Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ՀՈԳՈՒ ԴԱՎԹԱ՞ՐԸ

Նոյեմբեր 01,2003 00:00

ԲԱ ՀՈԳՈՒ ԴԱՎԹԱ՞ՐԸ Ամեն տարվա սկզբին եւ վերջին հանրապետությունում մարզական աշխարհը որոշ չափով լարվում է։ Բավականին մեծ թվով ֆեդերացիաներ տարեսկզբին տրտնջում են, թե պետությունից՝ քիչ, կամ ընդհանրապես չեն ֆինանսավորվում, իսկ տարեվերջին, երբ ամփոփվում են արդյունքները, որոշվում են սահմանված կարգով դրամական խրախուսանքների բաշխումները, բողոքում են, թե իրենց հետ անարդար են վարվում, հաշվի չեն առնվում իրենց ավելի բարձր նվաճումներն ու գումարները տրվում են իրենց տեսակետով պակաս արժանավորներին։ Իրենց «բաժինն» են ստանում նաեւ մարզական լրագրողները, որոնք մրցաշրջանի արդյունքներով որոշում են Հայաստանի՝ տարվա 10 լավագույն մարզիկներին։ Ով ասես մոտենում է, մեզ մեղադրում անսկզբունքայնության, կողմնակալության ու էլի հազար ու մի մեղքերի մեջ։ Հիմա էլ, երբ մոտենում է 2003թ. լավագույն տասնյակին որոշելու ժամանակը, անհանգստությունը վերստին պատում է լրագրողներիս՝ գրոհների նոր տարափին դիմակայելու տհաճ հեռանկարից։ Եվ որպեսզի այդ ժամանակ որոշ չափով հանգիստ լինենք, ավելի լավ տարբերակ, քան հավանական հարցադրումների դեմը նախապես առնելը, չենք տեսնում։ Սկսենք մարզաձեւերի ֆինանսավորումից։ Հայտնի է, որ ամբողջ աշխարհում մարզաձեւերը բաժանված են երկու խմբի՝ օլիմպիական եւ ոչ օլիմպիական։ Երկրորդն իր հերթին կիսված է երկու մասի. ոչ օլիմպիական մարզաձեւեր (28 ամառային եւ 7 ձմեռային), որոնք ՄՕԿ-ը ճանաչում է, եւ մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը չի ճանաչում։ Ըստ այդմ էլ դեռեւս 2002 թվականի վերջին հանրապետության մարզական ղեկավարությունը ոչ օլիմպիական մարզաձեւերի, որոնց ՄՕԿ-ը չի ճանաչում, ֆեդերացիաներին պաշտոնապես հայտարարել է, որ սկսած 2003 թվականից, դրանք ոչ պետությունից, ոչ Ազգային օլիմպիական կոմիտեից չեն ֆինանսավորվելու, չի կատարվելու մեդալների հաշվարկ, հետեւաբար, տարեվերջյան պարգեւատրումներ էլ չեն լինելու։ Այսինքն, տվյալ խմբի մարզաձեւերի ներկայացուցիչներն առայժմ անգամ աշխարհի առաջնություն ստիպված են մեկնել սեփական միջոցներով կամ հովանավորների հաշվին։ Այլ հարց է. ճի՞շտ քաղաքականություն է սա, թե՞ ոչ։ Բայց դա քննարկման այլ թեմա է։ Այսքանից հետո ոմանք ժամանակ առ ժամանակ հրապարակային ելույթներ են ունենում, մարդկանց գցում թյուրիմացության մեջ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ունկնդիրն ու լսարանը այս ամենից տեղյակ չեն։ Անդրադառնանք լրագրողների խնդրին։ ՀՀ-ի մարզական լրագրողների ֆեդերացիայում ամբողջ տարվա ընթացքում գրանցվում են օլիմպիական եւ ոչ օլիմպիական (նախ եւ առաջ ՄՕԿ-ի ճանաչած) մարզաձեւերի ներկայացուցիչների անունները, ովքեր դարձել են այդ տարվա կարեւորագույն մրցաշարերի՝ տարբեր տարիքային խմբերի՝ աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցաշարերի հաղթողներ, մրցանակակիրներ, գրավել են բարձր տեղեր։ Ու այդ ցուցակը բաժանվում է ֆեդերացիայի անդամներին ու մյուս լրատվամիջոցների մարզական մեկնաբաններին։ Եվ յուրաքանչյուրը գրում է տասնյակի իր տարբերակը՝ առաջնորդվելով իր համոզմունքներով։ Բացառված չէ zոր որեւէ մեկը վերջնական որոշում կայացնելու համար խորհրդակցի գործընկերներից որեւէ մեկի հետ։ Բայց դա արվում է սեփական կամքով։ Դրանից հետո հաշվվում է յուրաքանչյուր մարզիկի ստացած ձայների թիվը եւ ըստ այդմ հրապարակվում տասնյակի վերջնական տարբերակը։ Որեւէ կեղծիք բացառվում է։ Յուրաքանչյուրը դրանում կարող է համոզվել ՀՄԼՖ-ում բոլոր տարբերակներին անձամբ ծանոթանալով, կամ մամուլում հրապարակվող ցուցակը կարդալով, որտեղ նշվում է լրատվամիջոցը, լրագրողի անունը, նրա ընտրած մարզիկների դասավորությունը եւ վերջինների ստացած միավորների քանակը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել