ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԵԼԻ ՎԱՏՆ Է ԴԱՐՁԵԼ Նոյեմբերի վերջին ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, երկրորդ ընթերցմամբ կընդունի «Զանգվածային լրատվության մասին» օրենքը: Ընդհանրապես, օրինագծերը լուրջ փոփոխությունների են ենթարկվում միայն առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում, իսկ դրանից հետո հիմնականում ոչինչ չի փոխվում: Սակայն եթե «ԶԼ մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի այն տարբերակով, ինչպիսին երեկվա դրությամբ էր, դա կնշանակի, որ իրականություն են դառնում լրագրողական աշխարհի սպասումները՝ նոր օրենքը մահակ է ազատ խոսքի դեմ: Երբ այդ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը չէր բացառում, որ՝ ավելի լավը դառնալու փոխարեն, օրենքն ԱԺ-ում կենթարկվի այնպիսի փոփոխությունների, որից հետո նախնական տարբերակը երանությամբ կհիշենք, դրան քչերն էին հավատում: Սակայն այսօրվա դրությամբ այդ տխուր կանխատեսումն իրականացել է: Երեկ Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուսը» եւ Խոսքի ազատության աջակցության կոմիտեն կազմակերպել էին օրենքի հերթական քննարկումը: Թեեւ ԵՄԱ անդամները որոշակի գոհունակությամբ ներկայցրեցին այն փոփոխությունները, որոնք իրենց առաջարկով ընդունվել է օրինագծում, սակայն նկատեցին, որ առայժմ կան առնվազն երեք սկզբունքային դրույթներ, որոնց փոփոխության համար հարկավոր է պայքարել: Նոյեմբերի 10-ը առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է, որից հետո այլեւս որեւէ բան փոխելու հույս չի լինի: Սակայն, երբ օրենքի այս պահի դրությամբ վերջնական տարբերակում, որը պիտի ներկայացվի երկրորդ ընթերցման, կարդացինք հոդված 8-ի նորահայտ 4-րդ կետը, այլեւս որեւէ բանի մասին խոսելն ավելորդ դարձավ: Այդ կետով պարզապես գրաքննություն է մտցվում Հայստանում, ինչը սահմանադրությամբ արգելված է: Պարզապես մեջբերենք այդ կետը, եւ դրանով ամեն ինչ ասված կլինի՝ որեւէ դրական փոփոխություններ թվարկելը պարզապես անիմաստ կդառնա. «Արգելվում է այնպիսի տեղեկատվության տարածումը, որը կվնասի ժողովրդավարական հասարակությունում պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, արդարադատության հեղինակությանն ու անաչառությանը»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ռ. Ա.