Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունը դատապարտված է լուծման

Նոյեմբեր 01,2003 00:00

ԼՂ հակամարտությունը դատապարտված է լուծման Վստահ է քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների փուլը հետաձգվում է, որովհետեւ բավականին ինտենսիվ ճշգրտումներ են ընթանում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում եւ հասկանալի է, ըստ էության, որ հարցի կարգավորումը, համենայն դեպս մեր տարածաշրջանում, չի կարող լինել առանց այս երկու գերտերությունների համաձայնության: Կարծում եմ, շատ շուտով ճշգրտումները կհստակեցվեն եւ շատ շուտով որոշակի տեղաշարժեր այս իմաստով կլինեն»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի պարբերական դարձած ձգձգման պատճառներին՝ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Այդուհանդերձ, վերջինիս դիտարկմամբ, խնդրի լուծման իմաստով տեղաշարժերն արդեն նշմարվում են մասնավորապես Անատոլի Չուբայսի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում: «Ռուսաստանի գործողություններում նկատվում է Հայաստանում եւ՝ ընդհանրապես, Հարավային Կովկասում ռազմական գերակայությունը տնտեսականով փոխարինելու միտումը»: Իհարկե, հակամարտության լուծումն արագացնելու գործոն է նաեւ Հայաստանից 300կմ այն կողմ՝ Իրաքում գտնվող 200 հազարանոց ամերիկյան զորախմբի առկայությունը»,- նկատեց քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, թե զորախումբը վաղ թե ուշ տարածաշրջանի մի այլ կետ է տեղափոխվելու: Ըստ Ա.Ենոքայնի, ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, պատրաստվում է տարածաշրջանում ավելի ընդգրկուն գործունեություն ծավալել եւ չի սահմափակվելու միայն Իրաքով՝ նպատակ ունենալով, այսպես կոչված, «Մերձավոր Արեւելք կերտելու» իր ծրագիրն իրականացնել, որի համատեքստում կա նաեւ Հայաստանի եւ ԼՂ խնդիրը: Սակայն ԱՄՆ-ի համար հետաքրքրության հաջորդ օբյեկտը ոչ թե այս հակամարտության լուծումը կլինի, այլ՝ Իրանը: «Չեմ բացառում, որ զորախմբի որոշակի հատված ներգրավվի նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,- ճշգրտեց Ա.Ենոքյանը՝ վկայակոչելով շրջանառվող այն տեղեկությունները, թե Ղուբաթլի-Զանգելանում որոշակի զորախումբ է տեղակայվելու: Այսինքն, ԱՄՆ-ը Իրանի հետ հարաբերություններ պարզելուն զուգահեռ «ձեռքի հետ» կարող է նաեւ ԼՂ կարգավորմանը ձեռնամուխ լինել՝ ապահովելով հաղորդակցական կապերի անվտանգության խնդիրը: «Գոնե ամերիկյան մոտեցմամբ, ամեն ինչ հանգել է նրան, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցական ուղիները պետք է վերաշահագործվեն եւ այս իմաստով, ինքնաբերաբար նաեւ Մեղրիի հարցը չի կարող շրջանառության մեջ չլինել»,- ասաց նա՝ հավելելով, որ Մեղրիում երկաթգծերի ապամոնտաժման եւ դրանք վաճառելու մասին հրապարակված տեղեկություններն էլ խոսում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների որոշակի շերտ արդեն ձեռք է քաշել Մեղրիից: Քաղաքագետը բանակցությունների հետաձգման հնարավոր պատճառներից մեկն էլ համարեց Ֆրանսիայի կտրուկ հակաամերիկյան դիրքորոշումը, որի պատճառով նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում որոշակի ճշգրտումների խնդիր կարող է առաջանալ: Ա.Ենոքյանը չբացառեց, որ Ֆրանսիայի հավակնությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաեւ այս խնդրի կարգավորման տարբերակների վրա, որովհետեւ դրանք ենթադրում են նաեւ տարածաշրջանում ուժի բալանսավորում՝ ՌԴ-Ֆրանսիա-ԱՄՆ միջեւ: Անդրադառնալով մեր այն հարցադրմանը, թե հայկական կողմին կհաջողվի՞ արդյոք խնդրի կարգավորումը առժամանակ եւս հետաձգել, նկատի ունենալով, որ եւ ՀՀ իշխանությունները, եւ պաշտոնական Ստեփանակերտը հիմա փորձում են ԼՂՀ-ն կրկին ներգրավել որպես բանակցող կողմ: «Մի կողմից ՀՀ իշխանությունները հասկացել են, որ անհեթեթություն էր ԼՂ-ն դուրս մղել բանակցային պրոցեսից, մյուս կողմից՝ իհարկե, դրանով փորձում են հարցի լուծումը հետաձգել, որովհետեւ դրանով է պայմանավորված Ռ.Քոչարյանի իշխանության ղեկին մնալը: Սակայն, չեմ կարծում, թե այս անգամ նրանց հաջովի խնդրի կարգավորումը ձգձգել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել