Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երրորդ կեղծարար «վագրը»

Նոյեմբեր 04,2003 00:00

Երրորդ կեղծարար «վագրը» Ամենայն հավանականությամբ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վրաստանին օգնել է ոչ միայն թափանցիկ քվեատուփերով, այլեւ «օգտակար» խորհուրդներով։ Արդյունքում, շատերի համար անսպասելի, քվեների շուրջ 28%-ի հասնող ցուցանիշով առջեւում է նախագահամետ «Հանուն նոր Վրաստանի» բլոկը։ Ոչ պակաս անսպասելի էր այն, որ «Բուրջանաձե եւ ժողովրդավարներ» միավորումը, որի հավակնություններն այս ընտրություններին թերեւս ամենաբարձրն էին, նախնական 9,5%-ի ցուցանիշով գրավել է «պատվավոր» չորրորդ տեղը։ Եվ այժմ այս միավորման ներկայացուցիչները պնդում են, որ ընտրությունները կեղծված են, եւ իրենք նախապատրաստվող կեղծիքների մասին դեռ վաղուց գիտեին։ Դարձյալ ըստ նախնական տվյալների, երկրորդ տեղում մոտ 23 տոկոսով «Սահակաշվիլի-Ազգային շարժում» ընդդիմադիր դաշինքն է, երրորդ տեղում՝ Լեյբորիստական կուսակցությունը՝ 16%-ով։ Եթե մեկ բառով բնութագրելու լինենք Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, ապա միանշանակորեն դրանք անցան խայտառակ կերպով։ Համենայնդեպս, այդ կարծիքին են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Ասենք, իշխանության ներկայացուցիչները եւս չեն թաքցնում, որ նոյեմբերի 2-ի ընտրությունները, մեղմ ասած, լավագույնը չէին, թեեւ բազմաթիվ օրինախախտումների ու կեղծումների մեջ մեղադրում են ընդդիմադիրներին։ Վրաստանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ «ընտրություններն անցան շատ ծանր պայմաններում»։ Ըստ նրա, մի շարք մեծամասնական ընտրատարածքներում պարտվող թեկնածուներն ուղղակի ջարդուփշուր էին անում քվեատուփերը, կանխապես հող նախապատրաստելով ի վնաս իրենց կատարված կեղծումների հարցով հետագա արշավի կազմակեպման համար։ 17 ընտրատեղամասերում կեղծումներն ու հանցագործություններն այնքան բացահայտ են եղել, որ Վրաստանի ԿԸՀ-ն դրանցում կայացած ընտրությունների արդյունքները անվավեր է ճանաչել եւ նշանակել է կրկնական ընտրություններ։ Դա, իհարկե, էապես չի փոխի արդեն ձեւավորված պատկերը։ Ուշագրավ է նաեւ մեկ այլ դիպված։ Քվեարկության ավարտից մի քանի ժամ առաջ Թբիլիսիից 18 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է զենքի խոշոր գաղտնարան։ Ըստ Վրաստանի պետանվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիայի, այդ զինապահեստը պատկանել է Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցներին, որոնք, իբր թե, նախատեսել էին ահաբեկչական ակտեր իրականացնել Շեւարդնաձի դեմ։ Համաձայնեք, որ «փայլուն» օպերացիա է։ Ի դեպ, զուտ սպորտային հետաքրքրության տեսակետից ուղղակի հիացմունք են պատճառում Աջարիայում արձանագրված քվեների պատկերը։ Պաշտոնական Թբիլիսին այստեղ, բնականաբար, կեղծումներ չի արել, սակայն այստեղ լիուլի կեղծել է պաշտոնական Բաթումին։ Աջարիայի նախագահի հովանավորած «Վերածնունդ» շարժումն այստեղ ստացել է քվեների 94 տոկոսը, ինչը, սակայն, ողջ Վրաստանի համատեքստում կազմում է ընդամենը 6 տոկոս։ Իսկ անցողիկ նշաձողն, այստեղ, ինչպես հայտնի է, 7 տոկոսն է։ Տեղի դիտորդներն, իհարկե, գրեթե համոզված են, որ Շեւարդնաձեն ավելորդ տհաճություններից խուսափելու համար Աբաշիձեին հաստատ մի երկու տոկոս «կշպրտի»։ Ինչեւէ, Վրաստանում ընտրություններն ավարտվեցին եւ Հարավային Կովկասն, ըստ էության, ոչ լեգիտիմության առումով, վերջնականապես դարձավ միատարր։ Բարի գալուստ ընտրակեղծարարների ընտանիք։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել