ՆԱԽ ԱՊԱՀՈՎԵՔ ՀՌԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունն անցած եռօրյայում հետաձգվեց 14 օրով: Չկա չարիք՝ առանց բարիք: Հետաձգումը կատարվեց ԱԺ կանոնակարգի խախտմամբ, քանի որ նախագծի հեղինակներն օրենքը ներկայացնելու ժամանակ չէին առաջարկել քվեարկությունը հետաձգել 2 շաբաթով: Այսուհանդերձ՝ դադարը կարող է օգտակար լինել այս նախաձեռնությանն առնչվող վիճելի հարցադրումները եւս մեկ անգամ ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ օրինագծի ներկայացման ժամանակ բազմիցս ասվեց, թե նրա իրական հեղինակը Եվրախորհուրդն է եւ նախատեսվող բոլոր փոփոխություններն ու լրացումներն առաջարկել են ԵԽ փորձագետները: Սա կիսաճշմարտություն է, քանզի 2002-ի հուլիսին ԵԽ փորձաքննական վերլուծության առաջարկած ոչ բոլոր փոփոխություններն են տեղ գտել այս նախագծում՝ ԱԺ-ն ընտրովի վերաբերմունք է ցուցաբերել եզրակացության հանդեպ: Երեւանի մամուլի ակումբն առանձնացրել է անտեսված փոփոխություններից մի քանիսը, որոնք համարում է էական եւ առաջնահերթ: Եվ դրանցից ամենակարեւորը հետեւյալն է: ԵԽ փորձագետն ուշադրություն է դարձրել հատկապես Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգին եւ նշել, թե պետք է վարել դրանց անդամներին նշանակելու այնպիսի քաղաքականություն, որ այդ մարմիններն ազատ լինեն քաղաքական ազդեցություններից: Ընդսմին, նաեւ նշել է, որ Ազգային հանձնաժողովի անդամների համար այդ աշխատանքը պետք է լինի իրենց հիմնականը: Այս դիտողությունը օրինագծի հեղինակները հաշվի չեն առել եւ չեն ներառել նախագծում: ԵՄԱ-ն այս առնչությամբ նշում է, թե փորձագիտական եզրակացության հիմնական միտքը կարգավորող մարմինների անկախության հարցն է. «Մյուս բոլոր դրույթներն ածանցյալ են եւ միեւնույն է՝ չեն կարող արդյունավետ գործել, քանի դեռ կարգավորող մարմինների առավելագույն անկախությունն ապահովված չէ»: ԵՄԱ-ն օրենքի իր փոփոխություններն է առաջարկել, որտեղ նախատեսվում է հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմինների ձեւավորման հետեւյալ կարգը: Դրանց անդամներին պիտի շարունակի նշանակել ՀՀ նախագահը՝ մի քանիսին ԱԺ ընտրություններում 5%-ից ավելին հավաքած կուսակցությունների ներկայացրած թեկնածուներից, մյուսներին՝ տեղեկատվության բնագավառի հասարակական միավորումներից: Թեկնածուների ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը: ԵՄԱ-ն առանձնացնում է հաջորդ եռօրյայում քվեարկվելիք օրինագծի մի շարք անընդունելի դրույթներ: Ասենք, առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ. «Այն հաղորդումները, որոնք կարող են աղճատել անչափահասների ֆիզիկական, մտավոր ու բարոյական զարգացումը՝ չպետք է ծրագրվեն այն ժամերի համար, որոնց ընթացքում, հնարավոր է, որ նրանք կդիտեն այդ հաղորդումները»: Մինչդեռ նույն 24 հոդվածն արդեն իսկ էրոտիկ բնույթի հաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակման սահմանափակում ունի (ժամը 24:00 – 6:00): «Երկրորդ, ի՞նչ է նշանակում հաղորդումներ, «որոնք կարող են աղճատել անչափահասների ֆիզիկական, մտավոր ու բարոյական զարգացումը»: Սա այնքան լղոզված ձեւակերպում է, որ դրա տակ կարող է հասկացվել ցանկացած հաղորդում՝ քրեական քրոնիկոնից մինչեւ խորհրդարանի նիստերի ժամանակ պատգամավորների իրար հայհոյելը,- նշում է ԵՄԱ-ն:- Վերջապես, ի՞նչ է նշանակում «ժամերի համար, որոնց ընթացքում, հնարավոր է, որ նրանք կդիտեն այդ հաղորդումները»: Քանի դեռ հեռարձակում կա, անչափահասը պոտենցիալ հեռուստադիտող է: Այսինքն, երբեք չես կարող կանխագուշակել, թե նա երբ կնստի հեռուստացույցի առջեւ»: Անընդունելի է նաեւ այն դրույթը, որը կհանգեցնի նրան, որ ՀՌԱՀ-ը եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը չեն լուծարվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելուց հետո՝ ինչպես դա նախատեսվում է գործող օրենքով: «Ձեւավորման կարգն օրենքում փոխելուց հետո պետք է այդ մարմինները ձեւավորվեն նոր կարգով, այլապես փոփոխությունը քիչ ազդեցություն կունենա»,- նշում է ԵՄԱ-ն: ԱԺ-ում բազմիցս քննադատվեց առաջարկվող այս լրացումը. «Բոլոր հաճախականությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ»: Պատգամավորները նշում էին, թե այսպիսով փորձ է արվում սրբագրել այն ապօրինությունը, որը թույլ էր տվել ՀՌԱՀ-ը: Հավելենք ԵՄԱ դիտողությունը. «Նման դրույթ ընդունել այն պայմաններում, երբ հասարակության մեջ Ազգային հանձնաժողովի հեղինակությունը խիստ ցածր է՝ նշանակում է մեկ առիթ եւս ստեղծել, որ հայտարարվող մրցույթների շուրջ ձեւավորվի լարվածություն եւ անառողջ մթնոլորտ: Կարծում ենք, որ նման դրույթ կարելի է մտցնել միայն այն ժամանակ, երբ փոխվի ՀՌԱՀ ձեւավորման կարգը եւ այն դառնա որեւէ ազդեցությունից հնարավորինս անկախ մարմին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ