Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ»՝ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Նոյեմբեր 04,2003 00:00

«ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ»՝ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱԺ երեկվա նիստը հարուստ էր հետաքրքիր զարգացումներով, որոնցից ամենակարեւորն առնչվում է վստահության հանրաքվեին: Ընտրախախտումների շուրջ ԱԺ-ն 27 «կողմ», 41 «դեմ», եւ 5 «ձեռնպահ» ձայներով երեկ մերժեց «2003-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Արդարության» նախաձեռնությունը: Նշենք նաեւ, որ 33 պատգամավոր չէին մասնակցել քվեարկությունը: Հանձնաժողովի ձեւավորումը տապալեցին այն պատգամավորները, որոնց ընտրությունները վիճահարույց էին թույլ տրված խախտումների պատճառով՝ Վլադիմիր Բադալյանը (16 ընտրատարածք), Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկերի Վլադ), Մեխակ Մխիթարյանը, Խաչիկ Պետրոսյանը (Կառլոս Պետրոսյանի եղբորորդին) եւ այլք: Սա նկատի առնելով՝ բոլորովին այլ համատեքստում է ընկալվում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հարցադրումն ընդդիմությանը, թե բոլոր ամբիոններից ասում եք, որ ԱԺ-ն լեգիտիմ չէ՝ ինչո՞ւ եք հապա ոչ լեգիտիմ մարմնից ակնկալում արժանահավատ պատասխան: Ընտրախախտումներն ուսումնասիրելու նախաձեռնություն եղել է նաեւ նախորդ ԱԺ-ում. Հայկ Բաբուխանյանն էր 2000-ին նման նախագիծ ներկայացրել, որն այդպես էլ մնաց ԱԺ մեծ օրակարգում: Նրա կուսակիցը՝ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն այժմ նշեց, թե այս ԱԺ-ն ավելի շատ է վախենում նման հարցերի քննարկումից, քան 4 տարի առաջ: Ի դեպ, տարօրինակ է, որ չքվեարկածների մեջ էր նաեւ Ստեփան Դեմիրճյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարից հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում արդյոք, որ այս հանձնաժողովի ձեւավորումը կարեւոր էր ընտրախախտումներն ուսումնասիրելու վերաբերյալ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պատասխանատվության առումով: «Իմ կարծիքով, այդ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու կարիք չկա, քանի որ արդեն կա Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովը,- պատասխանեց Տիգրան Թորոսյանը:- Այս հանձնաժողովը զբաղվելու է ընտրությունների հարցերով: Ավելին՝ սկսե՛լ է զբաղվել: Հանձնաժողովը պիտի ստանա անցած ընտրությունների վերաբերյալ կարծիքներ խմբերից, խմբակցություններից, ԿԸՀ-ից, այլ կառույցներից եւ առաջարկներ անի, թե ինչ կարելի է անել, որ գալիք ընտրությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Միաժամանակ՝ պայմանավորվածության համաձայն, Վենետիկի հանձնաժողովն այս ժամանակահատվածում ուսումնասիրում է միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների եզրակացությունները՝ ամփոփելու համար: Նախնական տարբերակն արդեն ստացել ենք: Դեկտեմբերին կփորձենք ամփոփել այս ամենը եւ ճշտել մեր անելիքները՝ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման եւ այլ հարցերի առումով: Ուստի տրամաբանական է ոչ թե նոր հանձնաժողով ստեղծել, այլ օգտագործել այս հանձնաժողովի հնարավորությունները»: Նշենք, որ «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» հայտնեց, թե չի կարծում, որ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի հանձնաժողովը բավարար է ընտրախախտումներն ուսումնասիրելու համար: Մնացին պառկած Տապալվեց նաեւ «27»-ի դատաքննության 2003-ի հունվարից մինչեւ հունիս հետաձգելու փաստն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որի հեղինակը՝ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում էր մասնավորապես ուսումնասիրել ամբաստանյալ Վռամ Գալստյանի հիվանդությանը վերաբերող բժշկական փաստաթղթերը: Ըստ պրն Դալլաքյանի՝ հանրության մեջ հիմնավոր կասկած կա, որ ընտրությունների ընթացքում դատավարության հետաձգումն ուներ քաղաքական ենթատեքստ: Այս հարցի քվեարկությունն ամենահետաքրքիրն էր. ռեկորդային քանակի՝ 41 պատգամավոր չէին քվեարկել ընդհանրապես: Ի դեպ, նրանց մեջ էր էլի… Ստեփան Դեմիրճյանը: ՀՀԿ խմբակցության անդամների մի մասը՝ Մանվել Ղազարյան, Հրանտ Գրիգորյան եւ այլք՝ քվեարկել էին «կողմ», մի մասը՝ «դեմ», մի մասն էլ չէին քվեարկել: Նույն խայտաբղետ պատկերն էր նաեւ ՀՅԴ պարագայում՝ Ալվարդ Պետրոսյանը «կողմ» էր, Միքայել Վարդանյանը չէր քվեարկել, մնացածը «դեմ» էին: Արժանահիշատակ են այն պատգամավորների անունները, որոնք «27»-ի գործով տուժող են ճանաչված, սակայն տապալեցին այս նախաձեռնությունը՝ գերադասելով չխորանալ «27»-ի դատավարության հետաձգման պատճառների մեջ: Չքվեարկեցին տուժողներ Արմեն Մխիթարյանը, Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Վազգեն Խաչիկյանը, Հերմինե Նաղդալյանը եւ այլք: Նախաձեռնությունը ներկայացնելիս Վիկտոր Դալլաքյանը հիշեցրել էր Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի խոսքերը. «Եթե հոկտեմբերի 27-ին ժամերով հատակին պառկածների մեջ դեռ մնացել է արժանապատվություն՝ իրենք պետք է ընդառաջ գնան այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կարող են ինչ-որ չափով նպաստել «հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտմանը»: Քվեարկությունից հետո պրն Դալլաքյանն ասաց լրագրողներին. «Այն պատգամավորները, որոնք դեմ քվեարկեցին կամ վախեցան մասնակցել քվեարկությանը՝ պառկած էլ մնացել են»: Ձիով քայլ Սակայն պարզվեց, որ ընդդիմությունը որոշակիորեն նաեւ ժամանակ էր ձգում՝ վերոթվարկյալ հարցերի շուրջ բազմաթիվ ելույթներով, քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրելով: Շատ լավ ճանաչելով մեր խորհրդարանը՝ նրանք գիտեին, որ «կանչով» քվեարկելու եկող պատգամավորների մի ստվար խմբի համբերությունն անսպառ չէ, նրանք միայն կարճաժամկետ այցերով են ժամանում ԱԺ: Ուստի եւ ժամանակ ձգձգելով՝ առավել բարդանում է այն խնդիրը, որ ձեւավորման սկզբից ի վեր ծառացած է ԱԺ առջեւ. այն է՝ հնարավոր չի լինի ապահովել քվորում: Իսկ «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը» վաղօրոք էին իրար հետ պայմանավորվել քվեարկությանը չմասնակցելու մասին: Եվս մի մարտավարական հաջող հնարք՝ գրեթե մեկ նիստ ձգված օրակարգի հաստատման ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները ծպտուն անգամ չհանեցին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի թեմայով: Այնպես որ՝ ԱԺ մեծամասնության զգոնությունը բթացել էր լիովին: Եվ երբ քվեարկության դրվեց ոչինչ չասող անվանումով «ԱԺ 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը 15 օրով հետաձգելու մասին» հարցը՝ քչերն էին տեղյակ, որ այդ շարքում 6-ից մեկը հենց այն օրինագիծն է, ըստ որի՝ ՍԴ առաջարկով պիտի կազմակերպվի վստահության հանրաքվե: Ուստի կոալիցիայից ոմանք, եւ ՄԱԿ-ի խմբակցությունը՝ գրեթե ամբողջ կազմով, չքվեարկելով ակամա նույնպես միացան ընդդիմությանը: Հետաձգելու որոշումը չընդունվեց: Քվեարկությունից հետո Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, որ «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխելու հարցն ընդգրկվեց օրակարգ՝ ուղղակի խուճապի մատնեց մեծամասնությանը: ԱԺ փոխնախագահն արդարանում էր, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, որն այսուհետ կբացառվի: Այսուհանդերձ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն, 60 օրվա ընթացքում այս հարցը պիտի ներառվի եռօրյա նիստերի օրակարգում: Չստորագրված օրենքներ Մնացած հարցերի ժամանակ արդեն չեղան անակնկալներ: Քննարկվեցին Ռոբերտ Քոչարյանի առարկությունները «Ազգային անվտանգության հիմնադրույթների» մասին օրենքի վերաբերյալ, որն ընդունվել էր միաձայն՝ կառավարության դրական եզրակացությամբ, ՊՆ նախարարի խրախուսական նամակներով: Սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե այն չի քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ սա արդեն ոչ թե ԱԺ-ի եւ նախագահի, այլ վերջինիս եւ կառավարության հարաբերությունների խնդիրն է: Երեկ քննարկվեց նաեւ «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախաձեռնությունը: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը կասկած հայտնեց, թե առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկում սահմանելը պատժի խստացում է, որը հետադարձ ուժ չունի, ուստի չի տարածվի «27»-ի գործի ավարտված դատաքննության վրա: Սակայն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հերքեց այդ կասկածը: Իսկ նախաձեռնության հեղինակը՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց «Առավոտին». «Եթե օրենքի նախագիծը չորեքշաբթի ընդունվի 2-րդ ընթերցմամբ, հաջորդ օրն ուղարկվի հանրապետության նախագահին, նա 2-3 օրվա ընթացքում ստորագրի եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լինի դատավճիռը՝ այդ դեպքում «27»-ի հանցագործների վրա կտարածվի այս օրենքը: Սա քաղաքական խնդիր է՝ նախագահը կարող է 21 օր չստորագրել եւ դրանից հետո ստորագրել օրենքը: Իսկ դատավոր Սամվել Ուզունյանին էլ կարող են ասել, որ դատավճիռը կարդա նոյեմբերի 10-ին: Այս դեպքում օրենքը չի ունենա հետադարձ ուժ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել