Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակընդդեմ» ճառ

Նոյեմբեր 01,2003 00:00
«Հոկտեմբերի 27»-ի գործով երեկվա դատական նիստի ժամանակ ճառով հանդես եկավ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը։
Նա երեկ հասցրեց վերլուծել նախաքննության մարմնի բացթողումները եւ ճառը բնույթով ավելի շուտ «հակընդդեմ» էր՝ ուղղված մեղադրողներին։ Վերջիններս իրենց ճառում մեղադրել էին Օլեգ Յունոշեւին եւ, մասնավորապես, ակնարկել, թե նա դաշինքի մեջ է մտել ամբաստանյալի հետ։ Եվ բնական էր, որ Յունոշեւը իր ճառի մեջ անդրադառնար մեղադրողների ճառերի շատ ու շատ հակասություններին։ Նա ասաց, որ բավարար չեն ուսումնասիրվել ապացույցները։ Ասաց, որ որպես իրեղեն ապացույց տեսաերիզը ճանաչվել է 2000թ. հուլիսի 9-ին։ Նշեց, որ տեսաերիզի հետ եղել են մի շարք «ձեռնածություններ» եւ որ Հանրային հեռուստատեսության տնօրեն, այս գործով վկա Տիգրան Նաղդալյանը նախաքննության ժամանակ ասել էր, որ որոշ կադրեր հանվել էին (սահմռկեցուցիչ կադրերը եւ հայհոյանքները), ինչի թույլտվությունը, ըստ փաստաբանի, չուներ։ «Ժապավենը պահվել է իրեղեն ապացույցների պահպանման կարգի խախտմամբ»,- ասաց նա։ Յունոշեւը ակնարկեց նաեւ մի նոթատետրի մասին, որը սկզբում գտնվել է հանցագործության վայրում, ապա հայտնվել Ազգային անվտանգության նախարարությունում եւ ի վերջո հանգրվանել քրգործից անջատված մասում։ Նա անօրինական համարեց այն, որ ապացույցներն ուղարկվել են քրեական գործից անջատված մաս եւ ուշադրություն հրավիրեց դռնփակ նիստի այն փաստաթղթերի վրա, որը վերաբերում էր ԱԱՆ աշխատակիցների հարցաքննությանը։
Փաստաբանը տարօրինակ համարեց նաեւ այն, որ քրգործից անջատված մասով ամբաստանյալն անցնում է իբրեւ վկա եւ ասաց, որ չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է ամբաստանյալը ճանաչվել որպես վկա։ Անդրադառնալով «օժանդակ խմբերի» աջակցությանը (մեղադրական եզրակացության մեջ այդպիսի ձեւակերպում կա), Յունոշեւը հարցրեց. ճառի մեջ ինչո՞ւ չեն պատասխանել մեղադրողները՝ թե ումից էին օգնություն սպասում ահաբեկիչները։ Կապված գաղտնալսումների տեքստի հետ, ասաց, որ այնտեղ խոսք կա մեկ տարբերակի մասին, «Ռոբերտի վերաբերյալ»։ Հետեւաբար փաստաբանը հարցնում էր, թե ինչու է դա հիշատակում մեղադրական ճառում կամ ով է Ռոբերտը, ինչու չի բացահայտված։ «Անհասկանալի է այդ դրվագի հիշատակումը»,- գտնում էր փաստաբանը։ Անսպասելի էր Արմենակ Արմենակյանի կնոջ այցը դատարան, մանավանդ որ նա երկու անգամ հասցրել էր ճառով հանդես գալ։ Այս անգամ տիկին Արմենակյանն ասաց, որ արգելում է Արմենակյանի սպանության մասին որեւէ մեկին խոսել եւ տուժողի շահերի պաշտպանների գործողությունները որակեց «իրականության հետ կապ չունեցող ենթադրություններ»։
Յունոշեւը չավարտեց իր ճառը, այն կշարունակվի երկուշաբթի։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930