Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՆԵՐԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»

Նոյեմբեր 01,2003 00:00

ՀՆՉԱԿՆԵՐԻ «ՄԻՆԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ» «Ղարաբաղյան գործընթացները շուտով կակտիվանան եւ մեզ կպարտադրվեն ոչ հայանպաստ որոշումներ»,- երեկ կայացած ՍԴՀԿ 6-րդ արտահերթ համագումարում հայտարարեց Ջորջ Հակոբյանը։ Դրանով է հնչակների այս առաջնորդը բացատրում Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունների ներումը եւ դրանց արդյունքների հանդուրժումը թե՛ Եվրոպայի, թե՛ Արեւմուտքի կողմից։ «Հայաստանում եւ Ադրբեջանում ոչ լեգիտիմ իշխանությունների գոյությունը ձեռնտու է գերտերություններին,- գտնում է Ջորջ Հակոբյանը,- որովհետեւ այս տարածաշրջանում նրանք իրենց շահերն են հետապնդում»։ Ուստի, «իրենց կամքը» չկատարելու դեպքում, Ջ. Հակոբյանի համոզմամբ, սույն երկրների իշխանությունները խնդիրներ կունենան, հետեւաբար, պետք է կամակատար դառնան։ Իսկ Հայաստանը, քանի որ նավթ չունի՝ կրկնակամակատարի դերում կհայտնվի։ Այս տխուր կանխատեսումները Ջ. Հակոբյանը համեմեց արտագաղթով, աղքատությամբ, անգամ սրճարաններ դարձած կանաչ տարածքներով։ ՍԴՀԿ նպատակն է՝ ժողովրդավարական եւ զարգացող Հայաստանը։ Իսկ դրա համար հնչակներն էլ են անցել ժողովրդի կողմը. «Արդարություն» դաշինքին անդամակցելով, մենք ոչ թե Դեմիրճյանին էինք պաշտպանում, այլ տեսանք, որ ժողովուրդը նրան է ուզում տեսնել նախագահ, մենք էլ ժողովրդի կողմն էինք»։ Իսկ ընդհանրապես, «մինի համագումարի» (20 պատվիրականոց) հիմնական նպատակը կուսակցության վերագրանցման եւ կուսակցությունների մասին նոր օրենքին հարմարվելն էր, ինչը բարեհաջող իրականացվեց։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել