Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿՆ ՈՒ ԱՎՏՈՄԱՏԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր 01,2003 00:00

Վերջին ամիսներին շատացել են «նախկինում դատվածների» հանցագործությունները

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ կապված քրեական նոր օրենսգրքի ընդունման հետ, օգոստոսի 1-ից քրեակատարողական հիմնարկներից եւ ազատազրկման վայրերից ազատվել են 954 դատապարտյալներ։ Կրճատվել են ժամկետները 1132-ի նկատմամբ։ 1802-ի որոշումները թողնվել են անփոփոխ։ Ինչպես եւ կանխատեսում էինք, դրա հետեւանքով մեծացան հատկապես ավազակային հարձակումների, դանակահարությունների, գողությունների, խուլիգանության դեպքերը։

Մինչեւ օգոստոսի 1-ը, հետընտրական շրջանում աճել էր հրազենային սպանությունների թիվը եւ դա պատահական չէր. որովհետեւ բուն ընտրական գործընթացներին ներգրավված հանցաշխարհը թե՛ փող ուներ, թե՛ զինված էր մինչեւ ատամները, իսկ կատարված հանցագործությունները «նախազգուշական» էին իրենց բնույթով։ Օգոստոսի կեսերից խիստ «մոդայիկ» դարձան բջջային հեռախոսների գողությունները։ Նախկին դատապարտյալը երկու հարց էր լուծում այդ մի գողությամբ. նախ հեռախոսի, ապա ներսում գտնվող իզի-քարտի, որն առանձին կարող էր վաճառել մինչեւ $200 գումարով։ Սեպտեմբեր ամսվա ամենամոդայիկ զբաղմունքը չհրկիզվող պահարանների «միամսյակն» էր, որը սկսվեց Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբի չհրկիզվող պահարանից եւ ավարտվեց Կրթության եւ գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնում գողացած պահարանից ($1000 եւ 250 հազար դրամ)։ Սկսվեցին նաեւ «դիմակահանդեսները». դիմակավորված մուտք էին գործում «Սամսոն» համակարգչային սրահ, պահակի վրա բռնություն գործադրելով հափշտակել էին 9 համակարգիչ, դիմակավորված մտել էին թիվ 164 դպրոց, այնտեղից գողացել «Պենտիում 3» տիպի 4 համակարգիչ, դիմակավորված մուտք էին գործել Ստեփանավանի Սայաթ-Նովայի փողոց, պահանջել $1000 գումար։ «Նախկինում դատվածները» (որոշ ամփոփագրեր սկսվում են հենց այդ բառակապակցությամբ) սկսեցին «շրջել» բենզալցակայաններում («Միկա» եւ «Ֆլեշ») եւ այդ շրջայցերի ժամանակ նրանց դիմակներին ավելացել էր եւս մի «գործիք»՝ զենքը։ «Ֆլեշի» 500 հազար դրամի գողությունը, բարեբախտաբար, բացահայտվեց։ Սեպտեմբերից-հոկտեմբերը ծանր էր նաեւ կին հանցագործների համար։

Մասնավորապես, աշնանային կավատների, որոնց բերման ենթարկեցին ինչպես իրենց բնակարաններից, այնպես էլ Էմիրաթներից, Թուրքիայից։ Սակայն ո՞վ պիտի վերահսկեր իրավիճակը։ Պատկերացնել մի քիչ դժվար էր, քանի որ տարբեր տրամաչափի իրավապահները նույնպես անմասն չէին հանցագործություններից։ Հոկտեմբեր ամսվա «ամենաինքնատիպ» եւ սկանդալային հանցագործությունը գլխավոր դատախազության առաքիչ Վահրամ Զաքարյանի կատարածն էր՝ իրեղեն ապացույցը (31 հազար դոլար) «Ոսկե անձրեւ» կազինոյում մսխելու փորձը։ Հոկտեմբերն ավարտվում է եւ, մեր տեղեկությամբ, դարձյալ «դանակի սպառնալիքով» կատարված մի հանցագործությամբ։ Ա. Ադամյանը Տիգրան Մեծի պողոտայում կայանված տաքսու վարորդից՝ Ս. Փ.-ից խլել էր ռադիոկապի սարքը եւ ալեհավաքը, ապա ոգեւորված մի քանի օր հետո Մաշտոց-Թումանյան խաչմերուկում կայանված տաքսու մեկ այլ վարորդից՝ Վ. Պ.-ից էր դանակի սպառնալիքով ռադիոսարքավորումներ հափշտակել, այնուհետեւ մեկ այլ տաքսու վարորդից՝ Հ.Հ.-ից, Աբովյան-Թումանյան խաչմերուկում դանակի սպառնալիքով հափշտակել էր դրամ, ձայնագրիչ, ոսկե շղթան եւ բաճկոնը։ Ա. Ադամյանը նախկինում 2 անգամ դատված է եղել։ Հարցերն այս դեպքում ավելորդ են։ Իսկ փոխարենն «Առավոտից» պաշտպանություն է խնդրում «Գյումրի» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Խաչատրյանը ու չգիտես՝ ճի՞շտ է նա, թե՞ սխալ։

«Առավոտյան ժամը 8-ին տնից տարան ոստիկանություն։ Գիշերվա ժամը 3-ին տարան Ախուրյանի ԿՊԶ, այնտեղ ինձ չընդունեցին՝ թղթեր չլինելու պատճառով։ Հարցրի՝ ինչի եք բերել, հայհոյեցին, ասացին՝ հիմա կտանենք առերեսման՝ ոմն Արայիկի հետ։ Ազգանունը չգիտեմ, քանի որ չներկայացավ։ Ներկա էր կրիմինալի պետ Գրիշա Եպիսկոպոսյանը, որը ահաբեկում էր երիտասարդին, որ ասի, թե իմ հետ գողություն է կատարել։ Արայիկ կոչեցյալը ասաց, իբր մենք իրար հետ ենք եղել։ Գիտեմ, որ այս ամենը ինչի համար են սարքում. 1998-ին 2 գողություն կատարելու համար ծեծելով հասցրին մահվան դուռը, 40 չբացահայտված գործ սարքեցին վրաս։ Ես ժամանակին դիմել էի խմբագրությանը՝ ջարդվածքներով նկարով։ Խնդրում եմ մի լրագրող, լսելու ինձ, ուրիշ ոչ մի հույս չունեմ։ Գիտեմ, որ նորից կդատեն, այս անգամ՝ լրիվ անմեղ»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930