Նարե Հայկազյանը դեմ է կոլեկտիվիզմին Դերասանուհին հանդես է գալիս մոնոներկայացումներում Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Կամերային թատրոնում կայացավ Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոդրամայի պրեմիերան՝ Նարե Հայկազյանի մասնակցությամբ (ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան)։ Ըստ դերասանուհու, ստեղծագործության մեջ մեր ապրած մութ ու խավար տարիներն էին, երբ կյանքը կանգ չէր առել, բայց «սերը ուրիշ սիրո էր նմանվել»։ Դերասանուհին համակարծիք է իր հերոսուհու հետ, որը գտնում է՝ «կինը տղամարդուն կարող է հաղթել սիրելով, եթե անգամ պարտված է ի սկզբանե»։ Դերասանուհին, չի ընդունում, երբ մարդկանց վարժեցնում են որեւէ բանի։ Օրինակ, ըստ նրա, սովորաբար, բեմադրություններում բոլորը մեկ մարդ են դառնում, ինչն ինքը չի ընդունում։ Սիրում է իմպրովիզացիան եւ ոչ մի դոգմա։ Թեպետ երեւանյան թատրոններում լուրջ դերեր է խաղացել, սակայն նախընտրել է ինքն իրեն՝ իբրեւ սցենարիստ, ռեժիսոր եւ դերակատար։ Անկասկած, դժվար է մեկ ժամ միայնակ «պահել» հանդիսատեսին, անընդհատ խոսել ու շարժվել։ «Բայց եթե խաղի ընթացքում ներդաշնակ են խոսքն ու շարժումը, հանդիսատեսը մի քանի ժամ էլ կապրի քո հերոսով»,- համոզված է Նարեն։ Անցյալ տարի իր իմպրովիզացիոն դերարվեստը նա «փորձարկել» է Ամստերդամում։ Որպես բեմ ու դահլիճ ծառայել են տեղի թանգարանների սրահները։ Ըստ ցուցադրվող արվեստի գործերի էլ, դերասանուհին հենց տեղում մտածել է սյուժեն ու խաղացել։ Վստահեցնում է, որ դա հոլանդացիներին դուր է եկել։ Նարեն հետաքրքիր խորհուրդ է տեսնում կրակի մեջ, ասում է՝ կյանքն էլ կրակ է։ «Սիրում եմ բեմում ինքս ինձ ոչնչացնել»,- հայտարարում է Ն. Հայկազյանը եւ համարում, որ այդպես գտնում է ինքն իրեն։ Այդպես վերագտավ իրեն Երեւանում բացված մոնոներկայացումների միջազգային փառատոնում՝ արժանանալով ժյուրիի հատուկ մրցանակին։ Իսկ «Արմմոնո» փառատոնի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Մարկ Ռադինսկին դերասանուհուն հրավիրեց Մոսկվա։ Չնայած հաջողություններին, գործընկերներից շատերը Նարեին չեն ուզում ընկալել այնպես, ինչպես կա։ Ավելին, համարում են, որ նա իրենց երամից չէ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ