ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ «Ազգային միաբանության» 4-րդ համագումարի առջեւ Արտաշես Գեղամյանը հանդես եկավ շուրջ 1 ժամանոց մի ելույթով, որը համառոտ կարելի է ամփոփել այսպես՝ հավատացել ենք մեր դաշնակիցներին ու խաբվել, սակայն պետք է համագործակցենք նրանց հետ՝ հանուն իշխանափոխության; «Ազգային միաբանության» առաջնորդը խոստովանեց, թե թույլ են տվել սխալներ. «Դրանք, անշուշտ, ազնվության, դաշնակցին հավատալու սխալներ էին»: Դաշնակիցների մասին Արտաշես Գեղամյանը բացահայտեց մանրամասներ, որոնց մասին լռել էր մինչ այժմ: Հիշեցրեց, որ նախ ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» հետ էին համագործակցում եւ բոլոր հարցերի շուրջ կար «լիարժեք փոխըմբռնում»: Սակայն այդ կուսակցություններ «զանազան բանագնացներ եկան ու գնացին՝ մեկ խնդիր հետապնդելով, թե դուք մենակ ավելի մեծ հաջողությունների կհասնեք եւ առավել ընդունելի կլինեք ժողովրդի կողմից»: Դրանից հետո եռյակին միացան եւս 13 կուսակցություններ: «Ազգային միաբանությունը» թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա գտնում է, որ ազգին այս կամ այն անհատի շուրջը չէ, որ պետք է միավորել, այլ բոլորիս համար հասկանալի եւ հոգեհարազատ ազգանպաստ ծրագրերի շուրջ»,- ասաց պրն Գեղամյանը՝ հիշեցնելով, որ իրենք հակաճգնաժամային ծրագիր էին առաջարկել՝ «անգամ աղերսելով դաշնակից կուսակցություններին», որ ներկայացնեն իրենց դիտողությունները կամ այլընտրանքային ծրագրերը: «Ավա՜ղ՝ ինչպես ասում են՝ թշնամին քնած չէր»,- արձանագրեց ԱՄ առաջնորդը: Եվս մի հիշեցում՝ 16-ից 9-ը կուսակցությունները 2003-ի հունվարի 15-ին որոշել էին Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում ստեղծել, որը որպես նախագահի միասնական թեկնածու տեսնում էր Արտաշես Գեղամյանին: Սակայն այդ միավորմանը մաս կազմող կուսակցություններից երկուսի առաջնորդները, որոնք նույնպես նախագահի թեկնածուներ էին (խոսքը Վլադիմիր Դարբինյանի եւ Գառնիկ Մարգարյանի մասին էր)՝ «Թվում էր, թե անվերապահորեն տեր կկանգնեն իրենց իսկ ընդունած որոշմանը: Բայց եւ ո՛չ մի հեռուստաելույթում մեկ անգամ չհնչեցրին Արտաշես Գեղամյանի անունը, կոչ չարեցին իրենց շարքերին, թե սատարում ենք Գեղամյանին: Ավելի՛ն՝ մինչեւ ընտրությունների օրը կոմկուսի կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանն ասում էր, թե տեղյակ չէ նման որոշման մասին: Բուն ընտրությունների օրն ականատես եղանք, որ կոմկուսի կենտկոմից զանգ էին տալիս տարածքային կազմակերպություններ եւ հորդորում, որ ձայները տան ուրիշին»: Թերեւս խոսքը Ստեփան Դեմիրճյանի մասին էր: Մի ակնարկ էլ եղավ ՍԴՀԿ հասցեին. «Նախավերջին օրը հեռուստաեթերով ձայնը տրվում է մարդու, որը դարձյալ ստորագրել էր այդ որոշման ներքո եւ նա նույնպես կոչ արեց ձայնը տալ մեկ այլ թեկնածուի: Սրանք պատահականություննե՞ր էին: Իհարկե, ո՛չ: Պարզապես իրենք ճշգրիտ գիտեին, որ Գեղամյան Արտաշեսը խամաճիկ չի՛ եղել, չի՛ էլ կարող դառնալ»: Ի տարբերություն ո՞ւմ՝ հարցի պատասխանը դարձյալ ակնհայտ է: Հավելենք սրան ԱՄ առաջնորդի այն ակնարկները, թե իշխանությունները չէին ցանկանում, որ ինքն անցնի 2-րդ փուլ, քանի որ «Գեղամյանի վրա կարող է ազդել միայն իր կուսակցությունը եւ ժողովուրդը»: «16 ներթափանցած որոշակի ուժեր կարողացան, ցավոք, իրենց ուխտադրուժ գործողություններով պայքարը մասնատել երկու մասի: Իսկ ամենազարհուրելին այն է, որ ընտրությունների նախորդ օրը գրեթե բոլոր շրջաններ զանգեր եղան եւ հայտարարվում էր, թե Գեղամյան Արտաշեսն իր թեկնածությունը հանել է եւ, որ չկորչեն ձեր ձայները՝ անպայման տվեք ընդդիմադիր այլ թեկնածուի օգտին,- այս համատեքստում անդրադարձավ այն թռուցիկին, որը բոլոր լրատվամիջոցներից ժամանակին հայտնի էր դարձել միայն եւ միայն «Օրակարգին»:- 150 հազար թռուցիկներ տարածվեցին հանրապետությունով մեկ, որտեղ ուղղակիորեն ասվում էր, թե Գեղամյանը հանել է թեկնածությունը: Դափոններո՛վ էին բերում մեր շտաբ: Սկզբում միամիտներս կարծեցինք, թե իշխանությունների դավադրությունն է: Ավա՜ղ: Համոզվեցինք, որ ո՛չ»: Ընդդիմության հանրահավաքներին չմասնակցելու որոշումն այս անգամ այսպես պատճառաբանեց. «Կային ուժեր, որոնց պետք էր, որ Հայաստանում ամեն գնով արյուն թափվի, որը հետագայում անպայմանորեն կվերագրվեր ընդդիմադիր ուժերին ընդհանրապես: (…) Անցել է ժամանակ՝ ասեմ, կրկեսի մոտ տեղակայված էր Ղարաբաղից բերված հատուկ գունդ: Ահա՜ թե ինչ ողբերգություն էին նախապատրաստել իշխանությունները, որը մենք կանխեցինք»: Քիչ անց նաեւ նշեց, թե հանրահավաքներն անպտուղ են, «որից հետո, երբ հրապարակ չեն բերում գործողության ծրագիր՝ ժողովուրդը խորը հիասթափություն եւ հուսալքություն է ապրում»: Հանգամանալից անդրադարձավ նաեւ ԱԺ ընտրություններին, նշելով, թե այնտեղ էլ գործի դրվեց ընտրակեղծիքների «այն մեքենան, որի մաեստրոն է Սերժ Սարգսյանը»: Եվ հիշեցրեց, որ իրեն դավաճան էին ներկայացնում՝ ինչ է թե ԵԱՀԿ ամբիոնից հայտարարել էր, որ ՀՀ-ում «իշխանությունը զավթված է Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի» կողմից. «Զուգահեռ էլ, խելքներին ձյուն գա, ասում էին՝ չէ, «Ազգային միաբանությունը» կեղծ ընդդիմություն է: Տնաշեննե՛ր, սաղ աշխարհի առաջ ասեցի՝ գող ավազակ են՝ էլի՞ կեղծ ընդդիմություն ենք»: Ի դեպ, «գող-ավազակների» մասին: Արտաշես Գեղամյանն ազդարարեց, թե «առանց անհարմար զգալու» խոսում են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարելու մասին. «Գլխավոր կաշառակերի քավորը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Քավորներին անաֆեմայի ենթարկեք՝ կվերանա կաշառքը»: Իշխանությանը քննադատեց նաեւ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նշելով. «Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնազրկեցին նահանջողական քաղաքականություն վարելու համար, մինչդեռ այն ժամանակվա բանակցային մեկնարկային իրավիճակը եթե համեմատում ենք ներկայիս իրավիճակի հետ՝ զգալի նահանջ է ապրել: Եվ դա ձեզ ասում է մի մարդ, որն անողոք կերպով քննադատել է նախորդ իշխանություններին»: Ազդարարեց, որ զգալով այս բոլոր վտանգները՝ «պետք է քո մեջ ուժ գտնես եւ միաբանվես»: Ուստի Արտաշես Գեղամյանը համագումարի ամբիոնից հայտարարեց. «Ցանկացա՛ծ քաղաքական ուժի հետ՝ անկախ նրանից, թե որն ինչ դրսեւորում ու վարքագիծ է ունեցել մեր հանդեպ՝ պատրաստ ենք համագործակցել հանուն ամենամեծ գաղափարի, որ այսօր ծառացել է մեր ժողովրդի առջեւ՝ իշխանափոխության: Սա՛ է մեր պատասխանն ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցություններին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ