Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուշը լրատվամիջոցներից վրեժխնդիր չի լինում

Նոյեմբեր 04,2003 00:00

Բուշը լրատվամիջոցներից վրեժխնդիր չի լինում ԱՄՆ-ում առաջնայինը խոսքի ազատությունն ամրագրող Սահմանադրությունն է ԱՄՆ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հայաստանյան լրագրողներիս հանդիպումներում գրեթե բոլոր թեմաները վերջում գալիս-հանգում էին խոսքի ազատության, լրատվամիջոցների անկախության ու լրագրողական էթիկայի խնդիրներին: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում մամուլի կամ զանգվածային լրատվության մասին որեւէ օրենք չկա: Այստեղ, բառի բուն իմաստով, իշխում է Սահմանադրության, այսպես կոչված, «առաջին ուղղումը», որ առաջնային է համարում խոսքի ազատությունը: ԱՄՆ սահմանադրության մի այլ կետի համաձայն, պետությունը լրատվամիջոց չպետք է ունենա: (Պետական է միայն «Ամերիկայի ձայնը», որն ԱՄՆ-ում չի հեռարձակվում): Կան ԶԼՄ-ներ, որ ֆինանսավորվում են նաեւ բյուջեից, տեխնիկապես անկախ չեն, բայց նրանք ընդհանուր առմամբ ազատ են: Սակայն բոլոր լրագրողների համար կա մի չգրված օրենք. լրագրողը պետք է աշխատի խղճի մտոք եւ երբեք ազատությունը չհասցնի անպատասխանատվության: Թեպետ արդարացում միշտ էլ կարելի է գտնել: Վաշինգթոնի Արտասահմանյան մամուլի կենտրոնի մի աշխատակից մեզ հետ զրույցում նշեց, որ լրագրողի հետ վեճի արդյունքում որպես կանոն գործը փակվում է հերքումով, որովհետեւ չես կարող ապացուցել, որ լրագրողը դիտավորյալ է սխալ տեղեկատվություն հրապարակել: Նա կարող է այս կամ այն պաշտոնյայի մասին հրապարակումից հետո ասել. «Ես չեմ իմացել, որ դուք դա չեք արել» (կամ ասել): ԱՄՆ դատարանում լրագրողը գրեթե միշտ դատը շահում է, որովհետեւ խոսքի ազատության սահմանադրական նորմը գերիշխող է: Մանավանդ, եթե հայցվորը պաշտոնյա է: Լրագրողի կողմնակալ վերաբերմունքը կարող է զայրացնել պաշտոնյային, բայց վերջինս կարող է պարզապես մյուս անգամ այդ լրագրողին հարցազրույց չտալ: Իսկ եթե դատարանը կարողանա ապացուցել, որ հրապարակումը ակնհայտ զրպարտություն է, լրատվամիջոցը պետք է հանդես գա հերքումով: Իրավաբաններից մեկի կարծիքով, գործնականում բարոյական վնասի հատուցման դեպքեր գրեթե չեն եղել: ԱՄՆ-ում լրատվամիջոցները կարող են ծաղրի ենթարկել անգամ Բուշին եւ չվախենալ, որ դրա համար մի օր իրենցից վրեժխնդիր կլինեն: «Իրականությունից դուրս տարբերակ եք ասում, չեմ կարող պատկերացնել, որ լրագրողին ծեծեն, ահաբեկեն իր աշխատանքը կատարելիս կամ նրա համար, որ նա ծաղրել է թեկուզ Բուշին: Պաշտոնյային դուր չի գալիս, երբ իր մասին ծաղրական արտահայտություն է տեսնում թերթում, բայց նա գիտի, որ պաշտոնյա լինելով չի կարող բոլորին գոհացնել»,- ասում էր ոլորտին մոտ կանգնած մի մասնագետ: Նյու Յորքի համալսարաններից մեկի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներից մեկն էլ հետեւյալ տեսակետը հայտնեց. «Հաճախ մենք հանդուրժում ենք որոշ լրագրողների անպատասխանատվությունը, որպեսզի չստացի, թե ոտնահարվում է խոսքի ազատությունը»: Եվ խմբագիրներն էլ ամեն գնով պաշտպանում են իրենց լրագրողին: Օրինակ, Վիետնամի պատերազմի ժամանակ նախագահ Ջոնսոնը չէր հավանել «Նյու Յորք թայմզի» լուսաբանումները եւ զանգել էր խմբագրություն՝ խմբագրից պահանջելով աշխատանքից ազատել այդ լրագրողին: Սակայն խմբագիրը պատասխանել էր. «Նա լավ լրագրող է եւ անում է իր գործն այնպես, ինչպես տեսնում է»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել