Շիրակի գյուղերը՝ «զարգացման գոտի» Առանց գազի, հեռախոսի եւ պարարտանյութի Շիրակի մարզի գյուղերում վիճակն այս տարի ավելի է բարդացել: Գյուղացիների ասելով, ոչ գարնանացանից, ոչ աշնանացանից գրեթե եկամուտ չեն ստացել, շատերը սերմացուի ծախսերն անգամ չեն հանել, իսկ մկների ու մորեխների դեմ կիրառված մասնավոր միջոցառումները ապարդյուն են անցել: «Թունաքիմիկատը թանկ ու կրակ գնով. մեկ կիլոգրամը 4000 դրամով եմ ճարել, սակայն չպաշտպանված հարեւան տարածքից մկները դարձյալ մեր դաշտ են ներխուժել ու ցանված տասը հեկտար հացահատիկից հազիվ երկու հեկտար բերք եմ ստացել»,- ասում է Հայրենյացի բնակչուհի Որմիզդուխտ Թադեւոսյանը: Իսկ գյուղապետի տեղակալ Գեւորգ Մարտիրոսյանը հավաստում է, որ իրենց գյուղում երբեւէ գրանցված նվազագույնից 5 անգամ ցածր բերք են ստացել: Պարզվում է, հարեւան համայնքները՝ Հայկասարը, Տուֆաշենը, Լեռնակերտը, Պեմզաշենն էլ են նույն վիճակում գտնվում: Վերջիններս զուրկ են ինչպես ոռոգման ջրից, այնպես էլ համայնքները մարզկենտրոնին կապող նորմալ ճանապարհներից: Այս պատճառով տրանսպորտն էլ կարգին չի աշխատում: Օրինակ՝ Հայրենյացի համար առանձին ավտոբուս նախատեսված չէ , գյուղ եկողը վերադառնալ չի կարող: Սա էլ իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում թե ուսանողների եւ թե դրսից եկող մանկավարժների համար: Ինչպես տեղեկացանք, գյուղի դպրոցում նաեւ ոչ մասնագետներ են աշխատում, որովհետեւ նման պայմաններում մասնագետներ հրավիրել չեն կարողանում: Գյուղի դպրոցի 74 տարվա շենքը բարվոք վիճակում չէ. կատարված կոսմետիկ վերանորոգումը փրկություն չէ: Գյուղի եկեղեցին ու «կլուբն» էլ վերանորոգման կարիք ունեն. միայն կուլտուրայի տունը վերանորոգելու համար, նախնական հաշվարկների համաձայն, անհրաժեշտ է 12 մլն դրամ: Բայց ամենից շատ գյուղացիներին վառելիքի հարցն է հուզում, այստեղ բնական գազ չկա: Թեեւ գյուղացիների վկայությամբ մինչեւ 1992 թ. իրենք բնական գազ ունեցել են, իսկ խողովակները նորմալ վիճակում պահպանվել են: Իսկ Արթիկի գազի գրասենյակի աշխատակիցները «անհիմն պատճառաբանությամբ» ուզում են նորը տեղադրել: Շիրակի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Բենիամինում, բնական գազ կա, սակայն հեռախոս չկա, այստեղ բոլոր լարերը գողացել են: Գյուղի կանանցից շատերը տանն են ծննդաբերում, թեեւ Գյումրիին կպած տարածք է: Իսկ ակումբն այստեղ բավականին ակտիվությամբ է գործում, երբեմն համերգներ են կազմակերպվում, սակայն, ըստ գյուղացիների՝ իրենց միայն «անհետաքրքիր» երգիչներն են հյուրընկալում։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ