Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿՔԱՆԴՎԻ

Նոյեմբեր 04,2003 00:00

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿՔԱՆԴՎԻ Իսկ դպրոցներում կդասավանդեն «Հայոց եկեղեցու պատմություն» «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցների ծրագիր է մտել այս ուսումնական տարում։ Դասագրքի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։ Դասագիրքը կառավարության եւ Մայր եկեղեցու միջեւ մեկ տարի առաջ կնքված համաձայնագրի արդյունքն է։ Հեղինակը Կրթական բարեփոխումների կենտրոնն է, որի մասնագետներն աշխատել են Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավարությամբ։ 2002-ի հունվարից փորձնական փուլ անցած 4-րդ եւ 5-րդ դասարանների դասագրքերը լրամշակված տեսքով այս տարվա սեպտեմբերից դպրոցներում էին։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Արցախի ու Ջավախքի։ Իսկ 6-7-8-րդ դասարանների դասագրքերը փորձաշրջանը կսկսեն 2004-ի հունվարից։ Առարկան ուսումնասիրողները կծանոթանան հայ առաքելական եկեղեցու պատմության դրվագներին, ազգային ծեսերին ու սովորույթներին։ Ուսուցիչները վերապատրաստվել են Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում։ Վեհարանում կայացած շնորհանդեսին մասնակից մի ուսուցիչ՝ թիվ 179 դպրոցից Լեւոն Վարդանյանը, հավաստիացրեց, որ «դասերին մասնակցում են այլ կրոններին դավանողներ ազգային փոքրամասնություններից, եւ նրանք որեւէ ընդվզում չեն առաջացրել»։ Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն, ի պատասխան աղանդավորների ընտանիքների երեխաների վերաբերմունքի հետ կապված մեր հարցին, նշեց. «սա քարոզչություն չէ, այլ պատմություն, նրանց դավանանքին խանգարող ոչինչ չկա»։ Ավելին, Վ. Մարտիրոսյանի հավաստմամբ, «մենք Վեհափառի հետ սկզբունքային խնդիրները լուծում ենք այսպես՝ ոչ մի քահանա դպրոց չի մտնում, եկեղեցու հետ կապը պահպանում են ուսուցիչները, երբ հարցեր կունենան, այնպես որ, Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկ դպրոցի գաղափարը չի խախտվում»։ Գրքի ստեղծման ծախսերը հոգացել է եկեղեցին՝ արտերկրի հայ բարերարների միջոցներով, իսկ ամերիկաբնակ տեր եւ տիկին Գաբրիելյանները լավագույն ուսուցչի համար սահմանել են 5000 դոլար մրցանակ։ Շնորհանդեսի ավարտից հետո որոշեցինք օգտվել Գարեգին Երկրորդի բարձր տրամադրությունից եւ իմանալ նրա ծրագրերը Լեզվի ինստիտուտի քանդման հետ կապված։ Բայց հենց բարձր տրամադրությունն էլ խանգարեց մեզ. Վեհափառ Հայրապետն ասաց, որ «օրը չէ, այս ուրախ պահին այդ մասին չեմ ուզում խոսել, ուրիշ առիթով՝ խնդրեմ»։ Կրթության նախարար Սերգո Երիցյանը թեպետ հարցից չխուսափեց, բայց նա նոր բան չուներ ասելու, բացի նրանից, որ «դա պարզ, հասարակ խնդիր է, Կաթողիկե եկեղեցին պիտի բացվի, դուրս գա հանրության առջեւ, պատմական արդարությունը պիտի վերականգնվի»։ Իհարկե, եթե «լուծումներն այնպես տալ, որ ոչ մեկը չտուժի այդ ամենից»։ Պրն Երիցյանը հիշեց, որ աշխարհի շատ երկրներում է եղել եւ բոլոր մայրաքաղաքներում տեսել է վեհարաններ կամ «երկրի հիմնական եկեղեցին ներկայացնող աթոռանիստ վայրեր»։ «Բայց մենք մի ամբողջ աթոռանիստ քաղաք ունենք» նկատառումը նախարարին ոչինչ չասաց. «Գիտեք ինչ կա, աթոռանիստ քաղաք ունենք, բայց ունենք նաեւ մայրաքաղաք, Ռուսաստանի Ալեքսիյ Երկրորդն էլ Մոսկվայում ունի վեհարան»։ Հարցի մնացած մասն, ըստ Ս. Երիցյանի, «քաղաքաշինական է, իսկ վեհարանն անպայման պիտի կառուցվի»։ Հիշեցնենք, որ վերջերս Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների աշխատակիցների պատվիրակությանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը պատասխանել էր, որ «կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել» եւ խոստացել է կազմակերպել աշխատակիցների եւ Վեհափառի հանդիպումը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել