Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մավիսակալյանը լրագրող մարտիկ էր»

Նոյեմբեր 04,2003 00:00

«Մավիսակալյանը լրագրող մարտիկ էր» Ասում է Ժաննա Ղոչիկյանը գործընկերոջ մասին 1985 թվականից Ժ. Ղոչիկյանը աշխատել էր վերջերս կյանքից հեռացած Ռոբերտ Մավիսակալյանի հետ։ Փաստում է, որ դրանք տառապալից, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ երջանիկ տարիներ էին, որովհետեւ «պրոֆեսիոնալի հետ աշխատելը որքան հաճելի, նույնքան էլ բարդ է»։ Ժ. Ղոչիկյանի կարծիքով, զուր էին Մավիսակալյանին մեղադրում իշխանամետության մեջ. «Նա ամենեւին էլ իշխանամետ չէր, լրագրող էր, որը հավասարապես ընդունելի էր եւ իշխանությունների, եւ հասարակության համար։ Իսկ իշխանության խոսքը նա ժողովրդին հասցնում էր ամենաազնիվ եւ օբյեկտիվ ձեւով»։ Ժ. Ղոչիկյանը հիշեց Ռ. Մավիսակալյանի գործունեությունը ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին, երբ ինֆորմացիոն շրջափակում էր ու «ինքը իր կապերի շնորհիվ CNN-ի միջոցով ինֆորմացիա էր տալիս ամբողջ աշխարհին եւ դա բոլորովին էլ իշխանությունների ցանկությունը չէր, այլ իր անձնական նախաձեռնությունը»։ Ռ. Մավիսակալյանը լրագրողի այն որակն ուներ, որը սիրում էր թեժ կետերում լինել։ Պատահական չէին նրա այցելությունները Ղարաբաղ՝ պատերազմական շրջանում, ինչի արդյունքում ֆիլմեր ծնվեցին։ Հետագայում նա նաեւ եղավ Կոսովոյում, որովհետեւ ուզում էր միայն հրատապ տեղեկատվություն հաղորդել մեր ժողովրդին։ Ժ. Ղոչիկյանը վստահ է, որ բոլոր հեռուստաընկերություններում զգացվում է Ռոբերտ Մավիսակալյանի ոճը, նրա ձեռագիրը, որովհետեւ «ցանկացած հեռուստաընկերությունում հիմա մարդիկ են, ովքեր աշխատել են Մավիսակալյանի հետ ու կրթվել ն րա ձեռքի տակ»։ Ժամանակին՝ խորհրդային տարիներին գնահատվեց Ռ. Մավիսակալյանի աշխատանքը (նա Ստեփան Պողոսյանի հետ հայ ժողովրդի պատմության մասին հաղորդաշար ուներ) եւ նա պետական մրցանակի արժանացավ։ «Խորհրդային տարիներին գնահատեցին, հիմա չգիտեմ, թե ինչ դափնիների կարժանացնեն, երբ արդեն չկա, բայց լավ կլիներ, որ նրան կենդանության օրոք գնահատեին»,- ասում է տիկին Ղոչիկյանը։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչու Ռ. Մավիսակալյանը նախընտրեց ոչ թե Հանրայինը, այլ որոշեց աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Ի պատասխան՝ տիկին Ղոչիկյանն ասաց. «Արմենիայի» գաղափարը իրենն էր, նա գնաց «Արմենիա» ոչ թե նրա համար, որ ուզում էր «Արմենիա» գնալ, պարզապես հասկացել էր, որ Հանրային հեռուստաընկերությունում ինքը չի կարող նույն Ռոբերտ Մավիսակալյանը մնալ։ Ավելի ճիշտ, նա Հանրայինի երիտասարդ ղեկավարների շրջապատում մի տեսակ նեղված էր զգում»։ Ըստ Ժ. Ղոչիկյանի, եթերը Մավիսակալյանի պաշտամունքն էր եւ եթե որեւէ մեկը անհարգալից վերաբերմունք էր ունենում եթերի նկատմամբ, անկախ բարեկամական ու ընկերական հարաբերություններից, պատժվում էր։ «Վերջին շրջանում նա շատ էր ցավում եթերում տիրող վիճակի համար»,- նկատեց Ժ. Ղոչիկյանը։ Նա Մավիսակալյանին բնութագրեց որպես հումորի մեծ զգացողությամբ, լավատեսությամբ լեցուն ու միշտ օգնելու պատրաստ մարդ, որը խանդավառվում էր իր երիտասարդ գործընկերների հաջողություններով։ Մավիսակալյանը միշտ տեղ էր տալիս իր հետ աշխատող երիտասարդներին ու եթե որեւէ բան վերջապես նրա սրտով էր լինում, գնահատականներում ոչ շռայլ այդ մարդը «բրավո» էր բացականչում եւ գոհունակությունը հաստատում միայն իրեն հատուկ ձեռքի մավիսակալյանական ժեստով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել