Հաղթոն չհաղթեց Երեկ ավարտվեց Հայաստանի նկարիչների միության 16-րդ համագումարը: Կարեն Աղամյանը վերընտրվեց իր պաշտոնում։ «Առավոտը» չէր սխալվել, կանխատեսելով, որ վերջին պահին իրենց թեկնածությունը կարող են առաջադրել նկարիչներ Արկադի Բաղդասարյանը (Արկո), Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) եւ Հովհաննես Հարությունյանը։ Հոկտեմբերի 29-ին, նախորդ օրվա համեմատ, նկարիչներն ավելի լարված էին, ելույթներն՝ ավելի սուր, միմյանց նկատմամբ քննադատությունը՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ, նորից խոսում էին ամեն ինչից, բացի ամենակարեւորից՝ նախագահի թեկնածուներից։ Օրինակ, ժամերով որոշեցին՝ քվեարկել հանո՞ւն, թե՞ ընդդեմ փակ քվեարկության, ու այդպես էլ վերջնական եզրահանգման չեկան։ Վերջապես, ՆՄ նախագահ Կարեն Աղամյանի համբերությունը սպառվեց եւ նա իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց ՆՄ կանոնադրության այն կետին, որտեղ հստակ խոսվում է փակ քվեարկության մասին։ ՆՄ նախագահի թեկնածու, գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանն էլ դժգոհեց, որ երկու օրվա ընթացքում բուն արվեստի մասին ոչ մի խոսք չի լսել։ Արկոն իր ծրագիրը ներկայացնելով, կարեւորեց գործարարների հետ համագործակցությունը։ Նա նշեց, որ արդեն խոսել է որոշ բիզնեսմենների հետ, որոնք պատրաստ են հովանավորել, պայմանով, որ արվեստագետները նկարեն ու քանդակեն իրենց։ ՀՆՄ նախագահի մյուս թեկնածուն՝ Հովհաննես Հարությունյանն էլ նկատեց, որ բոլոր նախագահացուների ծրագրերը միմյանցից համարյա չեն տարբերվում, քանի որ դրանցում շատ են խոստումները։ Նա էլ իր ծրագրում խնդիր էր դնում արտասահմանում աճուրդներ կազմակերպելը, որոնցից կգոյանար Նկարիչների միության բյուջեն։ ՆՄ նախագահի թեկնածու Հաղթանակ Շահումյանն էլ նշեց, որ իր ծրագիրն ավելի շատ կախված է միության պոտենցիալից։ Կոնկրետ ինչից՝ այդպես էլ չմանրամասնեց։ Ընդամենն ասաց, որ համագումարում բոլորն ամեն ինչ ներկայացնում են վարդագույնով, թեեւ ինքն էլ մրցակիցներին այս առումով չէր զիջում։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը խորհուրդ տվեց քվեարկել Կարեն Աղամյանի օգտին, ասելով, որ նա «ոչ մեկի թայֆից չի»։ Ի պատասխան Իգիթյանի կոչի, Հաղթոն փաստեց, որ Կարեն Աղամյանը կուսակցական է, այն էլ՝ ռամկավար։ Կրքերը շարունակում էին բորբոքված մնալ, միմյանց էին հաջորդում նյարդային ելույթներ, հաճախ նկարիչները նույն բանն էին ասում, առանց միմյանց լսելու։ Հետաքրքիր էր, որ բյուլետենները պատրաստ չէին եւ նոր էին ուղարկվել տպագրության։ Կարեն Աղամյանը դա բացատրեց նրանով, որ մինչեւ վերջ որեւէ մեկը չգիտեր, թե նախագահի քանի թեկնածու է լինելու։ Լ. ՕՀԱՆՅԱՆ Հ. Գ. 85% ձայների առավելությամբ Հայաստանի Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը: