Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Նոյեմբեր 01,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 2. Դոնկիխոտություն Անհարմար ազգանունով ընկերս պնդում է, որ մենք ազգային գաղափարախոսություն ունենք։ Եվ դա ասում է այնպիսի վստահությամբ, որ հատուկ չէ անգամ հայ արիներին եւ Դաշնակցությանը։ Պետք չէ պատեպատ զարկվել, մենք այն գտել ենք՝ լոտոյի գաղափարախոսությունը։ Կարելի էր դրան թեթեւ վերաբերվել, եթե Հրաչ Բայադյանի նման լուրջ անձնավորությունը այն չհամարեր «Լոտո-ռազմավարություն»։ Եվ իրոք, փայլուն ձեւակերպած ռազմավարական այդ տեռորի դեմ ժողովուրդն ավելի անզոր է, քան իշխանությունների կամայականության։ Իսկ ի՞նչը կարող է մարդկանց ավելի ամուր կապերով կապել եւ կազմակերպել, քան անզորությունը մի բանի դեմ, որ նաեւ գայթակղիչ է։ Ուրեմն հույսը դեռ մեռած չէ, ինչպես այն ամենը, որին ունենալու ցանկությունը մեծանում է ըստ հնարավորությունների նվազման աստիճանի։ Ունենալ ցանկացած կուսակցության նախանձ շարժող քաղաքացիների այդպիսի հսկա մի բազմություն, որոնց համակել է անզորության միեւնույն զգացումը՝ շահելու հույսը, ու այլեւս ոչ մի գաղափարախոսություն պետք չէ։ Էդ ի՞նչ գաղափարախոսություն պետք է լինի, որ աներկբա, զուտ կամավորության սկզբունքով միավորի շատերին եւ բոլորն ունենան միեւնույն նպատակը։ Չլինի՞ լիբերալ կամ ազգային արժեքները, որոնցից առաջինի վրա հոգու խորքում թքած ունենք, երկրորդին, նույնքան խորապես՝ արհամարհած։ Երկար ժամանակ գլուխ էի ջարդում հասկանալու մաթեմատիկոս Նեյմանի անունով հայտնի տեսությունը, համաձայն որի՝ «անհուսալի տարրերից կարելի է չափազանց հուսալի համակարգ ստեղծել»։ Եվ ահա ապացույցը չափազանց հումանիտար ոլորտում՝ լոտոյի գաղափարախոսությունը։ Մանավանդ դրանով, կարծես թե, լուծվում է այնպիսի չարչարված մի խնդիր, ինչպիսին ազգային շահի եւ մարդու իրավունքների պահպանման անհամատեղելիության հարցն է. լոտոյի գաղափարախոսությունը ազգը համախմբում է միեւնույն շահի շուրջ՝ չոտնահարելով մարդու շահելու իրավունքները։ Հայտնի բան է, որ մեր մասին ունեցած սեփական պատկերացումները կարող են բնավ չհամընկնել մեր իսկական էության հետ, բայց որքան էլ զարմանալի է՝ կարող են փոխել այն։ Հետեւաբար, մեր մասին ունեցած լավ պատկերացումը կարող է մեզ զգալիորեն լավը դարձնել եւ համապատասխանաբար՝ հակառակը։ Ինքնահիպնոսի, այլ կերպ ասած՝ աուտոտրենինգի վարժանքն է, որ դաշնակին դաշնակ է դարձնում, Արթուր Բաղդասարյանին՝ ԱԺ նախագահ, իսկ Պարույր Հայրիկյանին՝ մարդու իրավունքների ու երկքաղաքացիության պաշտպան, չհաշված, իհարկե, քաղաքականությունից փող աշխատելու անսահման հնարավորությունը։ Ուստի ընդլայնելով լոտոյի գաղափարախոսության աշխարհագրությունը, հարավկովկասյան տարածաշրջանում, առանց Քոչարյանի թափած ջանքերի, մենք կարող ենք դառնալ ամենակազմակերպված պետությունը։ Քաղաքագետների մի ստվար հատվածի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը փոխել է իր նախնական բովանդակությունը. արդեն առաջին պլան են մղվում համագործակցության եւ փոխկապվածության խնդիրները, որոնք եւ պետք է դառնան տարածաշրջանային անվտանգության երաշխիքներ։ Հնարավո՞ր են անվտանգության ավելի հուսալի եւ անառարկելի երաշխիքներ, քան լոտոյի խաղարկությունն է, ընդ որում՝ ցանկացած ֆորմատով։ Քանի որ Բաքվում մի կերպ «Շահող լոտոյի» տոմս ձեռք բերած ադրբեջանցուն ավելի շուտ կհետաքրքրի վիճակախաղի խաղարկության օրը, քան Արցախը կորցնելու մոտալուտությունը։ Ուրեմն եւ՝ լոտոյի ռազմավարությամբ կարող ենք լուծել հակամարտության ամենաքրեստոմատիական թնջուկը, կարգավիճակի հարցը թողնելով որպես ընդամենը բանակցությունների միջոցով մանրամասնվող խնդիր։ Էլ չենք խոսում այն օգուտների մասին, եթե հայկական լոտոն հասնի ղրղըզական կամ թուրքմենական աուլ, ապա գազի թանկացման մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար՝ էներգիայի, կմնա միայն ջրի խնդիրը՝ էն էլ Անդրանիկ Մարգարյանի բարեհոգությանը ղուրբան։ Այդքանից հետո մենք կարող ենք թոթափել կասկածի վերջին նշույլը, ըստ որի, ազգերն առաջանում են հայրենասիրության շնորհիվ։ Այդպես կարծել, կնշանակի հազարերորդ անգամ անցնել ճշմարտության տրորված արահետով եւ ընկնել նույն ծայրահեղության մեջ, ինչ 19-րդ դարի ռոմանտիկները, որոնք գտնում էին, թե ազգերի ձեւավորման հիմքը ընդհանուր անցյալն է։ Հակառակ դեպքում, ի՞նչ անուն տաս ազգերի այն վիթխարի բանակին, որոնք ապրում են միայն ներկայով, նույնիսկ ժամանակի ավելի նվազագույն միավորով՝ ընտանեկան ակնթարթով։ Չգիտեմ, Դոն Կիխոտը մեր մշակութային գիտակցության մեջ դեր խաղացե՞լ է, թե՞ ոչ, բայց որ մեր հոգեբանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել, կարելի է չկասկածել։ Երբեմն ինձ թվում է, թե այնքան էլ լուրջ չենք վերաբերվում Աստվածաշնչի այն տեղեկությանը, որ Արարիչը մեզ ստեղծեց իր պատկերով։ Անլրջությունը մեզ ազատում է նաեւ այն պարտավորությունից, որ կարող է պարտադրել Աստծո պատկերի հետ մեր ունեցած նմանությունը։ Իսկ Տխուր պատկերի ասպե՞տը… Սեւակն է արձանագրում. Շեքսպիրն է կյանքը ձեռ առնում՝ Իր ողբերգական դրամաներով… Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ… արվեստ ենք խաղում Եվ… մի այնպիսի՜ համոզվածությամբ, Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ… ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել