Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք

Նոյեմբեր 01,2003 00:00

Հիշատակի խոսք Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, կյանքի 63-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր ժամանակների ճանաչված լրագրող Ռոբերտ Մավիսակալյանը։ Երկարամյա ստեղծագործական գործունեության, պետական մտածողության ու հասարակության հանդեպ պատասխանատվության զգացման շնորհիվ Ռոբերտ Մավիսակալյանին հաջողվեց համախմբել նոր մտածողության թիմեր, որոնց ջանքերով էլ եթեր դուրս եկան «Հինգշաբթի», «15 օր», «Հարցեր», «6-րդ ստուդիա», «Հոթ-լայն» հաղորդաշարերը։ 1991 թվականին Ռոբերտ Մավիսակալյանի ջանքերի շնորհիվ հիմնադրվեց «Հայաստան» հեռուստաընկերությունը, իսկ Արցախի ազատագրական պայքարի տարիներին նրա շնորհիվ էր, որ միջազգային հանրությունը ստացավ ճշմարտացի լրատվություն։ Հաղորդագրություններ էին տրվում այնպիսի ճակատային գծերից, ինչպիսիք էին Գետաշենն ու Շահումյանը։ 1991 թվականից ընդունվելով ՀՌԱԿ-ի շարքերը, Ռոբերտ Մավիսակալյանը նոր շունչ հաղորդեց կուսակցությանը, հայրենիքում նոր-նոր ձեւավորվող աջ գաղափարախոսության քարոզչությանը։ Նրա հիմնական քարոզն էր՝ լայնախոհություն եւ համերաշխություն, սրա մեջ էր տեսնում երկրի առաջընթացը։ Ակտիվ մասնակցություն ցուցաբերելով ՀՌԱԿ-ի կառույցների ստեղծմանը, հաճախակի լինելով մարզերում, հանդիպում էր հասարակության տարբեր շերտերին եւ նրա համար գերագույն արժեքը հայ մարդն էր, որի հետ պատրաստ էր ժամերով զրուցել, պարզաբանել ճշմարտությունը, նաեւ խորհուրդ առնել։ Սա էր Ռոբերտ Մավիսակալյանի հիմնական գործելաոճը։ Սկսած 1999 թվականից, ՀՌԱԿ համագումարների մասնակիցները Ռոբերտ Մավիսակալյանին ընտրել են Հանրապետական վարչության անդամ։ 1995, 1999 եւ 2003թթ. ԱԺ ընտրություններում ՀՌԱԿ համամասնական ցուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու։ Թողնելով մեծ ժառանգություն եւ հեռանալով կյանքից որպես դասական, Ռոբերտ Մավիսակալյանը միացավ հայաստանյան դասական-ռամկավարներ Վարդգես Պետրոսյանին եւ Ֆրունզե Դովլաթյանին։ Հիրավի՝ կորուստը մեծ է ոչ միայն կուսակցության, այլեւ ողջ հայ հասարակության համար։ ՀՌԱԿ Հանրապետական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել