատակարարվող ջրի որակի մասին։ Վանո Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը առաջիկա օրերին կքննարկի կատարվածի պատճառահետեւանքային մանրամասներն ու կորոշի՝ ինչ անել։ Փոխարենը քաղաքապետն արդեն կողմնորոշվել եւ իր հանձնարարականով «կողմնորոշել» է թաղապետարաններին՝ արագացնել ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները պարտադիր կջեռուցվեն, անկախ ջեռուցման հնարավորությունից ու տեսակից։ Նաեւ, որ ջրագծերի սառչելու անցյալ տարվա փորձությունից «վախեցած», համատիրությունները թաղապետարանների աջակցությամբ այս օրերին զբաղված են խողովակների ջերմամեկուսացմամբ, շենքերի տանիքների եւ դռներ-լուսամուտների վերանորոգմամբ։ Իսկ որ այդ գործընթացի ֆինանսական խնդիրները լուծվում են նաեւ բնակիչների գրպանի, այլ ոչ թե բնակվարձի հաշվին, փոխքաղաքապետը չի զարմանում. «Այդ հարցն ամեն համայնք իր ձեւով է լուծում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Երեկվա ժամը 21.00-ի դրությամբ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանացում խմելու ջրով թունավորված հիվանդների թիվը կազմել է 175 հոգի, որոնցից 23-ը հոսպիտալացվել են երեկ: Առաջին օրերին ընդունվածներից 44-ը դուրս է գրվել: Հոկտեմբերի 31-ին դատախազությունը ջրի աղտոտման եւ սանիտարահամաճարակային կանոնները խախտելու փաստով քրեական գործ է հարուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել