Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գ.Մելքոնյանի ցուցմունքները հակասական են

Նոյեմբեր 04,2003 00:00

Գ.Մելքոնյանի ցուցմունքները հակասական են «Հոկտեմբերի 27»-ի քրգործի դատաքննության ավարտին գրեթե զուգահեռ ավարտվեց նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննությունը, որը, սակայն,1,5 տարի չտեւեց: Երեկ այս քրգործով ցուցմունքներ են տվել դատակոչված վերջին վկաները: Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպանների դիտարկմամբ, երեկ հստակ դարձավ, որ Հայաստանում կան նաեւ արտակարգ դատարաններ, որոնց իրավասություն է տրված շրջանցել քրեադատավարական օրենսդրությունը: Երեկ դատարանը նախագահող Սարո Արամյանի նախագահությամբ մերժել է պաշտպան Ամալյա Ավագյանի միջնորդությունը՝ դատակոչել նախաքննության ընթացքում հարցաքննված մի քանի վկաների, որոնք, սակայն, չէին դատակոչվել: Դատավորը դժկամությամբ, բայց բավարարել էր նրա միջնորդությունը՝ Հովհաննես Հարությունյան-«Ապերի» կնոջ, վկա Գայանե Մելքոնյանին կրկին հարցաքննելու վերաբերյալ, որի դատաքննական ցուցմունքներ տալու ժամանակ այդ պաշտպանը դեռեւս դատական պրոցեսում ընդգրկված չէր եղել: Ա.Ավագյանը փորձել էր վկային ուղղված հարցերի միջոցով հստակեցնել Գ.Մելքոնյանի եւ ամբաստանյալ Ռաֆիկ Մելքոնյանի դատաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունները: Բանն այն է, որ դատարանում տված իր ցուցմունքում, որը կա նաեւ արձանագրության մեջ, Գ.Մելքոնյանը պատասխանելով կողմերի հարցերին հայտարարել էր, թե «Ապերի» գրած հայտնի գրության գոյության մասին իմացել էր ամուսնու պաշտպան Հ.Քարամյանից, ինչից վկան երեկ հրաժարվեց՝ ասելով, թե ինքը նման բան չի ասել: Հիշեցնենք, որ նշված գրությունը դատաքննության ընթացքում ի հայտ եկավ՝ որպես մեղադրողների խաղաքարտ, որովհետեւ այնտեղ հիշատակվում էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան: Վկա Գ.Մելքոնյանը երեկ հրաժարվել է դարձյալ դատաքննությամբ արձանագրված իր մեկ այլ ցուցմունքից: Ըստ այդ ցուցմունքի, նա ասել էր, թե 2003-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, գնացել էր Եռաբլուր՝ հույսով, որ կհանդիպի Ա.Սարգսյանին, որովհետեւ արդեն 10 օր էր, նրան էր փնտրում: «Հարց է ծագում, «Ապերի» կինն ինչո՞ւ էր 10 օր շարունակ Սարգսյաններին, Արմեն Սարգսյանին փնտրում, երբ «Ապերը» դեռ կալանավորված չէր, ու ինքն էլ տեղյակ չէր ամուսնու թողած գրության բովանդակությանը»,- երեկ մեր զրույցի ժամանակ նկատեց Ա.Ավագյանը: Երեկ դատարանը մերժել է նաեւ ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպանների եւս մի քանի միջնորդություններ, որոնք վերաբերել են դատաբժշկական փորձագետներին, Երեւանի թիվ 3 հիվանդանոցի ընդունարանի բժիշկներին դատաձգաբանական փորձագետներին դատակոչել: Փոխարենը ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանն է կրկին ցուցմունք տվել՝ հայտարարելով, թե Տ.Նաղդալյանի սպանության օրն ինքը խոսել է Ջոն Հարությունյանի հետ, որն ասել է, թե կրակել է լրագրողի ճակատին, ինչը եւս հակասում է քրգործի նյութերում առկա դատաբժշկական փորձաքննությանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել