Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԴ ԲԱ՜Ց ԱՐԱ

Նոյեմբեր 04,2003 00:00

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԴ ԲԱ՜Ց ԱՐԱ Հերիք չէ՝ կառավարությունն ու «ԱրմենՏելն» էին միաբանվել ՀՅԴ դեմ ու նրան հակառակ՝ բաց ժողով էին անցկացնում, շաբաթ օրն էլ նրանց միացավ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ իր հրավիրած բաց համագումարով: «Օրինաց երկրի» անդամներ Հովհաննես Մարգարյանի ու Արտակ Առաքելյանի հետ միասին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ոստանիկ Մարուխյանն էլ էր ներկա այս համագումարին: Թեեւ նրանք ապահովեցին լուռ ներկայություն, տեղ-տեղ՝ քնած, առաջին իսկ հարմար առիթով էլ՝ հեռացան, առանց օգտվելու բաց համագումարում բանավեճ ծավալելու առաջարկներից: Ընդդիմադիր լռակյացներն ավելի շատ էին՝ Պ. Մակեյան, Մ. Գասպարյան, Ջորջ Հակոբյան, Ռուբեն Թորոսյան եւ այլք: Փոխարենը ծավալուն զեկույցով հանդես եկավ Արշակ Սադոյանը, որը հերթական անգամ շարադրեց «ազգ-կազմակերպության» եւ «ծրագրային պետության» իր գաղափարները: Դրանց անհրաժեշտությունը հիմնավորեց այն հանգամանքով, թե «Հայաստան երկրի հետ խաղում են՝ ինչպես ֆուտբոլի գնդակի»: Եվ որպես ասվածի օրինակ՝ մատնանշեց. «Գալիս է ինչ-որ Չուբայս, ու ինչ ուզում՝ անում է», հավելեց. «Հիմա նստած չուբայսները որոշում են՝ ՀՀ-ն պե՞տք է էլէկտրաէներգիա տա Ադրբեջանին, թե՞ ոչ, Թուրքիայի՞ն պետք է էլեկտրաէներգիա տա. թե՞ ոչ: Սա պետություն չէ, սա չո՛ւլ է: Այս խղճուկ պետության հետ վարվում են՝ ոնց ուզում են, քանի որ այս պետության մեջ չկա տարրական կարգուկանոն»: Սադոյանի բառապաշարը տարիների ընթացքում չի փոխվում եւ այժմ էլ ազդարարեց. «1-2 շաբաթվա ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգը լափեցին… Թե՞ Հայաստանը զիբիլ է, չուլ է, որ իրավունք էլ չունի պայման դնելու»: Այս արտահայտություններին արձագանքեց «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը, որը նշեց, թե երբ խոսում ենք մեր պետության մասին՝ պիտի զգացվի սերը Հայաստանի հանդեպ. «Մեր երկիրը չուլ չէ՛»: «Հանրապետության» գործիչներն առավել մեծ ոգեւորությամբ ընդունեցին Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի ելույթը. «Սադոյան Արշակին երբեմն աջից ու ձախից ոռնահաչում են, թե իրեն սպառել է, անտեղի զավզակություններով է զբաղվում: Մենք՝ մարքսիստներս, ասում ենք՝ ո՛չ: Սադոյան Արշակը եղել եւ մնում է հայ քաղաքական մտքի էմպիրիոկրիտիցիզմի ռահվիրան»: Սակայն նշեց. «Բայց մի հարցում Սադոյան Արշակի հետ համաձայն չեմ. երբեմն ինքն ասում է՝ ի՞նչ է, սպասում եք, որ Սասունցի Դավիթնե՞րը պետք է գան, որ ձեզ փրկեն: Բա որ Սասունցի Դավիթները չգան՝ էս վիկինգներին Թարթառի հովիտ ո՞վ պետք է քշի»: Ելույթը Հայաստանի գլխավոր մարքսիստն ամփոփեց այսպես. «Քաղաքական օնանիզմով զբաղվելու ժամանակներն անցել են: Հարկավոր է գործե՛լ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել