Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 04,2003 00:00

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ըստ թիվ 9 ԸԸՀ նախագահ Եղիշե Տերտերյանի, թաղապետի այդպիսի ընտրություններ են անցկացվել Աջափնյակում, ինչի հետ, բնականաբար, համաձայն չէ պարտված թեկնածու Արման Սահակյանը: Նոյեմբերի 2-ին Աջափնյակ համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ: Մրցապայքարին մասնակցում էին երեք թեկնածուներ՝ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արման Սահակյանն ու համայնքի ավագանի Վարդան Առաքելյանը: Ի տարբերություն այս համայնքում նախկինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, այս անգամ դրանք անցան խաղաղ մթնոլորտում՝ չհաշված նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ այդ փուլում դանակահարվել էր թեկնածու Ա.Սահակյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից մեկը, եւս երկու քաղաքացի ստացել էին ծանր եւ թեթեւ մարմնական վնասվածքներ: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է մեկ հոգի: Ընդամենն ընտրություններին մասնակցել է 31,315 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 42%-ը: Սա համայնքի թիվ 9 ԸԸՀ նախագահ Եղիշե Տերտերյանի գնահատմամբ, նախորդ ընտրությունների համեմատությամբ բարձր ցուցանիշ է. համայնքում մինչ այս անցկացված ընտրություններին մասնակցության ամենաբարձր թիվը եղել է՝ 23 հազար ընտրող: Ընտրությունների օրը ակնհայտ էր, որ ոստիկանությունը պատրաստ է կասեցնել համայնքում սպասվելիք ցանկացած օրինազանցություն. ոստիկանության ուժերն այստեղ մոբիլիզացվել էին, օգնության նպատակով կազմ-պատրաստ էին նաեւ Մաշտոցի ոստիկանության բաժնի տարածքում գտնվող կարմիր բերետավորները: Այդուհանդերձ, ինչպես ասացին Մաշտոցի ոստիկանության հերթապահ ծառայությունում, որեւէ ահազանգ կապված ընտրությունների հետ չի եղել, ուստիեւ՝ ոստիկանության միջամտության կարիքն էլ չէր զգացվել: Օրվա առաջին կեսին Ա.Սահակյանի նախընտրական շտաբում էլ վկայում էին, որ քվեարկության ընթացքում որեւէ լուրջ միջադեպ, ընտրակեղծիքի ակնհայտ փաստեր չեն արձանագրվել: Միայն ուշ երեկոյան, արդեն ընտրատեղամասերը փակելուց քիչ առաջ, ժ.19.45-ին Ա.Սահակյանի նախընտրական շտաբն ահազանգեց, որ թիվ 09/33 տեղամասում կուտակումներ կան: Տեղում եղանք, զրուցեցինք տեղամասի հանձնաժողովի նախագահ պարոն Իգիթյանի հետ: Նրա ասելով, ընտրություններն ընթանցել են օրենքի սահմաններում եւ խախտումներ չեն արձանագրվել: Իսկ տեղամասին հարող տարածքում այդ պահին մի քանի տասնյակ երիտասարդներ էին հավաքվել: Մտավախություն կար, որ ձայների հաշվարկման ժամանակ այստեղ կարող էր սադրանք լինել, բայց ոստիկաններն իրենց տեղում էին: Հաջորդ շատ թե քիչ աղմկահարույց միջադեպը թիվ 153 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում էր: Ըստ ԸԸՀ նախագահ Ե.Տերտերյանի, ահազանգ էր ստացվել Ա.Խաչատրյանի վստահված անձանցից, իբրեւ «պատգամավորի ուղեկցությամբ թաղային հեղինակություններ են ներխուժել տեղամաս»: Սակայն պրն. Տերտերյանի մատուցմամբ, պատգամավորը դիտորդի կարգավիճակով է այցելել տեղամաս. տեղում ամեն ինչ պարզվել է եւ հարթվել: Նրա ասելով, երեկ ԸԸՀ-ում 7 դիմում-բողոք էր ստացվել Ա.Սահակյանի վստահված անձանցից, սակայն՝ «դրանք պրոֆիլակտիկ բնույթի են եւ ոչ մի էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա չեն ունենա»: Առհասարակ, պրն Տերտերյանի կարծիքով, «շատ նորմալ, եվրոպական չափանիշների ընտրություններ էին»: Այդուամենայնիվ, Ա.Սահակյանի թիմակիցների բողոքներին երեկ ընթացք էր տրվել: Այսօր կբացվեն համայնքի 7 ընտրատեղամասերի քվեարկությունների փաթեթները՝ դրանք վերահաշվարկելու նպատակով: Ա.Խաչատրյանի նախընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը այս ընտրությունների «անակնկալը» համարում է «մատիտակարուսելը»: Նրա կարծիքով, «բոլորին փող էր տրված եւ որպես վերահսկելու գրավական կարմիր գրիչներ էին բաժանված՝ քվեաթերթիկում նշում կատարելու համար»: Արծրուն Խաչատրյանն «Առավոտի» թղթակցին ասաց. «Հայաստանում նման ընտրություններ չէին եղել: Ես շնորհակալ եմ, որ աջափնյակցիները գնահատեցին իմ աշխատանքը եւ այդքան գումարների եւ ճնշումների պարագայում՝ մաքուր խղճով քվեարկեցին»: Ընտրությունների մասին միանգամայն այլ կարծիքի է Արման Սահակյանը. «Ես ցավում եմ, որ հրաշալի Աջափնյակը շարունակելու է մնալ Երեւանից դուրս՝ վաճառված այգիներով, գրավված մայթերով, մութ ու կեղտոտ՝ նման հեռավոր լեռնային գյուղերի: Ցավում եմ, որ կուտակված պրոբլեմները եւս երեք տարի մնալու են չլուծված: Վստահ եմ, որ աջափնյակցիները ընտրել են բարեկեցիկ, զարգացող համայնքի ծրագիրը, բայց նրանց պարտադրվում է այլ ճանապարհ»: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, այս ընտրություններում որոշակի էր եղել նաեւ իշխանական կոալիցիայի երկու՝ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի», կուսակցությունների պահվածքը, որոնք՝ թեեւ, Ա.Սահակյանին սատարող ՀՀԿ-ին ամենաքիչը խոստացել էին թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովել, իրականում գործնական աջակցություն էին ցուցաբերել հենց Ա.Խաչատրյանին՝ հանրապետականներին ապագայի համար դաս տալու նպատակով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել