Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը կծախսվի նպատակային

Հոկտեմբեր 30,2003 00:00

Գումարը կծախսվի նպատակային Եվ հնի փոխարեն կկառուցվի նորը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ճակատագրի շուրջ մեր մտահոգություններին ի պատասխան, երեկ ԵՊՀ պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը մանրամասներ ներկայացրեց՝ նախապես հերքելով շրջանառվող այն լուրը, թե մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետը, որտեղ հիմա դասեր են ընթանում, պետք է վաճառվի ինչ-որ ընկերության, այն էլ՝ 1 մլն դրամով: Պրն Շահազիզյանը պարզաբանեց, որ խոսք կարող է լինել միայն ԵՊՀ-ի՝ Այգեձոր թաղամասում գտնվող մի մասնաշենքի մասին, որը վաղուց որպես ուսումնական մասնաշենք չի օգտագործվում, 1999-ից «կոնսերվացված է», եւ այնտեղ, բացի պահակից, ոչ ոք չկա: Մինչեւ 99-ը մասնաշենքում տեղակայված են եղել Տնտեսագիտության եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները, սակայն շենքի դիրքը հարմար չի եղել. ճանապարհից կտրված, իսկ ձմռանը՝ գրեթե անանցանելի: Պրն Շահազիզյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ իրականացնել վերոնշյալ «կոնսերվացված» մասնաշենքի վաճառքը եւ գումարն ուղղել նոր մասնաշենքի կառուցմանը, որն էլ պետք է կառուցվի ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքի բակում, եւ նախագիծն արդեն կա: «Ինչ վերաբերում է 1 միլիոն անհեթեթ թվին, նման թիվ չկա: Այստեղ մոտ 250 միլիոն դրամի խոսակցություններ են»,- ասաց Ս. Շահազիզյանը: Իսկ ով կլինի գնորդը, պրոռեկտորը չգիտի, որովհետեւ դրա հետ իրենք գործ չունեն, սեփականատերը պետությունն է, իսկ վաճառքը իրականացնում է պետական գույքի վարչությունը: Ի դեպ, Այգեձորի հիշյալ շենքն ի սկզբանե, դեռեւս խորհրդային տարիներին, նախատեսված էր Գեղարվեստաթատերական ինստիտուտի համար, սակայն հետո տրամադրվել է ԵՊՀ-ին: Հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Պետական գույքի կառավարման վարչությունից: Վերջինս խոստացավ այն ներկայացնել վաղը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել