Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ԿՀԱՐՍՏԱՆԱ 1 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

Նոյեմբեր 01,2003 00:00

ԲՅՈՒՋԵՆ ԿՀԱՐՍՏԱՆԱ 1 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԵՊՀ նախկին տնտեսագիտության ֆակուլտետի շենքի վաճառքի շուրջ ծավալված խոսակցություններն ամբողջացնելու նպատակով, ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք նաեւ ՀՀ կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչության պարզաբանումները: Վարչության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր նախորդ հրապարակման մեջ ԵՊՀ պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանի փաստարկները՝ մայր բուհի՝ Այգեձոր 78 հասցեում գտնվող նախկին տնտեսագիտության եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի կոնսերվացված լինելու մասին: Եվ որ վաճառվողը հենց այդ մասնաշենքն է, եւ ոչ այն, որտեղ հիմա դասեր են ընթանում: Վարչությունը, միեւնույն ժամանակ, ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ (որ դեռեւս վավերացված չէ եւ ենթակա է լրամշակման), որը հաստատում է ի սկզբանե հրապարակած մեր այն լուրը, ըստ որի՝ վաճառվող շենքի հավանական գնորդը կլինի «Տոնուս» ՍՊԸ-ն: Ըստ նախագծի՝ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվում է ուղղակի եղանակով հավանական գնորդ «Տոնուս» ՍՊԸ-ին վաճառել ԵՊՀ պետական ոչ առեւտրային կազմակերպությանը ամրագրված՝ Այգեձոր 78 հասցեում գտնվող մասնաշենքը՝ պայմանով, որ ընկերությունը ԵՊՀ-ին փոխանցի $400 հազարին համարժեք դրամ: Ինչն էլ կուղղորդվի Աբովյան 50 հասցեում գտնվող շենքի բակում կառուցվելիք մասնաշենքի շինարարությանը: Սրանով հաստատվում է նաեւ մեր այն տեղեկատվությունը, որ սրանից բյուջեն կհարստանա 1 մլն դրամով: Խոսքն այն մասին է, որ կառուցվելիք մասնաշենքի հողի կադաստրային արժեքը 1 մլն դրամ է, որն էլ կմտնի բյուջե: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել