«Մնջախաղի հարցը կախված է օդից» Կարծում է թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոս Ստեփան Շահինյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսումնական տարին սկսվել է սովորականի պես։ Բոլոր լսարանները լիքն էին ուսանողներով, դատարկ էր միայն Մունջ դրամայի լսարանը։ Ոչ թե ուսանողներն էին դասից փախել, այլ պարզապես այս տարի այդ բաժնում ընդունելություն չի եղել։ Ինստիտուտի ղեկավարությունը ավելորդ է համարում մնջախաղի կուրսը, գտնելով, որ ուսուցումն այնտեղ ինքնագործ մակարդակի է։ Ուսանողներն այժմ մնջախաղն իբրեւ երկրորդական առարկա են ուսումնասիրում։ Մինչդեռ, թատերական ինստիտուտում դասավանդողների մի ստվար խումբ այլ կարծիք ունի։ Ինստիտուտի պրոռեկտոր Հրաչյա Գասպարյանը գտնում է, որ առանց լուրջ բազա ունենալու չպետք է մնջախաղի կուրս բացվի եւ բոլորը չեն կարող համարվել մունջ թատրոնի դերասաններ։ Ըստ նրա, նույնիսկ կարգին մասնագետներ չկան Հայաստանում եւ ժամանակն է «դասախոսներ ուղարկել ստաժավորման Մոսկվա, որ գնան-տեսնեն, թե դա ինչպես է այնտեղ արվում»։ «Անհարմար է 21-րդ դարում անել խելքին փչածը»,- կարծում է Հ. Գասպարյանը։ Հարկ է նշել, սակայն, որ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մնջախաղային երկու սերունդ է տվել (մոտ 20 ուսանող), որոնցից շատերը արտերկրի բեմերում փայլում են։ Այդ ուսանողներից ոմանք 2001թ. հոկտեմբերին մասնակցեցին «Նազենիկ» փառատոնին եւ հանդես եկան Իրկուտսկի մնջախաղի պետական թատրոնի ներկայացրած բեմադրության մեջ, խաղացին Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»-ում, արժանանալով մասնագետների բարձր գնահատականին։ Բուհի պրոռեկտորից հետաքրքրվեցինք, թե երբ կվերաբացվի կուրսը եւ ինչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ պարոն Գասպարյանն ասաց. «Մնջախաղը բացառիկ երեւույթ է եւ ես լուրջ եմ վերաբերում նրան։ Դրա համար էլ ուզում եմ բոլորին, գոնե 3-ին՝ Ստեփան Շահինյան, Ժիրայր Դադասյան, Լեւոն Իվանյան, հավաքել, ասել՝ նստեք, մշակեք ամենահասարակ քայլերից մինչեւ ամենաբարդը ու նոր կուրս բացեք։ Մնջախաղն ունի 30 ձեւի քայլվածք։ Այդ 30 ձեւը պետք է մարդիկ սովորեն։ Եթե իրենք չգիտեն, ուրիշներին ո՞նց պետք է սովորեցնեն։ Նշանակում է, ճիշտ կլինի նախ մասնագետներ ունենալ, հետո՝ ուսանողներ»։ Մարսել Մարսոյի մնջախաղի դպրոցի սկզբունքներն ուսուցանող Ստեփան Շահինյանը, որ ստանձնել էր մնջախաղի երկու կուրսերի ղեկավարությունը, ի հակառակ թատերական ինստիտուտի պրոռեկտորի, ափսոսանքով նշեց. «Այդ կուրսերից մեկում հաստատ կարող էր ծնվել Ենգիբարովի նման մի հանճար։ Բայց հանճարները ստիպված են սպասել, որովհետեւ համապատասխան բաժինը վերաբացելու հարցը կախված է օդից»։ ՖԼՈՐԱ ՄԱՑՈՅԱՆ