Լրահոս
Օրվա լրահոսը

Օջախը համաճարակ չի դառնա

Նոյեմբեր 01,2003 00:00

Օջախը համաճարակ չի դառնա Խմելու ջրի աղտոտման պատճառով դիզենտերիայի դեպքերը առողջապահական համակարգի պատասխանատուները համաճարակ չեն անվանում: «Սա լոկալ բռնկում է՝ խիտ բնակեցված տարածքում», – իրավիճակը բնութագրեց ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը: Վերջինիս հավաստմամբ, իրենց բրիգադները համայցեր են կատարում բնակարաններ եւ դպրոցներ, ստուգվում են հիվանդների հետ շփված հարազատները: Երեկ առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ, 63 հիվանդ հոսպիտալացվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 521 կոնտակտավոր ենթարկվել է լաբորատոր հետազոտության: Երկու օր առաջ լաբորատորիաների մոտ նույնիսկ անալիզներ հանձնել ցանկացողների հերթեր են գոյացել: Մեր տեղեկություններով, եթե նրանց մոտ ախտանշաններ չկան, լաբորատորիաներում խորհուրդ չեն տալիս հետազոտվել: Պրն Դավիդյանցը հայտնեց, որ բոլոր հոսպիտալացվածները միջին եւ թեթեւ ծանրության են, իսկ վերակենդանացման բաժանմունքում ոչ մեկին տեղավորելու անհրաժեշտություն չի եղել: Միայն մեր հիշեցումից հետո պրն Դավիդյանցն ասաց, որ, այո, մի երեխայի վերակենդանացման բաժանմունք են տարել, սակայն մի քանի ժամից նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Բռնկման օջախից համաճարակի վերածվելու հավանականության մասին մեր հարցին ի պատասխան՝ Վ. Դավիդյանցն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են՝ նվազեցնելու այդ հավանականությունը: Ջրմուղի հետ համատեղ կազմված բրիգադներն ամեն երեկո զեկուցում են իրավիճակի մասին: Մեր դիտարկմանը, թե նոր հիվանդներ պետք է որ այլեւս ի հայտ չգան նման պայմաններում, Դավիդյանցն ասաց, որ «դեռ դժվար է ասել», սակայն իրենք օրվա մեջ սպասում են, որ դեպքերը չեն ավելանա: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասաց, որ ջրի միջոցով առաջ եկած բացիլը դիզենտերիայի թեթեւ տեսակն է եւ որ սա նման առաջին դեպքը չէ հանրապետությունում: Այս պաշտոնյաները որպես իրենց առաջնային խնդիր համարում են հիվանդության կանխարգելումը եւ բռնկման օջախի վերացումը: Մեր դիտարկմամբ, ավելի արդյունավետ կարող է լինել, եթե մեկ ամսում համաճարակի առաջացման վտանգի արդեն երկրորդ դեպքը հաշվի առնելով՝ առողջապահության նախարարությունը մշակի եւ կառավարություն ուղարկի ինչ-որ համալիր ծրագիր, որը նման իրավիճակների կանխումը կապահովի միջգերատեսչական մակարդակով: Հակառակ դեպքում, նախարարությունը ամեն անգամ կհայտնվի ուրիշի սխալների համար պատասխանողի եւ դրանք վերացնողի դերում: Այս վթարի հետեւանքների վերացման համար ծախսված ֆինանսական միջոցների պատկերը պարզ կլինի, երբ ամեն ինչ ավարտվի, եւ բուժհիմնարկները, հիմնականում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Առողջապահական գործակալություն ներկայացնեն իրենց կատարողականները: Իսկ ոլորտի պատասխանատուները շարունակում են կոչ անել, որ Կենտրոնի եւ Արաբկիրի բնակիչները զերծ մնան հում ջուր օգտագործելուց եւ սպասեն իրենց հայտարարությանը. թեեւ վթարը վերացված է, սակայն ջուրը մի քանի անգամ քիմիական եւ մանրէաբանական հետազոտության ենթարկելուց հետո միայն կարելի է ասել, որ ենթակա է օգտագործման առանց եռացնելու: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել